2012թ. նոյեմբերի 19-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է Բլոգգեր Տիգրան Քոչարյանի և “Կողմնակի անձանց Մ” ՍՊԸ-ի (“Չորրորդ ինքնիշխանություն” օրաթերթ) միջև դատական վեճի կապակցությամբ իր կարծիքը:
1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Ներկայումս Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացքի մեջ է բլոգգեր Տիգրան Քոչարյանի հայցադիմումի հիման վրա հարուցված քաղաքացիական գործն ընդդեմ “Չորրորդ ինքնիշխանություն” օրաթերթի: Հայցվորը խնդրում է դատարանին սահմանել, որ օրաթերթի հուլիսի 13-ի համարում հրապարակված “Ֆաշիստն ու փիղը. ի պաշտպանություն փղերի” հոդվածով խախտվել է իր պատվի և արժանապատվության իրավունքը, ինչպես նաև պարտավորեցնել պատասխանողին վճարել 3 մլն դրամ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում վիրավորանքի ու զրպարտության դիմաց, պարտավորեցնել պատասխանողին հրապարակել հերքում և խնդրել ներողություն: Ներկայումս դատաքննությունը նախապատրաստական փուլում է, որի ընթացքում կողմերը ճշգրտում են քննության շրջանակները, մասնավորապես, թե որ արտահայտություններն են հայցվորի կողմից դիտվում որպես վիրավորանք և որոնք՝ զրպարտություն:
Վեճի առիթը հոդվածի բովանդակությունն է իր ամբողջության մեջ, որի մի հատվածը նշում է հետևյալը.
“Հայտնի իմաստով ֆալոսի վրա քաշված ռեզինն էլ ֆալոսի ֆորման է ստանում ու նրա գործառույթները ստանձնում զուգահեռաբար։ Հայտնի իմաստով այն, այդ ռեզինը, «իզդելիյե նոմեռ դվա»-ն որոշակիորեն ավտոնոմ գործառույթներ ունի ինքն էլ, որով և նպաստում է ֆալոսի գործունեությանը։ Ասենք կան նրա վրա այսպես մանր-մանր-մանր ուռուցիկություններ, կամ այսպես բարակ-բարակ-բարակ մազիկներ, կամ էլ ասենք ինքն այսպես երկարա-տանձա-կնճիթաձև է… Ներողություն։ Մի խոսքով սեքսոպաթոլոգին դիմեք, կամ սեքսոլոգին, կամ ֆալոպրոթեզավորողին ու ֆալոիմիտատոր բանեցնողներին՝ իրենք կմանրամասնեն կոնդոմ-ֆալոս տանդեմի նյուանսները…. Շեղվեցի։ Կնճիթ-աձև է։ Կնճիթ։ Փիղ։ Փիղ։ Կնճիթ։ Կասեք էլի փղին եկանք։ Կասեք էլի ՓՂԻՆ ես դարձել։ Փղից, կասեք, ի՞նչ ես ուզում”։
Սույն գործում առկա է մի խնդրահարույց հանգամանք, որի առումով Խորհուրդը ցանկանում է հանդես գալ առաջարկությամբ:
Դատաքննությանը զուգահեռ կողմերը շարունակում են ԶԼՄ-ների տարբեր միջոցներով և տարբեր հարթակներից հանդես գալ փոխադարձ մեղադրանքներով, որի ընթացքում բանավեճի առարկա է դառնում վիճահարույց հոդվածի բովանդակությունը: Պատասխանող լրատվամիջոցն ընթերցողներին պարբերաբար ներկայացնում է դատաքննության ժամանակ կողմերի փաստաբանների հարց ու պատասխանը՝ իր սեփական մեկնաբանություններով, իսկ հայցվորը հանդես է գալիս հայտարարություններով այն մասին, որ վիճահարույց հոդվածով և դրանում օգտագործված արտահայտություններով պատասխանող լրատվամիջոցը հենց իրեն է նկատի ունեցել: Մինչդեռ սրանք հարցեր են, որոնք ընկած են դատաքննության հիմքում և կազմում են սույն գործով դատական ճանաչողության առարկա: Հաշվի առնելով, որ վիճահարույց հոդվածը հանրային հատուկ հետաքրքրություն ներկայացնող որևէ խնդիր չի բարձրացնում, այլ դրանում շարադրված են զուտ անձնական բնույթի մտքեր ու նկատառումներ (թեկուզ դա արված է չափազանցված լեզվամտածողությամբ), տվյալ դատաքննության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հանրային շահը բացակայում է: Նման պայմաններում նպատակահարմար կլինի, եթե կողմերը խնդրո առարկա վեճին ավելորդ հանրայնություն չտան և փորձեն վեճի լուծումը սահմանափակել դատարանի դահլիճով, այլ ոչ թե հանրային միջավայրով: Կրկին, խնդիրն էապես տարբեր կլիներ, եթե վիճահարույց հոդվածը վերաբերեր հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդրի: Այդ դեպքում լրատվամիջոցների միջոցով դատական քննության մասին տեղեկատվություն ստանալը՝ դատական քննությանը զուգահեռ, կլիներ հանրային շահի տիրույթում:
Հաշվի առնելով վերը նշվածը, Խորհուրդը ցանկանում է դիմել կողմերին, որպեսզի մինչև դատաքննության ավարտը ձեռնպահ մնան հոդվածի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց: Խորհուրդը սա առաջարկում է որպես բարի կամքի դրսևորում՝ հաշվի առնելով հոդվածի առանձնահատուկ բնույթը, դրանով բարձրացված խնդրում հանրային շահի բացակայությունը և այն բացասական ազդեցությունը, որ կողմերի միջև հանրային միջավայրում ընթացող փոխադարձ մեղադրանքները կարող են ունենալ դատարանի կողմից կանխակալ կարծիքի ձևավորման վրա:
Հաշվի առնելով, որ դատաքննությունը դեռ ընթացքի մեջ է, գործով դատական ակտ դեռ չի կայացվել, ինչպես նաև, որ դատական գործի մասին քննարկումները դատարանի դահլիճից դուրս զարգանում են լարված մթնոլորտում, Խորհուրդն առայժմ ձեռնպահ է մնում վեճի առարկայի մասին կարծիք հայտնելուց:
Տեղեկատվական վեճերի խորհուրդՇուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահՄանանա Ասլամազյան -«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրենԲորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահԱրամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրԱրա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն