Փաստերը
2023 թվականի ապրիլի 19-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Մեդիահաբ» ՍՊԸ-ի՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջներով:
Հայցվորը դատարանին հայտնել է, որ 2023թ. ապրիլի 13-ին ընկերությունն իրեն պատկանող mediahub.am լրատվական կայքում հրապարակել է «Կառավարությունն առանց մրցույթի շուրջ 79 մլն դրամի համաձայնագիր է կնքել Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության հետ» վերնագրով հոդված, որում զրպարտող են բուն վերնագիրը, ինչպես նաև հետևյալ երկու արտահայտությունները․ «Այս ճանապարհի որոշ հատվածների հիմնանորոգման համար հայտարարված մրցույթում Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը մրցակիցներին հաղթեց ընդամենը 500 հազար դրամ պակաս գին առաջարկելով» և «Իշխանությունները պետք է հանրությանը բացատրեն, թե ինչպես է որոշվել Աժ նախագահի եղբոր ընկերության հետ մոտ 79 միլիոն դրամի համաձայնագիր կնքել գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգով» և ինչու նախապատվությունը չեն տվել մրցութային եղանակին, ինչպես պահանջում է օրենքը»:
Վկայակոչելով դատական պաշտպանության և ազատ արտահայտվելու իրավունքի մասին ՀՀ սահմանադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները՝ հայցվորը պնդել է, որ լրատվամիջոցը զրպարտել է իրեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1. հոդվածի իմաստով, քանի որ նշված երեք արտահայտությունները չեն համապատասխանում իրականությանը և արատավորող են: Հայցվորը դատարանին խնդրել է պարտավորեցնել պատասխանողին հրապարակել հերքում, բռնագանձել 1 միլիոն դրամ որպես զրպարտության համար փոխհատուցում և 530 հազար դրամ՝ փաստաբանի վարձատրության և վճարված պետական տուրքի դիմաց:
Պատասխանող ընկերությունն առարկել է հայցի դեմ՝ փաստարկելով, որ հոդվածին կից հրապարակել է երկու փաստաթղթերի լուսապատճեններ, որոնցից երևում է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի միջև 2023թ. մարտի 21-ին կնքվել է կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 համաձայնագիրը և որ այդ պայմանագիրը մի կողմից ստորագրել է վերոհիշյալ նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը, իսկ մյուս կողմից՝ «Եվրոասֆալտ» ՓԲԸ տնօրեն Կառլեն Սիմոնյանը: Լուսապատճեններում նաև երևում է, որ պայմանագրի գինը գերազանցում էր 78 միլիոն դրամը, այսինքն՝ կարող է որակվել որպես մոտ 79 մլն դրամ:
Ըստ պատասխանողի՝ սա ապացուցում է, որ հոդվածի վերնագիրը ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը, հետևաբար՝ զրպարտություն չէ։
Խնդրո առարկա մյուս նախադասության առումով լրատվամիջոցի ներկայացուցիչը նշել է, որ դրանում հայցվորի անձի մասին ոչինչ չկա. խոսքը մրցույթի մասին է, որում Ալեն Սիմոնյանի եղբայրը հաղթել է ընդհամենը 500 հազար դրամ պակաս գին առաջարկվելով։ Ինչ վերաբերում է հայցվորի կողմից որպես զրպարտություն ներկայացված երրորդ արտահայտությանը, ապա ըստ պատասխանողի՝ դա փաստացի հայտարարություն է առ այն, որ ԱԺ նախագահի եղբոր ընկերության հետ
համաձայնագիր է կնքվել պարզեցված ընթացակարգով, մինչդեռ օրենքը պահանջում էր նախապատվություն տալ մրցութային եղանակին: Լրատվամիջոցը ներկայացնող ընկերությունը նաև նշել է, որ հոդվածում բերված փաստական տվյալների համապատասխանելը իրականությանը հաստատվում է նրանով, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ հրապարակման առնչությամբ հանդես գալով պարզաբանմամբ (հղումը՝ https://mtad.am/news/1407 ), չի հերքել այդ փաստերը, այլ ներկայացրել է, թե ինչու է գործարքը կնքվել «գնում չհանդիսացող ծախս» ընթացակարգով, այլ ոչ թե մրցույթային եղանակով։ Ինչ վերաբերում է ստույգ տվյալների հիման վրա կատարված դատողությանը, ապա պատասխանողի պնդմամբ՝ կասկածելի գործարքի մասին հրապարակային հարցադրում հնչեցնելը լրագրողի գործառույթն է և լիովին տեղավորվում է լրատվամիջոցների ազատության իրավունքի շրջանակում։
2024 թվականի հուլիսի 4-ին դատարանը մերժել է հայցն ամբողջությամբ՝ նաև որոշելով հայցվորից հօգուտ «Մեդիահաբ» ՍՊԸ-ի բռնագանձել 150 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Վճռում նշվել է, որ լրատվամիջոցը վերնագրում ներկայացրել է փաստացի տվյալներ, որոնք հիմնավորել է նյութի հետ հրապարակված փաստաթղթերի պատճեներով։ Այսինքն՝ հանրային նշանակություն ունեցող այդ փաստերը ներկայացվել են բարեխղճորեն։ Երկրորդ արտահայտության առնչությամբ դատարանը գտել է, որ հրապարակվել են փաստացի տվյալներ, որոնք դատաքննության ընթացքում նույնպես չեն հերքվել։ Հարցապնդմամբ կատարված երրորդ վիճահարույց արտահայտության վերաբերյալ դատարանը նշել է, որ լրատվամիջոցը կատարել է գնահատողական դատողություն բավարար փաստական տվյալների հիման վրա, հետևաբար՝ նյութն այդ առումով նույնպես իրավաչափ էր։ Վկայակոչելով Եվրոպական դատարանի «Լինգենսն ընդդեմ Ավստրիայի» գործով հանրահայտ նախադեպային որոշումը՝ դատարանը նաև եզրահանգել է, որ հայցվոր Ալեն Սիմոնյանը պետական բարձրաստիճան պաշտոնյա է և ենթակա է հանրային վերահսկողության, և այդ պատճառով նա պետք է առանձնահատուկ հանդուրժողականություն ցուցաբերի հասարակության ուշադրության տակ գտնվող, այդ թվում՝ իրեն վերաբերող հարցերի քննարկման նկատմամբ։
Դատարանի վճիռը չի բողոքարկվել և մտել է ուժի մեջ։
Եզրահանգում
Խորհուրդը գտնում է, որ Մեդիահաբ» ՍՊ ընկերության mediahub.am լրատվական կայքում հրապարակված «Կառավարությունն առանց մրցույթի շուրջ 79 մլն դրամի համաձայնագիր է կնքել Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության հետ» հոդվածում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ զրպարտող հայտարարություններ չեն հրապարակվել։
Խնդրո առարկա նյութում հեղինակը հավասարակշռված ու փաստական տվյալների վրա հիմնվելով տարածել է հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն։ Հրապարակման մեջ տեղ գտած այն պնդումը, որ ՀՀ կառավարությունը առանց մրցույթի կնքել է ասֆալտապատման աշխատանքների պայմանագիր Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության հետ, ուղեկցվել և հաստատվել է լուսանկարներով, որոնցից երևում է, որ պայմանագիրը ստորագրել են մի կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարը, իսկ մյուս կողմից Կառլեն Սիմոնյանը՝ որպես «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի տնօրեն։ Հայցվորի կողմից դատարանում բարձրաձայնած այն հանգամանքը, որ հոդվածի մի պարբերությունում գործածվել է «Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերություն» բառակապակցությունը, իսկ մեկ այլ պարբերությունում՝ «Ալեն Սիմոնյանի եղբորը պատկանող ընկերություն» ձևակերպումը, էական չէ, քանի որ տարածվող տեղեկության հանրային նշանակությունը այնքան մեծ է, որ այդ տվյալի ոչ ճշգրիտ ներկայացնելը որևէ կերպ չի փոխում լայն ընկալումն առ այն, որ ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել խոշոր գործարքի պետական հովանավորչություն, որի մասին հոդվածագիրը ահազանգել է։ Այս առումով Խորհուրդը համամիտ է նաև դատարանի այն եզրահանգման հետ, որ ընկերության՝ Կառլեն Սիմոնյանին պատկանելու կամ չպատկանելու փաստն ինքնին չի կարող կրել զրպարտող բնույթ։
Վիճարկվող երկրորդ արտահայտության առնչությամբ Խորհուրդը գտնում է, որ հիշյալ պայմանագրից վերցրած տվյալների և դատաքննության փուլում կասկած չհարուցած՝ հայցվոր ՓԲԸ-ի մրցակից ընկերությունների գնային առաջարկների համադրմամբ հիմնավորվել է, որ հոդվածի այդ մասում ներկայացված փաստը և դրանից բխող պնդումը համապատասխանում են իրականությանը, այսինքն՝ հեղինակն իրականացվել է բարեխիղճ լրագրողական աշխատանք։
Ինչ վերաբերում է վիճարկվող երրորդ արտահայտությանը, ապա ըստ Խորհրդի՝ այն գնահատողական դատողություն է, որը ունի փաստական հիմքեր, այն է՝ կնքվել է 78 միլիոն դրամից ավելի համաձայնագիր պարզեցված՝ «գնում չհանդիսացող ծախս» ընթացակարգով ու անտեսվել է մրցույթ անցկացնելու տարբերակը։ Այս առումով հոդվածի հեղինակն իր գնահատողական դատողությունը արտահայտել է բարեխղճորեն՝ փաստերից բխող հռետորական հարցադրմամբ, որը լիովին տեղավորվում է հանրային կարևոր հարցերի վերաբերյալ տեղեկություններ և կարծիքներ տարածելու ազատության շրջանակներում։
Խորհուրդը վերահաստատում է նախկինում արտահայտած դիրքորոշումը, որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ու քաղաքական գործիչները պետք ձեռնպահ մնան վիրավորանքի ու զրպարտության հիմքերով լրատվամիջոցների դեմ դատական գործեր հարուցելուց՝ հատկապես հանրային նշանակություն ունեցող խնդիրների լուսաբանման առնչությամբ։ Այս առումով Խորհուրդը ողջունում է տվյալ գործով կայացված վճռի եզրափակիչ մասում դատարանի դիտարկումն առ այն, որ հայցվորը պետական բարձրաստիճան անձ է ու քննարկվող հարցերի վերաբերյալ պարտավոր էր ցուցաբերել հատուկ հանդուրժողականություն։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան — «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան — Փաստաբան