ՓԱՍՏԵՐԸ
2025 թվականի հունվարի 13-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը (այսուհետ Ծառայություն) հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Սուսաննա Մուրադյանի և «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության՝ հայտնելով, որ պատասխանողները կատարել են հրապարակային հայտարարություններ, որոնցով արատավորել են Ծառայության բարի համբավը և հանրային հեղինակությունը (դատական գործ ԵԴ2/0228/02/25)։ Մասնավորապես, հայցվորը նշվել է, որ 2024թ․ դեկտեմբերի 25-ին պատասխանող կազմակերպությունը իր կայքում հրապարակել է «ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները» հոդվածը, որում, ըստ հայցվորի, տեղ են գտել զրպարտող արտահայտություններ՝ հիմնվելով ՊՎԾ նախկին աշխատակից Սուսաննա Մուրադյանի տրամադրած տեղեկությունների վրա։ Ծառայությունը հերքում է պահանջել, սակայն պատասխանողը 2024թ․ դեկտեմբերի 31-ին հրապարակել է նոր հոդված՝ «Հետք»-ի պատասխանը՝ ՊՎԾ-ի հերքման պահանջին», որում նշել է, որ չի պատրաստվում հրապարակել հերքում, քանի որ հերքելու ոչինչ չունի։
Դատաքննության ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները հիմնավորող փաստարկներ ու փաստեր։ Հայցվորը պնդել է, որ ՀԿ-ին պատկանող լրատվամիջոցը հրապարակել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ մասնավորապես, թե իբր Ծառայությունում կոծկել են բժշկական հաստատությունում կատարած ուսումնասիրության իրական արդյունքները։ Պատասխանողն իր հերթին նշել է, որ բոլոր փաստացի տվյալները և գնահատականները ներկայացվել են բարեխղճորեն, հավասարակշված, իսկ հրապարակման թեման ունի հանրային նշանակություն։
2025 թվականի դեկտեմբերի 19-ին դատարանը կայացրել է վճիռ, որով մերժել է հայցն ամբողջությամբ։ Ըստ այդ ակտի՝ Ծառայությունը չի կարող համարվել վիրավորանքի և զրպարտության գործերով հայցվոր, քանի որ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը վերագրվում են միայն մասնավոր ֆիզիկական ու իրավաբանական անձանց, մինչդեռ Ծառայությունը պետական մարմին է։ Դատարանը որպես հիմք է ընդունել Սահմանադրական դատարանի ՍԴՈ-997 որոշման և Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով 2012թ․ ապրիլի 27-ի որոշման մեջ այդ հարցով արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ծառայությունը բողոքարկել է վճիռը Վերաքննիչ քաղաքացիական դատարան։ 2026թ. ապրիլի 3-ին այս ատյանն ամբողջությամբ մերժել է բողոքը։ Դատավարության կողմերը վճռաբեկ բողոք չեն ներկայացրել, ինչի արդյունքում վճիռը մտել է ուժի մեջ ու դարձել է վերջնական։
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
Հանրային ծառայության մարմինների կողմից վիրավորանքի ու զրպարտության հիմքերով դատական հայցեր ներկայացնելու անթույլատրելիությանը ՏՎԽ-ն անդրադարձել է իր թիվ 67 փորձագիտական կարծիքում, որում խնդրո առարկան քրեակատարողական հիմնարկի հայցադիմումն էր ընդդեմ լրատվամիջոցի։ Խորհուրդը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ պետական կառույցները պետք է ձեռնպահ մնան վիրավորանքի ու զրպարտության հիմքերով լրատվամիջոցների ու լրագրողների դեմ դատական հայցեր ներկայացնելուց։
Այս մոտեցումը հիմնավորվում է երեք սկզբունքներով։ Առաջին՝ վիրավորանքի և/կամ զրպարտության առնչությամբ ընդդեմ լրատվամիջոցների հայցերն ու դատավարությունները բացասաբար են ազդում տեղեկություններ ու գաղափարներ տարածելու ազատության, հանրային նշանակություն ունեցող թեմաները լուսաբանելու ու դրանց շուրջ բանավեճ ծավալելու հանրային շահի վրա։ Երկրորդ՝ ժողովրդավարության պայմաններում քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան անկաշկանդ քննադատել հանրային մարմիններին ու պաշտոնյաներին, իսկ վերջիններս պետք է բաց լինեն այդ քննադատության առջև, դրսևորեն հանդուրժողականություն ու ձեռնպահ մնան վիրավորանքի կամ զրպարտության հիմքով քաղաքացիական դատարաններում իրավական պաշտպանություն հայցելուց։ Երրորդ՝ պետական մարմիններն այդ գործերով սեփական շահերը սպասարկելու համար օգտագործում են հանրային ռեսուրսներ, որոնք չեն կարող ուղղվել իրենց գործունեությունը քննադատությունից պաշտպանելուն՝ հատկապես, եթե խոսքը հանրային նշանակության խնդրի մասին է՝ մի բան, որն առկա է տվյալ դատական վեճում։ Այս սկզբունքներն ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում (տե՛ս, օրինակ, OOO MEMO-ն ընդդեմ Ռուսաստանի (ՄՊ), թիվ 2840/10, ՄԻԵԴ, 15/03/2022, կետեր 44-47): Դրանց անդրադարձել են նաև ՀՀ սահմանադրական դատարանը և ՀՀ վճռաբեկ դատարանը իրենց վերոհիշյալ որոշումներում, որոնք վկայակոչվել են դիտարկվող գործով կայացված դատական ակտում։
Ամփոփելով՝ Խորհուրդը եզրակացնում է, որ Պետական վերահսկողական ծառայության հայցադիմումն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ակնհայտորեն անհիմն էր, և նպատակահարմար կլիներ, որ այդ հայցը մերժելու որոշումը կայացվեր դատավարության սկզբում՝ դրանով խնայելով նաև անտեղի վատնված ռեսուրսները։ Խորհուրդը հույս է հայտնում, որ հանրային (պետական) մարմինները և դրանց պաշտոնյաները հաշվի կառնեն վերոնշյալ՝ ժողովրդավարական հասարակությանը բնորոշ սկզբունքները, ձեռնպահ կմնան վիրավորանքի ու զրպարտության հիմքերով դատական հայցեր ներկայացնելուց և կձգտեն ծագած խնդիրները կլուծել արտադատական միջոցներով։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ՝
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Արա Ղազարյան — «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Օլգա Սաֆարյան – Փաստաբան