Փաստերը

2022 թվականի փետրվարի 22-ին Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվական ալիքի «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ» հաղորդաշարի ընթացքում Առողջապահության նախարարության «Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանը հայտարարել է, որ «Իրա մեդիքլ գրուպ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ կազմակերպություն) կողմից շահագործվող սարքավորումը չի բավարարում ոլորտի ժամանակակից բոլոր պահանջները։

2023 թվականի փետրվարի 27-ին կազմակերպությունը դիմել է «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին՝ նշելով, որ Նարեկ Մանուկյանի հնչեցրած արտահայտությունը չի համապատասխանում իրականությանը և արատավորում է իր գործարար համբավը։ Հիմնվելով «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի վրա՝ «Իրա մեդիքլ գրուպ»-ը խնդրել է լրատվության նույն միջոցով հրապարակել կազմակերպության «պատասխան հերքումը»` գրությամբ ներկայացված տեքստի բովանդակությամբ (տե՛ս Հավելված 1):

2023 թվականի մարտի 7-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը պատասխան նամակով տեղեկացրել է, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքել փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել  վերջինիս տարածած տեղեկատվության մեջ, մինչդեռ տվյալ դեպքում վիճահարույց հայտարարությունը ոչ թե Առաջին լրատվական ալիքինն է, այլ դրա «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ» հաղորդաշարին հյուրընկալած անձի՝ Նարեկ Մանուկյանի կողմից արտահայտած միտքն է (տե՛ս Հավելված 2)։ Նման պատճառաբանությամբ Հանրային հեռուստաընկերությունը մերժել է հերքում հրապարակելու դիմումը։

 

Եզրահանգում

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքել իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել հրապարակման մեջ։ Ըստ այդ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի՝ լրատվական գործունեություն իրականացնող է համարվում այն իրավաբանական կամ ֆիզիկական անձը, այդ թվում` անհատ ձեռնարկատերը, որն իր անունից տարածում է լրատվության միջոց: Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն՝ հեռուստառադիոհաղորումը լրատվության միջոց է, իսկ այդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ լրատվությունն իրականացվում է տեղեկությունների տարածումով։

Վերը նշվածից բխում է, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձ է և այդ գործունեությունն իրականացնում է՝ տարածելով  տեղեկություններ հեռուստահաղորդման միջոցով։

Այս օրենսդրական կարգավորումը կիրառելով տվյալ տեղեկատվական վեճին վերաբերող փաստերի նկատմամբ՝ արձանագրում ենք, որ խնդրո առարկա հարցազրույցը տարածողը Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն է (այսուհետ՝ Հեռուստաընկերություն), ինչից էլ հետևում է, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով քաղաքացու բողոքի հասցեատերը Հեռուստաընկերությունն է։ Այս իմաստով Խորհուրդը չի կարող համաձայնվել Հետուստաընկերության հետ առ այն, որ վերջինս պատասխանատու չէ վիճահարույց տեղեկությունները տարածելու համար։ Տվյալ դեպքում Հեռուստաընկերությունն է հանդիսացել այն լրատվական գործունեություն իրականացնողը, որն իր եթերով հեռարձակել է խնդրո առարկա նյութը։ Հետևաբար, եթե հետագայում դատական կամ արտադատական կարգով հաստատվի, որ վիճահարույց հայտարարությունը պարունակում է փաստացի անճշտություն, Հեռուստաընկերության մոտ ծագելու է հերքման կամ պատասխանի հրապարակման հնարավորութուն ընձեռնելու օրենքով սահմանված պարտականություններ՝ ըստ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի։

Այդուհանդերձ, նշվածից չի բխում, որ Հեռուստաընկերությունը ինքնաբերաբար կրում է պատասխանատվություն և հերքում կամ պատասխան հրապարակելու պարտականություն իր կողմից տարածած փաստացի անճշտությունների համար։ Ինչպես Խորհուրը բազմիցս նշել է իր նախկին եզրակացություններում, լրատվական գործունեություն իրականացնողը ազատվում է պատասխանատվությունից, եթե տեղեկատվությունը տարածել է բարեխղճորեն։ Դա սահմանված է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասում, համաձայն որի  «անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները ․․․ այլ անձի հրապարակային ելույթի, ․․․ բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին)»։

Այս օրենսդրական հիմքը միջազգային իրավունքում հայտնի է «բարեխիղճ հրապարակում» կամ «ողջամիտ հրապարակում» իրավական եզրույթներով, որոնք հավասարապես տարածվում են նաև այնպիսի իրահարաբերությունների վրա, որոնք ձևավորվում են լրագրողի կողմից հարզազրույց վերցնելիս՝ հանպատրաստից կամ հեռուստաընկերության ստուդիայում հյուրի հետ զրույց վարելիս։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր մի շարք որոշումներում նշել է, որ հարցազրույցների եղանակով նորություններ տարածելը, խմբագրված եղանակով, թե՝ ոչ, համարվում է մամուլի կողմից «հանրային հսկող շան» իր կենսական դերակատարման ամենակարևոր եղանակներից մեկը,  և լրագրողին պատասխանատվության ենթարկելը  այն բանի համար, որ օգնել է այլ անձի տարածել հարզազրույցի ժամանակ արած իր հայտարարությունները, լրջորեն կվտանգի հանրային հետաքրքրություն ներկայացնող դեպքերի մասին հանրային քննարկման ծավալման գործում մամուլի ներդրումները։[1]  Նշվածից միակ բացառությունն է, երբ լրագրողը կամ լրատվամիջոցը չի գործել է բարեխղճորեն` այնպիսի հետևողական ջանասիրությամբ, որը պահանջվում է հանրային հետաքրքրություն ներկայացնող դեպքերի վերաբերյալ պատասխանատու լրագրությամբ։[2]

Այդ հանգամանքը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել, թե արդյոք լրագրողը ձգտել է կամ նրան հաջողվել է հարցազրույցը վարել հավասարակշված կերպով։ Այդ առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շեշտել է, որ «օբյեկտիվ» և «հավասարակշված» լրատվություն հաղորդելու (տվյալ դեպքում՝ նաև հարցազրույց վարելու) մեթոդները բազմազան են, և դրանք կախված են, ի թիվս այլ հանգամանքների, նաև լրատվության միջոցներից, ու այդ առումով տվյալ մեթոդը կամ այլ կերպ ասած՝ լրատվական նյութը մատուցելու եղանակը ընտրելու իրավասությունը պատկանում է լրագրողներին, ոչ թե դատարաններին, և վերջիններս չեն կարող հարցազրույց վերցնող լրագրողի փոխարեն որոշել, թե լրատվության ինչ տեխնիկա պետք է օգտագործվեր տվյալ հանգամանքում։[3]

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Խորհուրդը գտնում է, որ տվյալ դեպքում ոչինչ չի վկայում, որ զրույցը վարելիս լրագրողը գործել է անբարեխղճորեն, չի պահպանել ջանասիրություն ու հավասարակշռված մոտեցում։ Հարցազրույցը վերաբերել է նեղ մասնագիտական ոլորտի, որի բոլոր մանրամասներին լրագրողը պարտավոր չէր տիրապետել և հարկ եղած դեպքում հակադրվեր արտահայտվող որոշ անճշտություններին։ Նման պարտականություններ սահմանելը նույնպես անհարկի կծանրաբեռնի լրագորղի աշխատանքը ու կազդի տեղեկատվության ազատ հոսքի վրա։ Ամենակարևորը, որի վրա ուշադրություն է դարձնում Խորհուրդը, այն է, որ լրագրողը չի փորձել անհարկի սահմանափակել հարցազրույց տվողի տեղեկություններ տարածելու հնարավորությունները, իսկ միջամտությունները կատարվել են հարզազրույցը վարելու նպատակով, որի մեթոդը և եղանակը, ինչպես արդեն նշվեց, որոշում է բացառապես լրագրողը։

Նման պայմաններում Հեռուստաընկերությունը չի կրում հերքում կամ պատասխան հրապարակելու հնարավորություն տրամադրելու պարտականություն՝ ըստ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի։

Խորհուրդը նաև նկատում է, որ ի տարբերություն «Զանգվածային լրատվույթան մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հերքում հրապարակելու դրույթների, պատասխան հրապարակելու պարտականության հիմքերը, որոնք նախատեսված են նույն հոդվածի 5-րդ մասում, պարզորոշ ու հստակորեն ձևակերպված չեն։ Մասնավորապես, սահմանված չեն, թե որոնք են պատասխան հրապարակելու պարտականության ծագման հիմքերը, և արդյո՞ք այդ պարտականությունն առաջանում է այն դեպքում, երբ լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ տեղ է գտել անճշտություն։ Նույնիսկ եթե տրամաբանորեն կարելի է եզրահանգել, որ պատասխանի հնարավորություն տրամադրելու պարտավորության հիմքերը նույնն են, ինչ հերքում հրապարակելունը, վերոհիշյալ 5-րդ մասի ձևակերպման անորոշությունը հանգեցրել է իրավակիրառ պրակտիկայում պատասխանի իրավունքի իրականացման անորոշությանը։ Դա ակնհայտորեն դրսևորվել է նաև սույն վեճի շրջանակներում։

Ի մի բերելով ասվածը՝ Խորհուրդը գտնում է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը՝ որպես լրատվական գործունեություն իրականացնող անձ, տարածել է տեղեկություններ, որոնցում, նույնիսկ եթե տեղ են գտել փաստացի անճշտություններ, այդ հանգամանքը ինքնաբերաբար չի առաջացնում լրատվական գործունեություն իրականացնողի պատասխանատվության՝ հերքում հրապարակելու կամ պատասխանի հնարավորություն ապահովելու պարտականություն, եթե վերջինս գործել է բարեխղճորեն՝ լրագրողական վարքագծի սկզբունքներին համաձայն։

 

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Արա Ղազարյան — «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն

Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Օլգա Սաֆարյան — Փաստաբան

[1] BJÖRK EIÐSDÓTTIR – ն ընդդեմ Իսլանդիայի, թիվ 46443/09, 10/07/2012, կետ 80:

[2] Տե՛ս նույն դատական ակտը՝ կետ 82-ում։

[3] ERLA HLYNSDÓTTIR-ն v. Իսլանդիայի, թիվ 43380/10, 10/07/2012, կետ 70:

 

Skip to content