Փաստերը

2023 թվականի օգոստոսի 17-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության։ Հայցվորը հայտնել է, որ պատասխանողը 2023թ․ հուլիսի 21-ին իր uic.am պաշտոնական կայքում հրապարակել է «ՔՊ-ն այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով ձայն է հավաքում Ավինյանի համար» նյութը, որում տեղ են գտել մի շարք զրպարտող արտահայտություններ։ Դրանք են՝ վերնագիրը, ինչպես նաև հրապարակման հետևյալ հատվածները «Ըստ էության, նկարագրված արարքն իր բնույթով համապատասխանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.8 հոդվածի 2-րդ մասին․․․», «Ընդ որում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի վերոնշյալ դրույթը, որը պատիժ է նախատեսում այսօրինակ արարքների համար․․․», «Վարչական ռեսուրսի չարաշահումն այն ընտրական զանցանքներից է․․․», «․․․խախտման բնույթը հասկանալու համար․․․»։ Ըստ հայցվորի՝ նշված արտահայտություններն արատավորող են, քանի որ կուսակցությանը վերագրվում է զանցանք՝ Երևանի ավագանու ընտրություններում այլ համայնքների վարչական ռեսուրսի օգտագործում, ինչը հրապարակայնորեն կատարված զրպարտություն է։

Հայցվորը խնդրել է դատարանին՝ պարտավորեցնել պատասխանող հասարակական կազմակերպությանը հրապարակել հերքում, վճարել պատճառված վնասի փոխհատուցում 1 միլիոն դրամի չափով, ինչպես նաև 50 հազար դրամ՝ որպես պետական տուրք և 480 հազար դրամ՝ փաստաբանի վարձատրության գումար։ Կուսակցությունը նաև դատարան է ներկայացրել միջնորդություն՝ ՀԿ-ի գույքի վրա 1 միլիոն դրամի չափով արգելանք կիրառելու մասին, և 2023 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ այն բավարարվել է։ Ավելի ուշ՝ նոյեմբերի 27-ին, դատարանը բավարարել է պատասխանողի դիմումը և վերացրել որպես հայցի ապահովման միջոց կիրառված արգելանքը։ Դատական քննությունը ընթացքի մեջ է։

 

Եզրահանգում

Մինչ դատական գործի էությանն անդրադառնալը՝ Խորհուրդն անհրաժեշտ է համարում կարծիք արտահայտել քաղաքական ուժի կողմից զրպարտության hիմքով դատական հայց ներկայացնելու վերաբերյալ։

Թեև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը չի արգելում կուսակցություններին դիմել դատարան իրենց համբավը զրպարտությունից պաշտպանելու նպատակով, այդուհանդերձ, արտահայտվելու ազատության միջազգային իրավունքում չեն խրախուսվում քաղաքական ուժերի կողմից նման հայցերը։ Այսպես, «Արտիկլ 19» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը գտնում է, որ բոլոր տեսակի հանրային մարմինները, այդ թվում՝ քաղաքական կուսակցությունները, պետք է ձեռնպահ մնան նման գործընթաց նախաձեռնելուց։ Այս առումով ուշագրավ է, որ մի շարք պետություններում օրենսդրորեն  ուղղակիորեն արգելվում է հանրային մարմիններին, նաև՝ կուսակցություններին, ներկայացնել զրպարտությանն առնչվող հայցեր։

Այդ արգելքները սահմանվում են ելնելով երեք կանխադրույթներից։ Առաջին`  քաղաքացիները պետք է ունենան պետական ու հանրային մարմիններին քննադատելու անկաշկանդ հնարավորություն: Երկրորդ՝ այդ մարմինների հեղինակությունը հանրային է, ոչ թե մասնավոր կամ անձնական, և սրանից բխում է երրորդը՝ պետական և հանրային մարմիններն ունեն զրպարտությունից պաշտպանվելու այլ լայն հնարավորություններ, որոնք չունեն մասնավոր անձինք ու կազմակերպությունները։[1]

Առաջին կանխադրույթը խիստ կարևոր է ժողովրդավարական կառավարման հանրային իրավունքի իրագործման առումով։ Կառավարությանը, հանրային իշխանությանն ուղղված քննադատությունը անհրաժեշտ է ժողովրդավարության համար, մինչդեռ վիրավորանքին ու զրպարտությանը վերաբերող դատական վարույթները՝ հարուցված հանրային մարմինների կողմից, կաշկանդում են այդ քննադատությունը։ Դա հատկապես ակնհայտ է, երբ դատական հայց ներկայացնողն իշխող քաղաքական ուժն է։ Նման դեպքում այդ ուժն ուղղակի կամ անուղղակի նույնացվում է իշխանության հետ, ու այդ պարագայում վիճելի է դառնում, թե տվյալ դատական վարույթը հանրային, թե մասնավոր բնույթի է։ Բոլոր դեպքերում էական է այն հանգամանքը, որ իշխող կուսակցության կողմից՝ արտահայտվելու ազատությանն առնչվող դատական հայցեր ներկայացնելը կաշկանդում է քաղաքացիներին քննադատելու այն հանրային իշխանություններին, որոնք ներկայացնում են տվյալ քաղաքական ուժը։

Երկրորդ կանխադրույթի իմաստն այն է, որ և՛ պետական մարմինների, և՛ հանրային քաղաքականությամբ զբաղվող կուսակցությունների հեղինակությունը ի վերջո պատկանում է հանրությանը։ Հնարավոր չէ պնդել, օրինակ, որ քաղաքական ուժերի կամ պետական մարմինների հեղինակությունը անհատական է, կամ, ինչպես սույն գործով բազմիցս նշել է հայցվոր կուսակցությունը՝ գործարար է։ Իրավ, գործարար համբավը բնորոշ է մասնավոր կազմակերպություններին, որոնք զբաղվում են, օրինակ, ձեռնարկատիրական գործունեությամբ։ Նմանապես, մասնավոր կազմակերպությունների առումով հնարավոր չէ պնդել, որ դրանց գործարար համբավը պատկանում է հանրությանը։

Երրորդ կանխադրույթը նախատեսում է, որ հանրային մարմիններն ունեն  քննադատությունից պաշտպանվելու լայն հնարավորություններ, այդ թվում՝ ցանկացած դեպքում արագորեն ու պատշաճ արձագանքելու բազմաթիվ միջոցներ՝ քաղաքական, տեղեկատվական, լոբիստական և այլ հարթակներ ու ռեսուրսներ։ Այդպիսի հնարավորությունների պայմաններում քաղաքական կուսակցությունների կողմից դատական հայց ներկայացնելը հանրային վստահության ռեսուրսի վատնում է։ Նման դեպքերում նաև պարզորոշ երևում է, որ հաճախ հանրային մարմինների կողմից ներկայացրած հայցերի իրական նպատակը ոչ թե արժանապատվության պաշտպանությունն է, այլ այդ մարմիններին քննադատությունից զերծ պահելը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել և զարգացրել է այս մոտեցումները։ Քննելով գործեր, որտեղ զրպարտության հայցերը ներկայցվել են քաղաքական կուսակցությունների կողմից, ՄԻԵԴ-ը նշել է, որ որևէ «հաստատության «արժանապատվություն» չի կարող հավասարեցվել մարդկային էակի  արժանապատվության հետ», և որ նման մարմինների հեղինակության պաշտպանության նկատառումները անհրաժեշտաբար չունեն այն ուժը,  ինչ «այլոց իրավունքների պաշտպանությունը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով»։ Այս դրույթը վկայակոչելով՝ Եվրոպական դատարանը նկատի ունի ֆիզիկական անձանց՝ ի տարբերություն կազմակերպությունների։ Մեկ այլ առիթով Եվրոպական դատարանը նշել է, որ կազմակերպության հեղինակության պաշտանությունը, ի տարբերություն ֆիզիկական անձի հեղինակության, զուրկ է «մարդկային արժանապատվության բարոյական հարթությունից»։[2]  Սա նույնպես ցույց է տալիս միջազգային իրավունքում տարածված մոտեցումը, որ հաստատությունների արժանապատվությունը կամ համբավը մեկնաբանվում է նեղ և չունի այն իրավական բովանդակությունը, ինչ ֆիզիկական անձանց հեղինակությունը։

Վերը նշված երեք կանխադրույթները առավել ճշմարտացի են և կիրառելի Խորհրդի կողմից դիտարկվող գործով, քանի որ քաղաքական կուսակցությունը հայց է ներկայացրել ընդդեմ իրավապաշպան կազմակերպության, որի գործունեությունը ուղղված է հանրային շահին ծառայելուն, հասարակության տեղեկացված լինելու իրավունքի իրացմանը։ ­Այս հանգամանքը հանրային ու մասնավոր շահերը փոխհավասարկշռելիս էական նշանակություն պետք է ունենա դատարանի կողմից որոշում կայացնելիս՝ հոգուտ իրավապաշտպան կազմակերպության տեղեկություններ ու գաղափարների տարածելու իրավունքի։

Ի մի բերելով վերը նշվածը՝ Խորհուրդն արձանագրում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ընդդեմ իրավապաշտպան կազմակերպության զրպարտության հիմքով դատական հայց ներկայացնելը անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակության համար։

Ինչ վերաբերում է դատական գործի բովանդակությանը, Խորհուրդը նախկինում անդրադարձել է փաստերի ստուգման հարթակների գործունեությանը Թիվ 79 կարծիքում, որում ընդգծել է դրանց կարևորությունը ժողովրդավարական հասարակությունում և եզրահանգել, որ նման հարթակներում զետեղված հրապարակումները տեղեկատվական բնույթ ունեն, հետևաբար՝ դրանց հեղինակները պետք է օգտվեն ազատ խոսքի պաշտպանության իրավունքից այնպես,  ինչպես լրատվամիջոցները։[3] Խորհուրդը վերահաստատում է իր այդ մոտեցումը ու ընդգծում, որ հաշվի առնելով լրագրողների ու լրատվամիջոցների հատուկ առաքելությունը ժողովրդավարական հասարակությունում՝ նրանց վրա տարածվող հատուկ իրավական պաշտպանությունը պայմանավորված է այնպիսի գործոններով, ինչպիսիք են հրապարակման հանրային նշանակությունը և հրապարակողի բարեխղճությունը՝ անկախ այն հանգամանքից, թե հրապարակված տեղեկությունները արատավորող են, թե ոչ։

Տվյալ դեպքում հրապարակողը իրավապաշտպան կառույց է և գործել է իր կանոնադրական նպատակներից ելնելով։ Տեղեկություններ ու գաղափարներ տարածելը բխում է իր գործունեության բնույթից։ Այդ ամենը նախատեսում է հատուկ իրավական պաշտպանություն ընձեռել ինչպես այդ կազմակերպությանը, այնպես էլ նյութի հեղինակներին, քանի որ դա է պահանջում հանրային շահը։

ՀԿ-ն նպատակ է ունեցել իրազեկել հանրությանը ընտրախախտումների մասին։ Այսինքն՝ որպես հրապարակող հետապնդել է ոչ թե նեղ անձնական, խմբային կամ առևտրային նպատակներ, այլ ծառայել է բացառապես հանրային շահին։ Կազմակերպությունը տեղեկացրել է հանրությանը իշխող քաղաքական կուսակցության կողմից վարչական ռեսուրսի օգտագործման փաստերի մասին, իրավասու պետական մարմինների ուշադրությունը հրավիրել այդ դեպքերի վրա՝ դրանց իրավական գնահատական տալու համար, ու հրահրել հանրային բաց բանավեճ այդ խախտումների առնչությամբ։ Այս ամենը իրավաչափ նպատակներ ու գործողություններ են, որոնք կարիք ունեն պաշտպանության օրենքով ու իրավական գործընթացներով։

Անդրադառնալով բարեխղճության գործոնին՝ Խորհուրդն անհրաժեշտ է համարում հղում կատարել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետին, որի համաձայն՝ փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները։ Տվյալ դեպքում, ինչպես նշվեց վերևում, հրապարակման բովանդակությունը պայմանավորված էր գերակա հանրային շահով։ Բացի այդ, նյութի հեղինակներն արտահայտել են գնահատականներ այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրողների ձայներ է հավաքում վարչական ռեսուրսի օգտագործմամբ, որ դա ընտրախախտում է, որը համապատասխանում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 40.8 հոդվածով սահմանված զանցանքներին։ Այս արտահայտությունները գնահատողական դատողություններ են, որոնք հեղինակները բխեցրել են իրենց կողմից հրապարակված հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններից։

Այդ իմաստով Խորհուրդն արձանագրում է, որ նյութում տեղ գտած գնահատականներն ունեն ծանրակշիռ փաստական հիմքեր, որոնց գոյությունը հայցվորը չի հերքել։ Այս պայմաններում անկասկած է, որ ցանկացած այլ անձ նույն ձայնագրությունների հիման վրա կհանգեր միևնույն եզրահանգմանը, ինչ հեղինակները։ Բացի այդ, վերջիններս ձեռնարկել են կոնկրետ միջոցներ հիմնավորելու համար իրենց գնահատականները՝ զանգահարել են համայնքների ղեկավարներին, ճշտել են տեղեկություններն ընտրողների ձայներ հավաքելու պայմանավորվածությունների մասին, ձայնագրել են խոսակցությունները ու դրանք ամբողջական կերպով ներկայացրել են հրապարակված նյութում։ Ի վերջո, հեղինակները իրենց գնահատականները ձևակերպել են հավասարակշռված ու բարեխղճորեն՝ առանց աղավաղելու ձայնագրությունների բովանդակությունը, նշելով աղբյուրները, առանց չափազանցված կամ վիրավորական արտահայտությունների։ Հետևաբար, 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի բոլոր պայմանները պահպանված են, և հեղինակներն իրավունք ունեն օգտվելու այս դրույթի պաշտպանությունից։

Ի մի բերելով վերը նշվածը՝ Խորհուրդը եզրակացնում է, որ խնդրո առարկա նյութը հրապարակող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն չի խախտել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրավունքները և չի կարող ենթարկվել պատասխանատվության։ Միևնույն ժամանակ, առաջնորդվելով ժողովրդավարական արժեքներով, Խորհուրդը հորդորում է կուսակցությանը հետ վերցնել ընդդեմ իրավապաշտպան կազմակերպության իր հայցադիմումը։

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Արա Ղազարյան — «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն

Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Օլգա Սաֆարյան — Փաստաբան

Դավիթ Սանդուխչյան – Փաստաբան

 

 

[1] Զրպարտության սահմանումը․ արտահայտվելու ազատության և արժանապատվության պաշտպանության սկզբունքները։ ԱՐՏԻԿԼ 19. Միջազգային սկզբուքների շարքից․ սկզբունք 3: Defining defamation: principles of freedom of expression and protection of reputation. International standards series.

[2] Ռեգնում ՍՊԸ-ն ընդդեմ Ռուսաստանի, թիվ  22649/08, , 8/09/2020, § 66:

[3] ՏՎԽ կարծիքը fip.am փաստերի ստուգման հարթակի դիմումի վերաբերյալ։ #79։

 

 

Skip to content