ՓԱՍՏԵՐԸ

2026 թվականի փետրվարի 13-ին փաստաբան Կարեն Տոնոյանը դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին և խնդրել տրամադրել փորձագիտական կարծիք Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հարուցված` «Նորք-Մարաշ» ԲԿ-ն և դրա բժիշկներն ընդդեմ mamul.am լրատվական կայքի հիմնադիր «Սոուշըլ Մեդիա» ՍՊԸ-ի՝ թիվ ԵԴ2/11281/02/25 դատական գործի վերաբերյալ։ Նա տեղեկացրել է, որ հանդիսանում է  հայցվորի ներկայացուցիչը:

Ըստ այս գործի փաստերի՝  2025թ. ապրիլին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում վիրահատությունից հետո մահացել է մի կին, որի որդին՝ «Սոուշըլ Մեդիա» ՍՊԸ-ի տնօրեն ու սեփականատեր Սևակ Մելիքյանը, «Մինչդատական պահանջագիր» վերտառությամբ գրություն է ներկայացրել ԲԿ-ին ու դրա տնօրենից պահանջել է լուծել բժիշկների աշխատանքային պայմանագրերը, հրապարակայնորեն ընդունել, որ մահը վրա է հասել նրանց գործողությունների հետևանքով, և ներողություն խնդրել, վերադարձնել հետազոտությունների և վիրահատության համար կատարված վճարները, փոխհատուցել թաղման հետ կապված ծախսերը՝ 2,800,000 դրամի և բարոյական վնասը՝ 10,000,000 դրամի չափով։ Բժշկական կենտրոնի ղեկավարը մերժել է պահանջը։ Դրանից հետո mamul.am լրատվական կայքում հրապարակվել է 12 հոդված` ԲԿ-ի բժիշկներին ուղղված ծանր մեղադրանքներով։ Այդ նյութերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝ ըստ դրանց հրապարակման ամսաթվերի. 27.05.2025թ․, 30.05.2025թ․, 09.06.2025թ․, 16․06․2025թ․, 20.06.2025թ․, 23.06.2025թ․, 27.06.2025թ․, 07.07.2025թ., 28.07.2025թ., 19.08.2025թ., 26.08.2025թ., 22.09.2025թ

Բոլոր վերը նշված հոդվածներում ներկայացվել է հետևյալ տեքստը․ ««ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Եթե Դուք (Ձեր հարազատները) ևս տուժել եք վերոնշյալ բժիշկների, կամ ԲԿի այլ աշխատակիցների գործողություններից, կարող եք զանգահարել խմբագրություն (010 55 20 59  կամ գրել (ուղարկել ձայնագրություններ, տեսագրություններ, այլ) [email protected] հասցեին, կամ ֆեյսբուքի էջին։  Խմբագրությունը երաշխավորում է տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը»։

Հրապարակումների ներքո ԲԿ-ի և դրա անձնակազմի մասին առցանց տիրույթի օգտատերերի կողմից կատարված մեկնաբանություններից դրականները հեռացվել են ու թողվել են միայն բացասականները։

Հայցվորները դատարանից խնդրել են բոլոր 12 հրապարակումների առումով պարտավորեցնել պատասխանողին հրապարակել հերքում և յուրաքանչյուրի դիմաց վճարել 500 հազար դրամ փոխհատուցում։

Դատաքննության ընթացքում հայցվորների ներկայացուցիչը միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոց՝ պարտավորեցնելով «Սոուշըլ Մեդիա» ՍՊԸ-ին իրեն պատկանող բոլոր հարթակներից (կայքերից, սոցիալական ցանցերից, տեսահոսթինգներից և այլն) հեռացնել վիճահարույց հոդվածները մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Դատարանը մերժել է այդ միջնորդությունը։ Առաջին ատյանի այդ որոշումը հայցվորը բողոքարկվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան, սակայն վերջինս մերժել է բողոքը։ Դատական քննությունը առաջին ատյանում շարունակվում է։

ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

ՀՀ քաղաքացիական օրենգրքի 1087.1 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Մեկնաբանելով այս դրույթը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ  արտահայտությունը զրպարտություն համարվելու համար անհրաժեշտ է, որ միաժամանակ առկա լինեն հետևյալ չորս պայմանները․

  • հայտարարությունը պետք է լինի փաստի մասին (փաստացի տվյալներ),
  • հայտարարությունը պետք է ներկայացված լինի հրապարակային եղանակով,
  • հայտարարությունը պետք է լինի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող,
  • հայտարարությունը պետք է չհամապատասխանի իրականությանը։

Փաստի մասին հայտարարությունը ներառում է կոնկրետ, հստակ տեղեկություններ անձի կողմից որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ։ «Փաստացի տվյալներ» եզրույթի իրավական բովանդակությունը նույնացվում է 1087.1 հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «ստույգ փաստ» հասկացության հետ, որը, ըստ Վճռաբեկ դատարանի, ներառում է այնպիսի փաստեր, «որոնք հիմնավորվում են ապացույցներով տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ կամ հանդիսանում են հանրահայտ փաստեր՝ ապացուցման անհրաժեշտություն չունեցող»[1]։

Տվյալ դեպքում, վիճարկվող բոլոր տասներկու հրապարակումներում, ներկայացվել են փաստացի հայտարարություններ այն մասին, որ հայցվորները թերացել են իրենց մասնագիտական պարտականություններում, դիտավորյալ չեն ցուցաբերել բժշկական օգնություն, չեն վիրահատել, «թույլ չեն տվել հոսպիտալացնել» բուժառուին։ Այսինքն՝ հայցվորներին վերագրվել են կոնկրետ փաստեր, գործողություններ, անգործություն։ Որոշ դեպքերում օգտագործվել են նաև գնահատողական դատողություններ, սակայն ընդհանուր առմամբ բոլոր նյութերում տեղ են գտել փաստացի տվյալներ։ Հետևաբար՝ Խորհուրդը գտնում է, որ առկա է զրպարտության առաջին վավերապայմանը՝ վիճահարույց արտահայտությունները փաստացի տվյալների մասին են։

Հաջորդ պայմանը՝ հայտարարության հրապարակային լինելը, որոշվում է Վճռաբեկ դատարանի սահմանած այն չափանիշով, ըստ որի՝ հրապարակային է այնպիսի հայտարարությունը, որը կատարվել է առնվազն մեկ` երրորդ անձի ներկայությամբ կամ նրան հաղորդակից դարձնելով։[2] Դատական պրակտիկայում նաև ձևավորվել է այն մոտեցումը, որ համացանցում «բոլորին հասանելի  եղանակով» տարածված արտահայտություններն ինքնին հրապարակային են։[3] Արձանագրելով, որ խնդրո առարկա նյութերը տեղադրվել են լրատվական կայքում՝ Խորհուրդն անհերքելի է համարում դրանց հրապարակային լինելը։

Զրպարտության երրորդ պայմանը՝ արտահայտությունների արատավորող բնույթը, որոշվում է օբյեկտիվ չափանիշներով, անկախ անձի սուբյեկտիվ պատկերացումներից։ Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումների հիման վրա և դատական պրակտիկայի միջոցով ձևավորվել է մոտեցում, որ արատավորող են անձին վերագրվող այնպիսի արարքներ, գործողություններ, որոնք քրեական հանցագործություն են կամ զանցանք, անարդարացի, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորումներ են, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության բարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտումներ են, որոնք ոչ միայն իրական չեն, այլև  նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։[4] Ըստ մեկ այլ մեկնաբանման՝ արատավորող է այնպիսի արտահայտությունը, որը հասարակության անդամների գնահատմամբ նսեմացնում է անձի արժանիքները հանրության շրջանում, նրան ենթարկում է ծաղրուծանակի, ունակ է անձին վերածել ատելության կամ արհամարհանքի առարկայի կամ ստիպում է ամաչել անձին կամ՝ այլ մարդկանց խուսափել տվյալ անձից։[5]

Խնդրո առարկա հրապարակումներում հայցվորներին վերագրվել են արարքներ, որոնց համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն, օրինակ՝ որ բուժանձնակազմը կատարել է բուժառուի կյանքի համար վտանգավոր գործողություններ, դրսևորել է անգործություն (առաջին և վեցերորդ հոդվածները), հրաժարվել է ցուցաբերել բժշկական օգնություն (երկրորդ և չորրորդ հոդվածներում), որ բժիշկները դրսևորել են մասնագիտական անփութություն (երրորդ, տասմեկերորդ և տասներկուերորդ հոդվածներում), որ հայցվորների նկատմամբ հարուցվել է քրեական գործ, և նրանք մեղադրվում են  հանցավոր գործարքներ կատարելու մեջ, օրինակ՝ հանրային միջոցների առանձնապես խոշոր չափի յուրացումներ (առաջին, հինգերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ հոդվածներում)։ Այսպիսով, այս հրապարակումներում հայցվորներին վերագրվող արարքները Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ մասի իմաստով անձի արժանապատվությունը և համբավը արատավորող են։

Ինչ վերաբերում է զրպարտության չորրորդ վավերապայմանին՝ վիճահարույց հայտարարությունների իրականությանը չհամատասխանելուն, այս հարցը գնահատողական է, և դա կախված է նրանից, թե պատասխանողին արդյո՞ք կհաջողվի դատաքննության ընթացքում ապացուցել դրանց ստույգ ու ճշմարիտ լինելը։ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պատասխանողի վրա է դրված իր կողմից արված հայտարարությունների իրականությանը համապատասխանելն ապացուցելու պարտականությունը։ Եթե նրան չհաջողվի դա ապացուցել, հայտարարությունները կհամարվեն զրպարտող, ինչը կհանգեցնի համապատասխան իրավական հետևանքների։

Անդրադառնալով հայցվոր կողմի ներկայացրած պատասխանատվության միջոցներին, այն է՝ յուրաքանչյուր հոդվածի մասով հերքում հրապարակել և 500 հազար դրամի չափով փոխհատուցում վճարել, Խորհուրդը հորդորում է զգալիորեն նվազեցնել գումարային պահանջը, քանի որ հայցվող ընդհանուր 6 միլիոն դրամն անհամաչափ ծանր բեռ կարող է դառնալ լրատվամիջոցի համար, և, բացի այդ, դատական պրակտիկայում ձևավորվել է կարևոր դրական մոտեցում, ըստ որի՝ նման բարձր շեմի դրամական պահանջները կամ շեշտակի նվազեցվում են, կամ ընդհանրապես մերժվում։

Խորհուրդը նաև գտնում է, որ թե՛ առաջին ատյանի դատարանի և թե՛ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումները հայցի ապահովման միջոց կիրառելու  միջնորդությունը մերժելու մասին հիմնված են եղել բացառապես այն փաստարկի վրա, որ չէր հիմնավորվել, որ այդ միջոցը չկիրառելու դեպքում հետագայում անհնարին կդառնար վճռի կատարումը։ Մինչդեռ, հայցվոր կողմն այլ հիմնավորում էր բերել, այն է՝ վիճահարույց հոդվածների հրապարակված մնալու դեպքում հայցվորները կշարունակեն կրել էական վնաս՝ ըստ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի։ Փաստորեն, վկայակոչվել է այնպիսի հիմք, որը չէր ներկայացվել հայցվոր կողմից։ Նման պարագայում երկու ատյանների դատարանների որոշումները ոչ իրավաչափ են և կամայական, և Խորհուրդը հույս է հայտնում, որ դատաքննության հետագա փուլերում մոտեցումն այդ խնդրին կվերանայվի։

Տվյալ վեճում Խորհուրդը նկատել է նաև խնդիրներ՝ կապված լրագրողական էթիկայի խախտման հետ, և այդ առնչությամբ դիրքորոշում արտահայտելը պատվիրակել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին։

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ՝

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Արա Ղազարյան — «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն

Օլգա Սաֆարյան – Փաստաբան

 

[1] ՎՃռաբեկ դատարանի` Սոնա Աղեկյանի վերաբերյալ թիվ ԵԴ/26070/02/19 քաղաքացիական գործով 2023թ․ մարտի 10-ի որոշում, էջ 11, 2-րդ պարբ․։

[2] ՎՃռաբեկ դատարանի՝ Բորիս Աշրաֆյանի վերաբերյալ թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով 2012 թվականի ապրիլի 12-ի որոշում։

[3] Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱԴԴ/0074/02/12 քաղաքացիական գործով վճիռ, Էջ 8, պարբ. 2։

[4] Վճռաբեկ դատարանի՝ Բորիս Աշրաֆյանի վերաբերյալ թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով որոշում, էջ 10, վերջին պարբերություն։

[5] Վճռաբեկ դատարանի՝ Անիկ Դավթյանի վերաբերյալ թիվ ԱՎԴ/0179/02/13 քաղաքացիական գործով 2014 թվականի մայիսի 8-ի որոշում, Էջ 9, պարբ. 4։

Skip to content