2015 թվականի մայիսի 7-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությունն ընդդեմ “Իրավունք մեդիա” ՍՊԸ-ի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանի և լրագրող Իլոնա Ազարյանի գործի վերաբերյալ իր կարծիքը:
ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
2014թ. «Իրավունք» թերթի թիվ 62 (2410) համարում (հունիսի 6-9) «Ապազգային» խորագրի ներքո հրապարակվել է «Երբ համասեռամոլների գրանտածիծ պաշտպանները պետական աջակցություն են ստանում» վերնագրով հոդված, որում լրագրողը ներկայացրել է իր հարցազրույցի բովանդակությունը ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության հարցերի երիտասարդական քաղաքականության վարչության պետի հետ։ Հարցազրույցի տեքստից առաջ լրագրողը զետեղել է նախաբան հետևյալ բովանդակությամբ.
«Պարզվում է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը շնորհակալագրերով տարվա լավագույն կազմակերպություններ է ճանաչում նաև այն կազմակերպություններին, ովքեր կոչ են անում «հարգել մարդու իրավունքները» և «վերջ տալ հոմոֆոբիային», այսինքն՝ պաշտպանում են համասեռամոլներին: Նման հայտարարությամբ մայիսի 17-ին հանդես էր եկել «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ն, որին անցած տարվա վերջում Սպորտի և երիտասարդության նախարարությունը Շիրակի մարզում ճանաչել է տարվա լավագույն կազմակերպություն: Թե որ արժանիքների համար է հակաբարոյական մարդկային թափոնին պաշտպանող և անցյալ տարի Գյումրիում Անկախության տոնը՝ սեպտեմբերի 21-ը պացիֆիստական-տոլեռաստական ակցիայով պղծած տվյալ կազմակերպությունը ճանաչվել տարվա լավագույն, փորձեցինք պարզել ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության հարցերի երիտասարդական քաղաքականության վարչության պետ…»։
Հոդվածը ուղեկցվել է լուսանկարով, որը տեղադրված է եղել հոդվածի կենտրոնական հատվածում, որտեղ մի խումբ երիտասարդների ձեռքին ԱՄՆ-ի դրոշն է և «No Hate Speech» մակագրությամբ պաստառ: Նկարի ներքևի հատվածում ներառվել է հետևյալ գրությունը.
«21 սեպտեմբեր 2013. «Նոր սերունդ» ՀԿ-ն Գյումրիում փաստացի պղծում է Անկախության տոնը՝ անցկացնելով պացիֆիստական միջոցառում: Ցուցարարների ձեռքում ամենից շատ կարելի է տեսնել «No hate speech» մակագրությամբ պաստառները: Այդ կարգախոսը համասեռամոլների շահերի լոբբիստների թիվ 1 կարգախոսն է։
2014թ. հուլիս ամսին «Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը դիմել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Իրավունք մեդիա ՍՊԸ-ի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանի և լրագրող Իլոնա Ազարյանի։ Կազմակերպությունը գտնում է, որ հոդվածով արատավորվել է կազմակերպության գործարար համբավը՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով, և խնդրել է դատարանից պարտավորեցնել լրատվամիջոցին «Իրավունք» թերթում «Հերքում» խորագրի ներքո ներողություն խնդրել կազմակերպությունից, հօգուտ հայցվորի բռնագանձել 3.000.000 /երեք միլիոն/ ՀՀ դրամ որպես արդարացի փոխհատուցում և հրապարակել դատական ակտը։ Դատաքննությունը ներկայումս ընթացքի մեջ է նշված դատարանում։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Թեև լրագրողական ազատությունը ներառում է հանրային հետաքրքրություն ներկայացնող դեպքերի վերաբերյալ սուր քննադատական, ցնցող, անհանգստություն պատճառող և նույնիսկ սադրող բնույթի խոսք տարածելու հնարավորություն, նման ազատությունը ազատ խոսքի խախտում չէ, եթե լրագրողը միաժամանակ գործում է բարեխղճորեն և տրամադրում է վստահելի ու ճշգրիտ տեղեկություն՝ լրագրողական վարքագծի նորմերի հիման վրա (Շաբանովն ու Տրենն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 5433/02, 14/12/2006, ՄԻԵԴ, § 40):
Տվյալ դեպքում լրագրողը կազմակերպությանը բնորոշել է «հակաբարոյական մարդկային թափոնին պաշտպանող» արտահայտությամբ։ Փաստերը ցույց են տալիս, որ նման բնորոշումը տրվել է բացառապես այն պատճառով, որ կազմակերպությունը իր գործունեությամբ կոչ է անում հարգել մարդու իրավունքները, չտրվել հոմոֆոբիային և վերջ տալ ատելության խոսքին՝ մի բան, որն արվում է ողջ քաղաքակիրթ մարդկության կողմից։ Նման պարագայում ցանկացած ողջամիտ ընթերցող կարող է հանգել հակառակ եզրահանգման. որ լրագրողը հերքում է մարդու իրավունքների պաշտպանությունը, մերժումը է խտրականության, ատելության խոսքի և մարդատյացության համընդհանուր արգելքը։ Որևէ այլ եզրահանգման հնարավոր չէ հանգել նշված տեքստը կարդալիս։ Լրատվության մատուցման նման եղանակը մտահոգիչ է, քանզի ստացվում է, որ լրագրողը, նույնիսկ եթե իրականում նման մտադրություն չունի, ակամայից դառնում է ատելության խոսք տարածող, քարոզում է անհանդուրժողականություն և ծայրահեղականություն։ Տեղեկատվություն տրամադրելու նման եղանակը անընդունելի է, անիրավաչափ և հեռու է լրագրողական բարեխղճությունից։ Այդ ամենը պետք է գնահատել նաև այն լույսի ներքո, որ լրագրողը իրականացնում է հանրային գործառույթ (հանրությանը տրամադրելով զանգվածային լրատվություն) և նման պարագայում լրագրողական նման գործունեությունը ներկայացնում է նաև հանրային վտանգավորություն։
Փաստերից նաև բխում է, որ լրագրողը մարդու իրավունքների պաշտպանությունը և ատելության խոսքի արգելքը a priori նույնականացրել է նույնասեռականության պաշտպանության հետ՝ առանց նման մտահանգման համար հոդվածում որևէ փաստական հիմքեր առաջարկելու և ողջամիտ եզրահանգումներ ներկայացնելու։ Անհասկանալի է նաև, թե ինչից ելնելով է լրագրողը եզրահանգել, որ այնպիսի համամարդկային արժեք, ինչպիսին է «ոչ ատելության խոսքին» կարգախոսը նույնասեռականների իրավունքների պաշտպանության «թիվ 1 կարգախոսն է», որ այդ կարգախոսը քարոզում է պացիֆիզմ, որն էլ իր հերթին պղծում է ՀՀ անկախության տոնը։ Նման մտահանգման համար չի ներկայացվել որևէ բացատրություն, մեկնաբանություն, փաստական հիմք կամ աղբյուր (գիտական, իրավական, հասարակական, և այլն), որոնք հակառակ դեպքում կվկայեին, որ լրագրողը նախորոք ուսումնասիրել է խնդրո առարկա երևույթը, հիմնվել է օբյեկտիվ տվյալների վրա, դրանց հիմա վրա կազմել լրատվական նյութ ու տարածել հանրությանը։ Լրատվության մատուցման նման եղանակը ոչ ավելին է, քան անպատասխանատու լրագրության օրինակ։
Խորհուրդը գտնում է, որ հոդվածում հնչեցվել են արտահայտություններ ու կոչեր, որոնք ծայրահեղականության, ատելության խոսքի դրսևորումներ են։ Մինչդեռ դատարանը այդ հանգամանքը քննության առարկա չի դարձրել, թեև հայցվորները այդ հարցը հստակորեն բարձրացրել էին իրենց հայցում։
Անկասկած է, որ նշված հոդվածով հոդվածագիրը իրականացնում էր ազատ արտահայտվելու իր իրավունքը։ Այդուհանդերձ, ազատ խոսքի պաշտպանության ոչ մի կառուցակարգ չի տարածվում ատելության խոսքի վրա։ Անհրաժեշտ է տարբերակել ցնցող, անհանգստություն պատճառող և նույնիսկ սադրող բնույթի քննադատական խոսքը այնպիսի խոսքից, որը ծայրահեղականության դրսևորում է և որպես այդպիսին սերմանում ու քարոզում է ատելություն։ Առաջինը պաշտպանված է ազատ խոսքով, իսկ երկրորդ՝ ոչ։ Քաղաքակիրթ ազգերի կողմից ատելության խոսքը բացառվում է իսպառ՝ առանց որևէ բացառության։ Այս մոտեցումն է ամրագրված նաև միջազգային իրավունքում, որը ատելության խոսքը աստիճանաբար ճանաչում է որպես միջազգային իրավունքի սովորույթային նորմ։
Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, ապա վերջինս ատելության խոսքը արգելում է երկու նյութաիրավական հիմքերով՝ Կոնվենցիայի 17-րդ հոդվածի հիմքով (իրավունքների չարաշահման արգելում), ըստ որի ատելության խոսքը ժխտում է Կոնվենցիայի հիմքում ընկած արժեքները, և Կոնվենցիայի 10 կամ 11-րդ հոդվածների երկրորդ մասերի հիմքով (պետական անվտանգություն, հասարակական անվտանգություն, այլոց իրավունքներ, և այլն)։ Այնպիսի արտահայտություն, ինչպիսին է «զրո հանդուրժողականությունը», ինչպես նաև հոդվածի ողջ համատեքստը, որով կոչ է արվում լիակատար անհանդուրժողականություն դրսևորել կոնկրետ անձանց նկատմամբ, ընդhուպ նրանց լիակատար սեգրեգացիան հասարակությունից, անհամատեղելի է ժողովրդավարական արժեքների, «իրավունքի գերակայության» և «քաղաքացիական համերաշխության» գաղափարների հետ, որոնք ամրագրված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում։
Հատկապես խնդրահարույց է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում լրատվամիջոցը ոչ թե տրամադրել է հարթակ ատելության խոսքի տարածման համար, այլ հենց ինքն է հանդիսացել նման խոսքի հեղինակ։ Առավել խնդրահարույց է, որ լրագրողը միևնույն ժամանակ հանդիսանում է տվյալ լրատվամիջոցի խմբագրական քաղաքականությունը մշակող անձ, որի ուժով վերջինս ոչ միայն ստանձնում է առավել լայն իրավունքներ, այլ նաև պարտականություններ Սահմանադրությանը, օրենքներին և լրագրողական վարքագծի նորմերին իր գործունեությունը համատեղելու հարցում։
Տեղեկատվական վեճերի խորհուրդՇուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության
կենտրոնի նախագահ
Մանանա Ասլամազյան -«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Արա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն
Գեղամ Վարդանյան— Մեդիա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր