Փաստերը

2020 թվականի մայիսի 29-ին «Հետք» ՍՊԸ-ն իր hetq.am լրատվական կայքում հրապարակել է «Նորակառույցի կառուցապատողը հրաժարվում է պոմպակայանը հանձնել Ջրային կոմիտեին. բնակիչները բողոքում են» վերնագրով հոդված։ Այն ներկայացնում է մի պատմություն, թե ինչպես քաղաքացի Հենրի Ստեփանյանը 2018-ին գնել է բնակարան մայրաքաղաքի Նոր Նորքի Ն. Ստեփանյան փողոցի 3/6 նորակառույց շենքում, սակայն հետագայում պարզվել է, որ այդ շենքի ջրամատակարարումն իրականացնում է հենց կառուցապատող «Օլիմպ քնսթրաքշն» ՍՊԸ-ն, այլ ոչ թե «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն։ Այսինքն՝ շենքի պոմպակայանը չի գրանցվել  Ջրային կոմիտեում, իսկ բնակիչները չեն հանդիսանում «Վեոլիա ջուր» ընկերության բաժանորդներ և ջրի վարձը վճարում են կառուցապատող ընկերությանը, որն էլ գումարը փոխանցում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին։ Հոդվածում նշվում է, որ բնակիչների դժգոհությունն է առաջացրել այն, որ «Օլիմպ քնսթրաքշն» ՍՊԸ-ն ցանկանում է զբաղվել շենքի կառավարմամբ, այդ թվում՝ ջրային վարձի հավաքմամբ ու վճարմամբ, իսկ նրանք դեմ են դրան, քանի որ մտադիր են ստեղծել համատիրություն և շենքի կառավարումն իրականացնել ինքնուրույն։ Ըստ այդմ՝ շենքի պոմպակայանը պետք է համարվեր բնակիչների համատեղ սեփականությունը։ Մինչդեռ բնակիչները պարզել են, որ այն պատկանում է կառուցապատողին։

2020 թվականի հունիսի 29-ին «Օլիմպ Քնսթրաքշն» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Հետք» ՍՊԸ-ի և Հենրի Ստեփանյանի՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով։ Հայցվորը նշել է, որ hetq.am կայքի հիմնադիրը և Հենրի Ստեփանյանը տարածել են զրպարտող բնույթի տեղեկություններ կառուցապատող ընկերության վերաբերյալ և խնդրել է պարտավորեցնել երկու պատասխանողներին հրապարակայնորեն հերքել այդ տվյալները, զրպարտության համար վճարել փոխհատուցում 2 միլիոն դրամի չափով, ինչպես նաև փոխհատուցել դատական ծախսերը։

Դատավարության նախապատրաստական փուլում հայցվորը լրատվամիջոցի մասով փոխել է հայցապահանջը, հրաժարվել իր մի շարք պնդումներից և որպես զրպարտող բնույթի հայտարարություն է նշել միայն հոդվածի վերնագիրը, ինչի շրջանակում էլ ներկայումս շարունակվում է գործի քննությունը։ «Օլիմպ Քնսթրաքշն» ՍՊԸ-ն հրաժարվել է նաև «Հետք» ՍՊԸ-ի դեմ ներկայացված գումարային փոխհատուցման պահանջից, սակայն պնդել է, որ հերքում հրապարակվի hetq.am կայքում։ Միևնույն ժամանակ հայցվորը համապատասխանող  Հենրի Ստեփանյանից շարունակում է պահանջել փոխհատուցում մեկ միլիոն դրամի չափով։

Իր առարկության մեջ «Հետք» ՍՊԸ-ի ներկայացուցիչը նշել է, որ հոդվածը պատրաստվել է բարեխղճորեն ու հավասարակշռված, կատարվել են մեջբերումներ Հենրի Ստեփանյանի և կառուցապատող ընկերության ղեկավարի հետ զրույցներից, հրապարակվել է  Ջրային կոմիտեի ջրամատակարարման և ջրահեռացման վարչության պետի տեսակետը, այդ պետական կառույցի պատասխանը քաղաքացի Հենրի Ստեփանյանի հարցմանը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գրությունը՝ ուղղված կառուցապատող ընկերությանը։ Նաև պնդել է, որ հոդվածի վերնագիրը համապատասխանում էր հոդվածի բովանդակությանը։

2024 թվականի փետրվարին ավարտվել է դատավարության նախապատրաստական փուլը և սկսվել է դատաքննության փուլը։ Առաջիկա նիստը նշանակվել է 2024 թվականի ապրիլի 18-ին։

 

Եզրահանգում

Հաշվի առնելով, որ հայցվորը, փոփոխելով իր պահանջները, լրատվամիջոցի մասով զրպարտություն է համարել միայն հրապարակման վերնագիրը՝ «Նորակառույցի կառուցապատողը հրաժարվում է պոմպակայանը հանձնել Ջրային կոմիտեին, բնակիչները բողոքում են», վերլուծության առարկա պետք է դառնա հենց այդ հարցը։ Ըստ «Օլիմպ քնսթրաքշն» ՍՊԸ-ի՝  վերոհիշյալ արտահայտությունը  չի համապատասխանում իրականությունը և արատավորել է ընկերության գործարար համբավը։

Հայցվորի այդ պնդման արդարացիությունն ու հիմնավորվածությունը որոշելու համար նախևառաջ անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք հոդվածում շարադրված փաստերը ներկայացվել են բարեխղճորեն ու հավասարակշռված և արդյո՞ք խնդրո առարկա վերնագիրը համապատասխանում է հրապարակման բովանդակությանը։

Խորհուրդը նկատում է, որ նյութի հեղինակը տեղեկություններ է հավաքել բազմաթիվ աղբյուրներից՝ զրուցել է շենքի բնակիչների և համատիրության նախագահի հետ (ով նաև դատական գործում համապատասխանող է), ներկայացրել է կառուցապատող ընկերության տնօրենի տեսակետն ու պնդումները, մեջբերել է Ջրային պետական կոմիտեի պաշտոնատար անձի կարծիքը։ Հոդվածագիրը վկայակոչել է նաև այդ կոմիտեի և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գրությունները՝ ակտիվ հղումներով։ Այս ամենից ակնհայտ է դառնում կոնֆլիկտի էությունը․ շենքի բնակիչների դիմումներն  անհատական բաժանորդ դառնալու համար կբավարարվեն այն դեպքում, երբ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը, պոմպակայանն ու դրա սեփականության իրավունքը կառուցապատողի կողմից հանձնվեն «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին, ինչպես նաև՝ երբ Ջրային կոմիտեում կատարվի պոմպակայանի անհրաժեշտ գրանցում։ «Օլիմպ քնսթրաքշն» ՍՊԸ-ն այդ գործողությունները չի կատարել, ինչն էլ հարուցել է շենքի բնակիչների դժգոհությունը։

Խորհրդի կարծիքով՝ ծագած խնդիրը լրատվամիջոցը լուսաբանել է օբյեկտիվորեն՝ դրսևորելով բարեխղճություն փաստական տվյալները հավաքելիս և ներկայացնելիս, և պատահական չէ, որ հայցվորը դատական գործընթացի նախնական փուլում հրաժարվել է հոդվածի բովանդակությանը վերաբերող իր առարկություններից։ Ավելին՝ նա, լինելով կառուցապատող ընկերության ղեկավար, հոդվածի հեղինակի հետ զրույցում չի հերքել, որ պոմպակայանի նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում էր իր ՍՊԸ-ին, որը չի դիմել Ջրային պետական կոմիտե՝ պոմպակայանի գրանցման համար, ինչպես նաև միջոցներ չի ձեռնարկել սեփականությունը «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին փոխանցելու համար։ Իր խոսքում հայցվորը միայն ներկայացրել է, թե ինչու այդ գործողությունները չեն կատարվել, ինչը բնավ չի նշանակում, որ հոդվածում ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը։

Ինչ վերաբերում է վերնագրին, ապա Խորհուրդը գտնում է, որ այն լիովին համապատասխանում է հրապարակման բովանդակությանը, և դրանց միջև որևէ հակասություն չկա։

Ելնելով վերոգրյալից, Խորհուրդը եզրակացնում է, որ խնդրո առարկա հոդվածի վերնագիրը զրպարտություն չէ, քանի որ պարունակում է տեղեկություններ, որոնց ստույգ լինելը հաստատվում է նաև հրապարակման մեջ տեղ գտած փաստերով, վկայակոչված փաստաթղթերով, պաշտոնական աղբյուրներից և մասնավոր անձանցից ստացված տվյալներով, նյութի ընդհանուր բովանդակությամբ։ Հայցվոր կազմակերպության ղեկավարի՝ հոդվածում ներկայացված փաստարկները համոզիչ չեն հոդվածի վերնագրի ճշմարտացիությունը կասկածի տակ դնելու համար։ Հետևաբար, hetq.am կայքն իր հրապարակմամբ չի արատավորել «Օլիմպ քնսթրաքշն» ՍՊԸ-ի բարի համբավը, ինչը նշանակում է, որ լրատվամիջոցի հիմնադրի դեմ ներկայացված հայցադիմումը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ մասի իմաստով անհիմն է։

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Արա Ղազարյան — «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն

Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Օլգա Սաֆարյան — Փաստաբան

Դավիթ Սանդուխչյան – Փաստաբան

Skip to content