Փաստերը

 

2019թ․ հուլիսի 12-ին «Ժողովուրդ» օրաթերթում ու նույն ՍՊԸ-ին պատկանող “armlur.am” կայքում հրապարակվել է «Ինչպես է Արսեն Թորոսյանի ընկեր DJ Վակցինան օգտվում պետական բյուջեից. 20 հազար դոլար նրա ընկերությանը» վերտառությամբ նյութը։  Նույն օրը Արուսյակ Մկրտչյանը, որն առավել հայտնի է «DJ Վակցինա» կեղծանունով, գրությամբ դիմել է թերթի խմբագրությանը՝ խնդրելով պաշտոնապես հերքել տարածված զրպարտությունը։ Սակայն օրաթերթը չի պատասխանել գրությանը ու չի հրապարակել հերքում։

2019 թվականի օգոստոսի 12-ին Արուսյակ Մկրտչյանը հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի՝ զրպարտություն համարվող տվյալները հերքելու և վնասի փոխհատուցման պահանջներով (դատական գործ թիվ ԵԴ/25343/02/19): Նա փաստարկել է, որ զրպարտություն է այն տեղեկությունը, թե իբր նախարարը իր հետ կնքել է 20 հազար ԱՄՆ դոլարի պայմանագիր, մինչդեռ իրականությունն այն է, որ իր ընկերությունը՝ «Ին փրոգրես փրոդաքշն»-ը, մասնակցել է հակածխախոտային պայքարի շրջանակում սոցիալական գովազդ պատրաստելու համար հայտարարված հրապարակային մրցույթին, հաղթել է այն, քանի որ ընկերությունն առաջարկել է ամենացածր գինը։ Հայցվորը նշել է, որ հրապարակման մեջ օգտագործված «DJ Վակցինան հաճախ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին գովերգում» նախադասությունն իր բնույթով և բովանդակությամբ ցույց է տալիս հեղինակի բացասական վերաբերմունքը հայցվորի և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ, իսկ «արդյոք նախարարը պետական միջոցները դիջեյին հատկացրել է իր փիառն անելու համար» հարցադրումով թիրախավորվել են թե՛ Արուսյակ Մկրտչյանը և թե՛ նախարարը։ Ըստ հայցվորի՝ գնման ընթացակարգին մասնակցելիս և հաղթելիս «Ին Փրոգրեսս Փրոդաքշն» ՍՊ ընկերությունը գործել է բացառապես օրենքի պահանջներին համապատասխան և չի օգտագործել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ կապված որևէ անձնական, ընկերային կամ որևէ այլ կապ, ու հետևաբար՝ նշված հրապարակային արտահայտությունները չեն համապատասխանում իրականությանը, անհիմն են ու զրպարտող:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայցվորը դատարանին խնդրել է պարտավորեցնել պատասխանող «ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին հրապարակել հերքում «ժողովուրդ» օրաթերթի առաջին էջում և armlur.am կայքում, ընդ որում՝ կայքում հերքումը հրապարակել նաև տեսանյութ տեղադրելու միջոցով, ինչպես նաև՝ պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 1 միլիոն դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում։

Պատասխանողը հակադարձել է, որ հայցվորի կողմից ներկայացված արտահայտությունները չեն համապատասխանում օրենքով սահմանված «զրպարտություն» հասկացությանը, քանի որ արտահայտվել են կարծիքներ, որոնք գնահատողական դատողություններ են։ Մասնավորապես, հիմնվելով այն ստույգ փաստերի վրա, որ Արուսյակ Մկրտչյանը և Արսեն Թորոսյանը ընկերներ են, որ հենց Արուսյակ Մկրտչյանի «Ին փրոգրես փրոդաքշն» ՍՊԸ-ն է հաղթել հանրային իրազեկման ծրագրի իրականացնելու մրցույթում և ստացել միջոցներ պետական բյուջեից, որ Արուսյակ Մկրտչյանը հաճախ է իր ֆեյսբուքյան էջում Արսեն Թորոսյանի գործունեության հետ կապված աջակցության գրառումներ կատարել կամ կիսվել ֆեյսբուքյան որևէ օգտատերերի կողմից Արսեն Թորոսյանին աջակցելու գրառումով կամ հենց Արսեն Թորոսյանի գրառումներով՝ այդ փաստական տվյալներից բխեցվել են իրենց բնույթով վերացական եզրահանգումներ և հարցադրումներ։ Ընդ որում՝ հեղինակը վերջում նշել է, որ դրանց վերաբերյալ դատողությունները թողնում է  ընթերցողին: Ըստ պատասխանողի՝ նման գործելակերպը լիովին տեղավորվում է ազատ խոսքի շրջանակում, քանի որ գնահատողական դատողությունները պայմանավորված էին հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմայով, դրանք կտրված չէին իրականությունից և կոնկրետ փաստական տվյալներից, իրենց բնույթով ողջամիտ ու բարեխիղճ հարցադրումներ էին։

2022 թվականի դեկտեմբերի 21-ին դատարանը կայացրել է վճիռ, որով մասնակի բավարարել է հայցադիմումը և պատասխանող լրատվամիջոցին պարտավորեցրել է տպագրել հերքում, իսկ հօգուտ հայցվորի՝ բռնագանձել 4000 ՀՀ դրամ որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար և 150000 դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրություն:

Դատարանն իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ թեև պատասխանողը հնչեցրել էր կարծիքներ, այդուհանդերձ, դրանք հիմնված չէին բավարար փաստական կազմի վրա, մինչդեռ հեղինակի խոսքը «հստակ է, ուղղակի, առանց կասկածների», այն ներկայացվել է որպես հաստատված փաստ, և հայցվորին վերագրվել են այնպիսի գործողություններ, որոնք «ոչ իրավաչափ են»։ Ըստ դատարանի՝ հրապարակման հեղինակը առանց ստուգելու իր կողմից արված արտահայտությունների, տեղեկատվության հավաստիությունը հրապարակել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ և չի ապացուցել, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու իր խոսքի ճշմարտությունը և հիմնավորվածությունը։

Պատասխանողը բողոքարկել է վճիռը Վերաքննիչ քաղաքացիական դատարան։ 2023 թվականի մայիսի 18-ին այս ատյանը վարույթ է ընդունել բողոքը, սակայն դատական նիստ դեռ չի նշանակել։

 

Եզրահանգում

 

Սույն դատական գործում առանցքային խնդիրը նրանում է, թե արդյո՞ք վիճահարույց արտահայտությունները գնահատողական դատողություններ են, և եթե այո, ապա արդյո՞ք լրատվամիջոցը բարեխղճորեն է օգտվել արտահայտվելու ազատության իր իրավունքից, երբ ներկայացրել է իր դատողությունները։

Իր նախկին եզրակացություններում Խորհուրդը բազմիցս անդրադարձել է գնահատողական դատողության ու փաստացի հայտարարության իրավական կարգավորումներին ու բնորոշումներին։[1] Այսպես, փաստացի հայտարարությունը իրականությանը համապատասխանող դեպքի, իրադարձության մասին տեղեկատվություն է, իսկ  գնահատողական դատողությունը որևէ երևույթի կամ առարկայի մասին սուբյեկտիվ գնահատական է, որը կարող է կատարվել արտահայտվելու այնպիսի հնարքներով, ինչպիսիք են, օրինակ, այլաբանությունը, փոխաբերությունը, անալոգիան, մակդիրի գործածումը և այլն։

Ի տարբերություն փաստացի հայտարարության, գնահատողական դատողությունը ենթակա չէ ապացուցման։ Դա չի նշանակում, որ այդպիսի դատողությունը խոսքի անսահմանափակ հնարավորություն ունի։ Գնահատողական դատողության հիմքում, այդուհանդերձ, պետք է լինեն որոշակի փաստեր, հանգամանքներ, որոնց հիման վրա ձևավորվել է կարծիքը, գնահատականը։ Հակառակ դեպքում դատողությունը կհամարվի չափազանցված, այդ թվում՝ վիրավորական կամ զրպարտող։ Լրագրողական ազատությունների առումով բազմիցս նշվել է, որ գնահատողական դատողությունների համաչափությունը գնահատելիս պետք է նաև հաշվի առնել դրանց  քաղաքական ենթատեքստը, հանրային նշանակությունը։[2]

Տվյալ դեպքում առաջին հերթին ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հրապարակման հեղինակը անդրադարձել է հանրային նշանակության խնդրի․ պետական միջոցների կառավարման շրջանակում հնարավոր հովանավորչությանը, որը կոռուպցիայի կանխարգելման ընդհանուր քաղաքականությունում օրակարգային հարց է։ Այս պարագայում լրատվամիջոցը պետք է օգտվի ազատ խոսքի լայն պաշտպանությունից։

Հրապարակման ընդհանուր բովանդակությունն այն է, որ հայցվորը  օգտվել է առողջապահության նախարարի հովանավորչությունից։ Ի տարբերություն դատարանի՝ Խորհուրդը գտնում է, որ հեղինակն իր դատողությունները հիմնավորել է բավարար փաստական տվյալներով, որոնցից բխեցված կարծիքները տվյալ համատեքստում ողջամիտ են ու համաչափ։ Ոչինչ չի վկայում, որ հոդվածագիրը կատարել է կամայական դատողություններ ու մտահանգումներ՝ բացարձակապես զուրկ փաստական հիմքերից։ Այսպես․ հնարավոր հովանավորչության վերաբերյալ իր պատկերացումները հեղինակը հիմնավորել է փաստական տվյալներով, որ Արուսյակ Մկրտչյանը և Արսեն Թորոսյանը ընկերներ են, որի վերաբերյալ լրագրողը հոդվածին կից ներկայացրել է նախարարի և հայցվորի լուսանկարը։ Այն հանգամանքը, որ Արուսյակ Մկրտչյանի «Ին փրոգրես փրոդաքշն» ՍՊԸ-ն  հաղթել է հանրային իրազեկման ծրագրի մրցույթում, չի հերքվել հայցվորի կողմից։ Իսկ այն պնդումը, որ Արուսյակ Մկրտչյանը հաճախ է իր ֆեյսբուքյան էջում Արսեն Թորոսյանի գործունեության հետ կապված աջակցության գրառումներ կատարել կամ կիսվել ֆեյսբուքյան որևէ օգտատերերի կողմից Արսեն Թորոսյանին աջակցելու գրառումով կամ հենց Արսեն Թորոսյանի գրառումներով, նույնպես հիմնավորվել է փաստական տվյալներով, որոնք վկայակոչել է պատասխանողը։ Ի վերջո, ինչպես նշվեց, այդ ամենը չի հերքվել հայցվորի կողմից դատաքննության ընթացքում։

Փաստերի նման համակցության լույսի ներքո հեղինակի դատողությունները առերևույթ կամայական բնույթ չունեին։ Ավելին, դրանք իրենց ամբողջությամբ  ցանկացած ողջամիտ ու անաչառ երրորդ անձ-դիտորդի մոտ նույնպես կարող էին ստեղծել տպավորություն, որ հայցվորը ենթադրաբար վայելել է պետական մարմնի աջակցությունը կամ հովանավորչությունը։ Մինչդեռ դատարանը, սկզբում ընդունելով, որ խնդրո առարկա նյութում ներկայացվել են կարծիքներ, այնուհետև եզրահանգել է, որ հեղինակը չի ներկայացրել «ապացույցներ» այն մասին, որ հայցվորը «օգտվում էր ՀՀ պետական բյուջեից»։

Խորհուրդը գտնում է, որ լրագրողների ուսերին անհանաչափ ծանր բեռ կդրվեր, եթե պահանջվեր կոռուպցիայի ենթադրյալ դրսևորումների մասին իրենց բոլոր դատողությունները հիմնավորել նաև ապացույցներով։ Օրենսդրությամբ կամ պրակտիկայով նման պահանջ սահմանելը կհանգեցնի նրան, որ լրատվամիջոցները կդադարեն հրապարակել նյութեր կոռուպցիայի մասին, և այդ դեպքում կվնասվի տեղեկություններ ստանալու հանրային շահը, պետական մարմիներին վերահսկելու ժողովրդավարական կառավարման հանրային իրավունքը։

Այս առումով հատկանշական է, որ դատարանը չի կատարել խնդրո առարկա հրապարակման հանրային նշանակության, տեղեկություններ ու գաղափարների տարածելու լրագրողական ազատության և տեղեկություններ ստանալու հանրային շահի վերաբերյալ դիտարկումներ՝ դրանք հայցվորի անձնական հեղինակության հարգման իրավունքի հետ համադրելու նպատակով։ Մինչդեռ, այդպիսի վերլուծություն կատարելով՝ դատարանը նույնպես կարող էր համոզվել, որ տվյալ հրապարակմամբ տեղեկություն ստանալու հանրային շահը գերակայում է գնահատականների վերաբերյալ ապացույց ներկայացնելու հայցվորի շահի նկատմամբ։

Եզրափակելով, Խորհուրդը գտնում է, որ առաջին ատյանի դատարանի վճիռը կարծիք արտահայտելու, լրագրողական ազատությանն անհամաչափ միջամտություն է, որի արդյունքում խախտվել է լրատվամիջոցի ու լրագրողի տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքը, որը երաշխավորված է ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով։

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Արա Ղազարյան — «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն

Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Օլգա Սաֆարյան — Փաստաբան

[1] Տե՛ս, օրինակ, ՏՎԽ 34-րդ փորձագիտական կարծիքը։

[2] Տե՛ս, նաև Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով, ըստ որի «վիրավորանքի սահմանումը չի կարող ենթադրել, որ անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով: Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումը այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա: ․․․ Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա ․․․ Գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել (տե՛ս Ռիզոսը և Դասկասն ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 27.05.2004 թվականի վճիռը, կետ 45)»:

 

Skip to content