2013 թվականի մարտի 5-ին Տեղեկատվական վեճերի խորհորդը հրապարակել է Սուսաննա Բաղդասարյանը «Հայք» թերթի խմբագրության, «Հայք» թերթի թղթակից Արման Գալոյանի, Սվետլանա Առաքելյանի դեմ հայցի վերաբերյալ իր կարծիքը:
1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
«Հայք» թերթի 2008 թվականի փետրվարի 8-ի թիվ 24 (1503) համարում հրապարակվել է «Հայք» թերթի թղթակից Արման Գալոյանի հոդվածը` վերնագրված «Սպանության հետքերով», որտեղ տեղ են գտել մասնավորապես հետևյալ տեղեկությունները. ««Խոսքը «Ամպրոպ» ՍՊԸ-ին պատկանող Արենի գյուղի հարևանությամբ գտնվող քարհանքի պահակ, այդ գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Մանուկյանի սպանության մասին է։ Վերջինիս կինը պատմում է, որ 2007 թվականի օգոստոսի 18-ին Կարենը երեկոյան դուրս է եկել տանից ու այլևս չի վերադարձել։ … Մեր հարցին, թե ո՞րն է սպանության պատճառը, սպանվածի այրին պատմեց, որ Գեղամ Բաղդասարյանը Կարենին կասկածել է իր թոռան` Հայկի մահվան մեջ։ Հայկը մահացել էր 2006 թ. փետրվարին թմրանյութ օգտագործելիս։ «Գեղամը համոզված էր, որ Կարենն է նրան սովորեցրել թմրանյութ օգտագործել, բայց Կարենը կյանքում չգիտեր ինչ բան է թմրանյութը: Բացի այդ, երբ Հայկը եկավ Ռուսաստանից, արդեն թմրամոլ էր։ Բոլորը դա գիտեին. նույնիսկ նրա հայրը, որ եկավ թաղմանը, ասում էր` ինքը գիտի, որ իր տղան վաղ թե ուշ մեռնելու է»,-ասում է Կարինեն…»։
19.08.2010թ. հանգուցյալ Հայկ Բաղդասարյանի մայրը՝ Սուսաննա Բաղդասարյանը (այսուհետ՝ Հայցվոր) դիմել է դատարան Հոդվածում հրապարակված, հանգուցյալ որդու հիշատակը պղծող, բարի համբավն ու անունն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջի մասին հայցադիմումով:
Հաշվի առնելով արատավորող տեղեկությունները Սվետլանա Առաքելյանի կողմից հայտնած լինելու հանգամանքը` հայցվորը հայցապահանջը հղել է նաև գործով պատասխանող ներգրավված Սվետլանա Առաքելյանի նկատմամբ։
27.09.2011թ. քննելով ԵԿԴ-1708/02/10 քաղաքացիական գործը` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է հայցը բավարարել մասնակի՝ պարտավորեցնելով Սվետլանա Առաքելյանին` հերքելու «Հայք» թերթի 2008 թվականի փետրվարի 8-ի թիվ 24 (1503) համարում հրապարակված «Սպանության հետքերով» խորագրով հոդվածում Հայկ Բաղդասարյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները և հերքումը տպագրել «Հայք» թերթում։
2. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
Սույն գործի ուսումնասիրությունից պարզվեց, որ հայցադիմումի համար հիմք հանդիսացած տեղեկությունները հրապարակվել են «Հայք» թերթի 2008 թվականի փետրվարի 8-ի թիվ 24 (1503) համարում, իսկ դատարանը գործն ընդունել ու քննել է 2010-2011 թվականների ընթացքում: Ընդ որում, դատարանը գործի քննությունը կատարել է մինչև Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի ընդունումը և, համապատասխանաբար, նույն օրենսգրքի 19-րդ հոդվածի փոփոխությունները: Այսինքն` դատարանը գործը քննել ու լուծել է հին իրավակարգավորման ներքո՝ Քաղաքացիական օրենսգրքի նախկին 19-րդ հոդվածի հիմքով: Ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը` բացառություն ընդհանուր կանոնից: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում տվյալ օրենքով պետք է սահմանված լինի տվյալ ակտին հետադարձ ուժ տալու վերաբերյալ դրույթ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդվածը սահմանում է վերը նշված ընդհանուր կանոնը, իսկ նույն հոդվածի այլ դրութներով վիրավորանքի ու զրպարտութան իրավահարաբերությունների մասով որևէ բացառություն սահմանված չէ: Հետևաբար, 2008 թվականին ծագած իրավահարաբերությունների լուծումը նախկին օրենսդրական կարգավորմամբ բխում է օրենսդրության և սահմանադրական նորմերի պահանջից:
Խորհուրդը գտնում է, որ խնդրահարույց է դատարանի որոշման եզրափակիչ մասը, որով դատարանը կիրառել է խախտված իրավունքը վերականգնելու այնպիսի եղանակ, որը հնարավոր չէր կիրառել: ԵԿԴ-1708/02/10 քաղաքացիական գործով վճռով պատասխանող Սվետլանա Առաքելյանի համար սահմանվել է որոշակի գործողություն կատարելու, այն է՝ «Հայք» թերթում սահմանված կարգով հերքում հրապարակելու պարտավորություն, սակայն այնուհետև պարզվել է, որ «Հայք» թերթը 2010 թվականի հուլիսից լույս չի տեսնում, ուստի նշված պարտավորությունը կատարելն ի սկզբանե եղել է անհնար: «Հայք» թերթի չգործելու (չհրապարակվելու) վերաբերյալ ցանցային լրատվամիջոցներում առկա են եղել մի շարք հրապարակումներ, մասնավորապես՝ Հետք online-ի 2011 թվականի հունիսի 9-ի «Չգործող թերթի լրագրողի դեմ հայց» հոդվածը: Բացի այդ, դատարանն ուներ որևէ իրավաբանական անձի, առավել ևս գործով պատասխանողներից մեկի՝ «Հայք» թերթի խմբագրության գործունեության հետ կապված պարզաբանումներ ստանալու այլ միջոցներ:
Հետևաբար, Խորհուրդը գտնում է, որ «Հայք» թերթի չգործելու վերաբերյալ դատարանը տեղեկացվելու հնարավորություն ունեցել է, սակայն չգործող (չհրապարակվող) թերթում հերքման պահանջի վերաբերյալ գործողություն կատարելու վճռով պատասխանողին, ըստ էության, պարտավորեցրել է կատարել այնպիսի գործողություն, որն անհնարին է եղել կատարել: Ուստի, ժամկետն անցած չլինելու դեպքում, դատարանը պարտավոր էր ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ լրացուցիչ որոշմամբ նշել Հայցվորի նախընտրած այն զանգվածային լրատվության միջոցը, որտեղ պատասխանողը պետք է կատարեր Հոդվածի հերքման պահանջը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Խորհուրդը գալիս է հետևյալ եզրահանգման.
«Հայք» թերթի չհրապարակվելու վերաբերյալ դատարանը տեղեկացվելու հնարավորություն ունեցել է, սակայն պատասխանողին պարտավորեցրել է կատարել այնպիսի գործողություն, որն անհնար է եղել կատարել: Ժամկետն անցած չլինելու դեպքում դատարանը պարտավոր էր լրացուցիչ որոշմամբ նշել Հայցվորի նախընտրած այն զանգվածային լրատվության միջոցը, որտեղ պատասխանողը պետք է կատարեր Հոդվածի հերքումը: Նման հանգամանքներում խախտվել և շարունակում է խախտվել հայցվորի՝ Սահմանադրության 19-րդ հոդվածով սահմանված դատարան դիմելու իրավունքը, քանի որ բարենպաստ դատական ակտի կատարման անհնարինությունը նույնն է, ինչ անձին դատարան դիմելու իրավունքից զրկելը ։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Տեղեկատվության ազատության
կենտրոնի նախագահ
Մանանա Ասլամազյան -«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ»
ծրագրի տնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Արա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն