Փաստերը

2024թ․ ապրիլի 8-ին «Առավոտ» օրաթերթի տնօրեն Գագիկ Մելքոնյանը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն՝ խնդրելով «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն դադարեցնել օրաթերթի լրագրող Ռոզա Հովհաննիսյանի հավատարմագրումը ՀՀ կառավարության 2024 թվականի գործունեությունը լուսաբանելու համար և նրա փոխարեն հավատարմագրել խմբագրության մեկ այլ լրագրողի՝ Հռիփսիմե Ջեբեջյանին։ Գրության մեջ նաև եղել է խնդրանք՝ հավատարմագրումը մերժելու դեպքում նշել օրենքի այն նորմը, որի հիման վրա կայացվել է այդպիսի որոշում (տե՛ս հավելվածում):

Նույն օրը՝ ապրիլի 8-ին, խմբագրությունը ՀՀ վարչապետի աշխատակազմից էլեկտրոնային փոստով ստացել է պատասխան, որում նշվել է, որ «Առավոտ» օրաթերթից 2024թ. Կառավարության գործունեությունը լուսաբանելու համար հավատարմագրվել են լրագրողներ Նելլի Բաբայանը և Ռոզա Հովհաննիսյանը, որոնց հավատարմագրերն ուժի մեջ են մինչև 2024թ. դեկտեմբերի 30-ը: Ըստ նամակում բերված պարզաբանման՝ «Ռոզա Հովհաննիսյանի հավատարմագիրը կչեղարկվի միայն «Առավոտ» օրաթերթից նրա աշխատանքից ազատվելու դեպքում, երբ օրաթերթի կողմից ներկայացված դիմումով կհավաստվի փաստը և կփոխարինվի նոր լրագրողի հավատարմագրումով (Վարչապետի աշխատակազմում գործող ներքին կանոնակարգի և մինչ այժմ կիրառված պրակտիկայի համաձայն)»: Ի հավելումն նաև նշվել է, որ լրացուցիչ հավատարմագրման ընթացակարգը, որ ուժի մեջ էր մինչև ապրիլի 3-ը, նույնպես չի կարող կիրառվել, քանի որ «դա ընդամենը հնարավորություն էր այն  լրատվամիջոցներին, որոնք ինչ-ինչ պատճառներով չէին հասցրել դեռևս 2023թ. դեկտեմբերին հավատարմագրման դիմում ներկայացնել»։ Արդյունքում «Առավոտ» օրաթերթի խնդրանքը մերժվել է։ Պատասխան նամակում չի վկայակոչվել իրավական որևէ նորմ, որն այդ մերժման հիմք է դարձել։ 

Եզրահանգում

Հայաստանի պետական մարմիններում լրագրողների հավատարմագրման իրավական հիմքերը սահմանված են «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածով։ Ըստ այդմ՝ լրատվական գործունեություն իրականացնողն իրավունք ունի դիմել պետական մարմիններ իր լրագրողին հավատարմագրելու համար, և պետական մարմինը պարտավոր է հնգօրյա ժամկետում հավատարմագրել լրագրողին։ Նախատեսված է նաև, որ պետական մարմնի կողմից հավատարմագրման կարգ սահմանված չլինելը լրագրողի հավատարմագրումը մերժելու հիմք չէ (6-րդ հոդվածի 1-ին մաս)։ Այս դրույթներից բխում է, որ լրագրողի հավատարմագրումը իրավունք է, այլ ոչ՝ արտոնություն։

Նշվածը հաստատվում է նաև հաջորդ դրույթներով, ըստ որոնց՝ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով, իսկ պետական մարմնի կողմից սահմանված հավատարմագրման կարգում պետք է սահմանվեն միայն հետևյալ կարգավորումները․ 1) լրատվության միջոցի տեսակը, տարածման տարածքը, մամուլի տպաքանակը և այլ հանգամանքներ, որոնց պարագայում հավատարմագրվում է նրա լրագրողը, 2) հավատարմագրված լրագրողի աշխատանքի կազմակերպման կանոնները,  նրա աշխատանքի արդյունավետության ապահովմանն ուղղված պայմանները, և 3) տվյալ պետական մարմնի գործունեության առանձնահատկություններից բխող պահանջները (հոդված 6, մաս 2, ենթակետեր 1-3): Ի հավելումն, օրենքը նաև մատնանշում է մի շարք պայմաններ, որոնց ամրագրումը հավատարմագրման կարգերում պետք է բացառվի։ Մասնավորապես, դրանցում չպետք է սահմանվեն, իսկ սահմանվելու դեպքում իրավաբանական ուժ չունեն այնպիսի դրույթները, որոնք՝ 1) կսահմանափակեն հավատարմագրված լրագրողի իրավունքը` մասնակցելու տվյալ մարմնի, դրա ստորաբաժանումների նիստերին՝  բացառությամբ դրանց դռնփակ լինելու դեպքերի, 2) կբացառեն տվյալ մարմնում անցկացվող միջոցառումների մասին լրագրողների` ողջամիտ ժամկետում տեղեկացված լինելը, 3) անհավասար պայմաններ կստեղծեն հավատարմագրված լրագրողների համար, և 4) կսահմանափակեն լրագրողի` տեղեկություն ձեռք բերելու օրենքով սահմանված իրավունքները:

Այս կարգավորումներից բխում է, որ կանխավարկածը միշտ աշխատում է հավատարմագրման օգտին, իսկ պետական մարմինը դիմումն ի գիտություն ընդունող և գրանցող մարմին է։ Հետևաբար, հարց է ծագում, թե արդյո՞ք Վարչապետի աշխատակազմը առաջնորդվել է օրենքով սահմանված կարգով։

ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, որը վերաբերում է օրենքի գերակայությանը, սահմանում է, որ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Տվյալ դեպքում Վարչապետի աշխատակազմը հրաժարվել է հավատարմագրել լրատվական գործունեություն իրականացնող ընկերության լրագրողին՝ վկայակոչելով այնպիսի հիմք, որը սահմանված չէ ո՛չ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, ո՛չ էլ ՀՀ կառավարության կողմից ընդունված հավատարմագրման օրինակելի կարգում։ Այսպես, օրինակելի կարգի 11-րդ կետում սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե լրատվամիջոցի դիմումը չի բովանդակում այդ կարգի 6-րդ կետում նշված տեղեկությունները (լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի մասին մի շարք տվյալներ), կամ խախտվում է կարգի 9-րդ կետի պահանջը (այն է՝ լրատվության միջոցը կարող է ներկայացնել ոչ ավելի, քան 2 լրագրող), կամ առկա է կարգի 13-րդ կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկը (դրանք են՝ լրագրողը ճանաչվել է անգործունակ, եղել է դատապարտված ու դատվածությունը մարված չէ, և լրագրողը տարածել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ինչը հաստատվել է դատարանի որոշումով):

Ակնհայտ է, որ տվյալ դեպքում լրագրողի հավատարմագրումը մերժելու մասին պետական մարմնի որոշումը վերը նշված հիմքերից ոչ մեկից չի բխում, և Վարչապետի աշխատակազմի ներկայացրած պատճառաբանությունները իրավաչափ չեն։

Զուրկ է իրավական հիմքերից նաև «Առավոտ» օրաթերթի՝ իր լրագրողներից մեկի հավատարմագրումը դադարեցնելու խնդրանքի մերժումը՝ դրան վերաբերող փաստարկներով հանդերձ։ Վերոհիշյալ օրինակելի կարգի նույն 11-րդ կետի «դ» ենթակետերի համաձայն՝ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել, եթե դրա մասին դիմել է լրատվական գործունեություն իրականացնողը։ Ըստ էության, պետական մարմնին ուղղված «Առավոտ»-ի գրությունը բովանդակել է երկու փոխկապակցված իրավաչափ խնդրանք՝ դադարեցնել խմբագրության մի լրագրողի հավատարմագրումը և նրա փոխարեն հավատարմագրել մյուսին։ Եվ Վարչապետի աշխատակազմը պարտավոր էր բավարարել այդ խնդրանքները՝ հաշվի առնելով ներպետական օրենսդրական կարգավորումները և միջազգային նորմերը։

Տեղեկատվական վեճերի խորհուրդը նաև արձանագրում է. անկախ նրանից, որ պետական մարմինը լրագրողի հավատարմագրումը մերժել է այնպիսի պատճառաբանությամբ, որը սահմանված չէ օրենքում և օրինակելի կարգում, այն փաստը, որ Վարչապետի աշխատակազմը չի վկայակոչել որևէ իրավական նորմ իր որոշումը հիմնավորելու համար, ինքնին այդ որոշումը դարձնում է անօրինական։ Խախտումն այս իմաստով առավել ընդծվում է նրանով, որ աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հղում է կատարել ինչ-որ «ներքին կանոնակարգի»՝ առանց հստակեցնելու, թե դա ինչ փաստաթուղթ է։ Նույն իմաստով անընդունելի է նաև «մինչ այժմ կիրառված պրակտիկայի համաձայն» պատճառաբանությունը, քանի որ, նախ, հայտնի չէ, թե արդյո՞ք նման պրակտիկա ձևավորվել է, թե՝ ոչ, և, բացի այդ, եթե նույնիսկ այդպիսի պրակտիկա ձևավորվել է, ապա դա ակնհայտորեն հակասում է և՛ «Զանգվածային լրատվության մասին» օրենքին, և ՀՀ կառավարության ընդունած լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգին։

Ի դեպ, այդ նույն օրինակելի կարգն ունի ևս մեկ կարևորագույն սահմանում, ըստ որի՝ հավատարմագրված լրագրողի գործունեությունը պետական մարմնում կանոնակարգվում է ոչ միայն ՀՀ օրենսդրությամբ, այլև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան: Այդ իմաստով Խորհուրդը նշում է, որ ոլորտի վերաբերյալ միջազգային բազմաթիվ հեղինակավոր կառույցներ իրենց փաստաթղթերում բազմիցս հայտարարել են, որ հավատարմագրումը չի կարող դիտարկվել որպես թույլտվության ընթացակարգ։

Մասնավորապես, ըստ ԵԱՀԿ-ի՝ հավատարմագրումը ոչ թե «լրագրության համար ընդհանուր թույլտվության» մեխանիզմ է, այլ՝ լրագրողների աշխատանքը խթանող համակարգ[1]։ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Մասնակից Պետություններին հորդորել է լրագրողների հավատարմագրման տարբեր վարչական գործընթացները չկիրառել այնպես, որ դրանք սառեցնող ազդեցություն ունենան լրագրողական ազատությունների նկատմամբ[2]։  Ավելին, միջազգային սկզբունքների համաձայն՝ պետական մարմինների կողմից լրագրողների հավատարմագրումը համարվում է տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքի միջամտություն, հետևաբար՝ ենթակա է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի երեք պայմաններին՝ հավատարմագրման ընթացակարգերը, ինչպես նաև հավատարմագրման մերժման կամ դադարեցման հիմքերը պետք է լինեն օրենքին համապատասխան, հետապնդեն իրավաչափ նպատակ ու անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում[3]։

Այդ լույսի ներքո  Խորհուրդը եզրակացնում է, որ ՀՀ կառավարությունում «Առավոտ» օրաթերթի թղթակիցներից մեկի հավատարմագրման դադարեցման և նրա փոխարեն խմբագրության մեկ այլ լրագրողի հավատարմագրման դիմումը մերժելու մասին Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության որոշումը ոչ միայն չի համապատասխանում օրինականության պահանջին, այլև անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում։ Դրանով խախտվել է «Առավոտ» օրաթերթի տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքը, որը պաշտպանվում է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով։

***

Այս փորձագիտական կարծիքը պատրաստելիս ՏՎԽ-ն դիմել է նաև Լրատվամիջոցների էթիկայի Դիտորդ մարմին՝ վերջինիս առաջարկելով վեճը մեկնաբանել մասնագիտական նորմերի տեսակետից։ Ուսումնասիրելով խնդրի հանգամանքները՝ Դիտորդ մարմինն արձանագրել է, որ տվյալ դեպքում խախտվել է խմբագրական անկախության սկզբունքը, որը լրատվամիջոցների ազատության հիմնական բաղադրիչներից է։ Խմբագրության տնօրինության/ղեկավարության իրավունքն է՝ որոշել, թե ինչպես պետք է կազմակերպվի լրագրողների աշխատանքը, և լրագրողներից ով որ գործառույթն է իրականացնում լսարանի տեղեկատվական պահանջարկը բավարարելու նպատակով։ Դա ներառում է նաև այս կամ այն հանրային կամ մասնավոր կառույցում հավատարմագրելու համար լրագրողի ընտրությունը։ Բնականաբար, ժամանակային որևէ շրջանակով չսահմանափակված աշխատանքային պրոցեսը ենթադրում է նաև հավատարմագրվող լրագրողի ընտրություն և նրա փոխարինման հնարավորություն՝ խմբագրության որոշմամբ։

Դիտորդ մարմինը նշում է նաև, որ անգամ եթե ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ղեկավարվել է ներքին կանոնակարգով և կիրառվող պրակտիկայով, որոնք թույլ են տալիս միջամտություն լրատվամիջոցի խմբագրական անկախությանը, ապա  դրանք պետք է վերանայվեն, այլ ոչ թե կիրառվեն խնդրո առարկա և այլ նմանատիպ դեպքերում։

[1] Organization for Security and Co-operation in Europe The Representative on Freedom of the Media Miklós Haraszti 25 October 2006 Special Report: Accreditation of Journalists in the OSCE area Observations and Recommendations: Հատուկ զեկույց․ լրագրողների հավատարմագրումը ԵԱՀԿ տարածքում․ դիտարկումներև հանձնարարականներ։ Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհուրդ։ 25/10/2006թ․ էջ 7:

[2] Recommendation CM/Rec(2016)4 of the Committee of Ministers to member States on the protection of journalism and safety of journalists and other media actors. Եվրոպայի խորհրդի CM/Rec(2016)4 հանձնարարականը Մասնակից Պետություններին լրագրության պաշտպանության, լրագրողների և այլ մեդիա դերակատարների անվտանգության մասին։ Կետ 37:

[3] Տե՛ս Եվրոպայի խորհրդի գրությունը ՀՀ իշխանություններին ՀՀ կառավարության 2004թ․ մարտի 4-ի թիվ 333-ն որոշման կապակցությամբ։

Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան — «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի նախագահ
Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան — Փաստաբան
Դավիթ Սանդուխչյան – Փաստաբան

 

Skip to content