Գործի հանգամանքները

 

Սույն թվականի փետրվարի 29-ին 4rd.am/ լրատվական կայքը  հրապարակել է հետևյալ հոդվածը Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանի մասին․ 

 

Գորգիսյանը կլիներ ջեբկիր

Պաշտոնապես հայտարարում եմ՝ ովքեր մտահոգ են, որ ՈՉ-ի ճամբարում մեր լիցենզիայով հանձնաժողովի անդամ է լինելու՝ պատրաստվում էին լցոնումներ իրականացնել ընտրական տեղամասերում»,- ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: 

 

«ՉԻ». Հետո ասում են՝ Հայաստանում կորոնավիրուս չկա: Մարդը բացահայտ ցույց է տալիս, որ խնդիրներ ունի, բայց քանի որ «ընդդիմադիր» է՝ Թորոսյանը չի ցանկանում նրան հոսպիտալացնել: Գորգիսյանի դեպքում կարելի է նաև պնդել, որ դիմակները չեն օգնում վիրուսից պաշտպանվել. չէ՞ որ նա առաջին իսկ վտանգի դեպքում մշտապես դիմում է թաշկինակի օգնությանը և փակում քիթն ու բերանը: Գորգիսյանի մոտ կարծես արդեն բարի ավանդույթ է ձևավորվել՝ ցանկացած լուրջ գործընթացի նախաշեմին նա անում է մի գործողություն կամ արտահայտում մի միտք, որը դառնում է այդ գործընթացի անքակտելի մասը: Եվ քանի որ ԼՀԿ-ն հիմա մտել է մարաղ, և մանյովրի դաշտը փոքրացել է, հերոսի ազգանունով պատգամավորը որոշեց սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեջ իր անունը մտցնել նման անհեթեթ մտքերով: Պաշտոնապես հայտարարում ենք՝ եթե Միքայել Մինասյանը չստեղծեր «Լուսավոր Հայաստանը» և չլիներ Գևորգի ազգանվան առավելությունը, ապա նա հաստատ կլիներ ջեբկիր»»:

 

Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, ով Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ է, դիմել է դատարան՝ պնդելով, որ լրատվամիջոցը անվանարկել է իրեն հոդվածի վերջին նախադասությամբ, մասնավորապես՝ իրեն անվանելով «ջեբկիր», որը գրական հայերենով նշանակում է գրպանահատ։ Նա նշել է, որ տվյալ արտահայտությունն առարկայազուրկ է ու բովանդակազուրկ, չի փաստարկված որևէ համոզիչ պնդմամբ, քանի որ այդ արտահայտությունն ընդամենը հոդվածի հեղինակի վառ երևակայության արդյունքն է, և/կամ ընդգծված ցինիզմի դրսևորում, որ հոդվածագիրն իրեն մեղադրում է մի արարքի մեջ, որը հանցագործություն է, հետևաբար, հոդվածը գրվել է իրեն վիրավորելու, պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու նպատակով։   

 

Ի պատասխան հայցադիմումի, լրատվամիջոցը հանդես է եկել հոդվածով, որում հայտարարել է, որ «ջեբկիր» անվանելով՝ նպատակ է ունեցել «ծաղրել» Ազգային ժողովի պատգամավորին ավելի վաղ կատարած հրապարակային մի հայտարարության համար, ըստ որի՝ նրանք, ովքեր քննադատում էին «Լուսավոր Հայաստանի» պատրաստակամությունը՝ համալրել  հսահմանադրականանրաքվեում ՈՉ-ի ճամբարի հանձնաժողովները, «պատրաստվում էին լցոնումներ իրականացնել ընտրական տեղամասերում»։ Լրատվամիջոցը հայտարարել է, որ «նման աղավաղված տրամաբանություն կիրառելու դեպքում կարելի է նույն հաջողությամբ «եզրակացնել», որ որոշ պայմանների կատարման դեպքում՝ նա կարող էր դառնալ ջեբկիր։ Դատական քննությունը դեռևս ընթացքի մեջ է։

 

Վերլուծություն և եզրակացություն

 

Անկասկած է, որ վիճահարույց արտահայտությունը լրատվամիջոցի կողմից օգտագործվել է որպես գնահատական-դատողություն, և ոչ փաստացի հայտարարություն։ Հետևաբար, արտահայտության իրավաչափությունը կգնահատվի գնահատող-դատողություն հասկացության ներքո։  Գնահատական-դատողությունն ապացուցման ենթակա չէ։ Այն իր էությամբ կարծիք է, ենթադրություն՝ որևէ իրի կամ երևույթի վերաբերյալ անձի, տվյալ դեպքում՝ լրագրողի սուբյեկտիվ գնահատականը։ ՀՀ Սահմանադրական դատարանը գտնում է, որ գնահատողական դատողությունը փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում արվող հետևություն է, ինչը լրագրողի ոչ միայն իրավունքը, այլև` պարտականությունն է (ՍԴՈ-997, բաժին  7, նախավերջին և վերջին պարբերություններ):   Տվյալ դեպքում լրատվամիջոցը քաղաքական գործչի հրապարակային հայտարարությանը տվել է սուբյեկտիվ գնահատական՝ սուր համեմատության միջոցով։ Որպես այդպիսին, դա տեղավորվում է քաղաքական գործիչների քննադատության թույլատրելի շրջանակներում։ Այդ առնչությամբ բազմիցս նշվել է, որ քաղաքական գործիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն իրենց հասցեին հնչող քննադատության առնչությամբ, նույնիսկ եթե դրանք ցնցող են, անհանգստացնող և անգամ սադրող։ (Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2293/02/10 գործով որոշում, 27.04..2012թ․, էջ 18: Տե՛ս նաև Սահմանադրական դատարւնի ՍԴՈ-997 որոշման 11-րդ բաժնում։ ՏՎԽ-ն իր թիվ 40 որոշման մեջ եզրահանգել է, որ Թեև լրագրողական ազատությունը ներառում է հանրային հետաքրքրություն ներկայացնող դեպքերի վերաբերյալ սուր քննադատական, ցնցող, անհանգստություն պատճառող և նույնիսկ սադրող բնույթի խոսք տարածելու հնարավորություն, նման ազատությունը ազատ խոսքի խախտում չէ, եթե լրագրողը միաժամանակ գործում է բարեխղճորեն և  տրամադրում է վստահելի ու ճշգրիտ տեղեկություն՝ լրագրողական վարքագծի նորմերի հիման վրա (Շաբանովն ու Տրենն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 5433/02, 14/12/2006, ՄԻԵԴ, § 40): Կարևոր հանգամանք է, որ քննադատությունը չպարունակի ատելության խոսք կամ անհարկի, հանիրավի վիրավորանք։ Տվյալ դեպքում օգտագործված արտահայտությունը ատելության խոսք չի կարող որակվել։  Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք հնչեցված արտահայտությունը վիրավորանք է, Խորհուրդը նկատում է, որ քննադատությունը զուրկ չէր համատեքստից։ Վիճահարույց արտահայտությունն օգտագործվել է որոշակի համատեքստում, որի վերաբերյալ լրատվամիջոցը տվել է պարզաբանում իր պատասխան հոդվածում։ Մասնավորապես, մինչև հրապարակումը ծավալվել էին իրադարձություններ, որոնք բխել էին քաղաքական գործչի հրապարակային խոսքից և առաջացրել էին դժգոհություն հասարակական որոշակի շրջանակներում։ Քննադատական խոսքը հրապարակվել էր տվյալ իրադարձությունների լույսի ներքո՝ դրանց արձագանքելու նպատակով։ Այսինքն, կարծիքը չի հնչեցվել առերևույթ կամայականորեն, այլ նպատակ է հետապնդել համարժեք արձագանքել քաղաքական գործչի հրապարակային ելույթին։  Նույն համատեքստում ՀՀ Սահմանադրական դատարանը նշել է, որ գնահատող դատողությունը չի կարող համարվել վիրավորական, եթե հիմնված է որոշակի փաստական հանգամանքների վրա։ Սույն մոտեցումը բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից, ըստ որի՝ գնահատական-դատողությունը որպես արտահայտվելու եղանակ անիրավաչափ չէ, եթե հիմնված է որոշակի փաստական հիմքերի վրա: (E.S.-ն ընդդեմ Ավստրիայի, թիվ 38450/12, 25/10/2018, 18/03/2019, կետ 48): Այսպիսով, որոշիչ նշանակություն ունի այն հանգամանքը, որ վիճահարույց գնահատական-դատողությունը բխել է կոնկրետ իրավիճակից, փաստակազմից, որն էր՝ քաղաքական գործչի հրապարակային հայտարարությունը, ինչը պարունակել է ծայրահեղ գնահատական քաղաքական կոնկրետ իրադարձությունների վերաբերյալ։ Տվյալ դեպքում լրատվամիջոցի քննադատությունն ինքնանպատակ չէր, հետապնդում էր հանրային նպատակ, կոչված էր հանրության ուշադրությունը հրավիրել քաղաքական գործչի հրապարակային խոսքի վրա։ Հաշվի առնելով վերը նշվածը, Խորհուրդ գտնում է, որ տվյալ հանգամանքում լրատվամիջոցը տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իր իրավունքն իրացրել է համաչափորեն և իրավաչափորեն։ 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Արա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Օլգա Սաֆարյան — Փաստաբան 

Դավիթ Սանդուխչյան — Փաստաբան

 

Skip to content