2016 թ.-ի սեպտեմբերի 29-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը և Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը հրապարակել են «Բաղրամյանում ինքնահրկիզված տղամարդը ՄԻԱՎ ուներ. ինչ վտանգ կարող է սպառնալ նրան օգնություն ցուցաբերածներին. ներկայացնում է բժիշկը» հրապարակման վերաբերյալ համատեղ կարծիք: 

Փաստերը.

2016թ.-ի թվականի հուլիսի 30-ին Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ ինքնահրկիզման փորձ կատարեց քաղաքացի Քաջիկ Գրիգորյանը։ Դեպքը լայնորեն լուսաբանվեց լրատվամիջոցներում։ Մի քանի օր անց ստացված այրվածքներից քաղաքացին մահացավ հիվանդանոցում։ Օգոստոսի 2-ին www.armlur.am առցանց լրատվական կայքը տարածեց ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքային գիտական կենտրոնի այրվածքաբան Նորայր Դավիդյանցի հետ իր լրագրողի հարցազրույցից մի հատված, որում  այրվածքաբանը հայտնել էր, որ Քաջիկ Գրիգորյանը ՄԻԱՎ վարակակիր էր և որ նա ստանում էր նաև մեթադոնային բուժում որպես թմրամոլ։ Հարցազրույցի վերջում այրվածքաբանը հայտարարել էր, թե բոլոր այն մարդիկ, որոնք Բաղրամյան պողոտայում օգնություն էին ցուցաբերել Քաջիկ Գրիգորյանին և դա անելիս դիպել էին նրա բաց վերքին, պետք է  բուժզննում անցնեն՝ իրենց անվտանգությունից ու ապահովությունից ելնելով (http://armlur.am/563606/): Այդ լուրը արտատպվել է բազմաթիվ լրատվամիջոցներում  և արագորեն տարածվել` այդպիսով հանրայնացնելով մահացած անձի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունը։

Անձի առողջական վիճակի մասին տեղեկությունը գտնվում է օրենքի հատուկ պաշտպանության ներքո. Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն՝ անձի առողջական վիճակի և սեռական կյանքին վերաբերող տեղեկությունները համարվում են հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ։ Նույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանվում է, որ հատուկ կատեգորիայի անձնական տվյալների մշակումն արգելվում է առանց անձի համաձայնության՝ բացառությամբ, երբ տվյալի մշակումն ուղղակիորեն նախատեսված է օրենքով, իսկ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետի համաձայն, անձի մահվան դեպքում նրա տվյալները մշակելու համար համաձայնությոն են տալիս տվյալների սուբյեկտի (մահացած անձի) բոլոր ըստ օրենքի ժառանգները։ 

 

Նման տեղեկություններ հրապարակելիս լրատվամիջոցները բախվում են երկու մրցակցող շահերի՝ մի կողմից արտահայտվելու ազատության, մյուս կողմից՝ անձի անձնական կյանքի, իսկ մահացած անձի դեպքում՝ նրա ժառանգորդների, հարազատների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի հետ։ Երկուսն էլ մարդու հիմնարար, անօտարելի իրավունքներ են և որպես այդպիսին պահանջում են առանձնահատուկ հարգանք։ Նման հակասական իրավիճակում հայտնված լրատվամիջոցները և լրագրողները տեղեկությունը հրապարակելու նպատակահարմարության հարցը որոշելիս պետք է կողմնորոշվեն այն հանգամանքով, թե անձի առողջական վիճակի և սեռական կյանքի մասին տեղեկությունը որքանով է հանրային հետաքրքրություն ներկայացնում։ Այս պայմանը գործում է նաև այն դեպքում, երբ լրատվամիջոցը պատշաճ կերպով վկայակոչել է տեղեկատվության աղբյուրը և, այդպիսով, գտնվում է օրենքի պաշտպանության տակ։ Նույնիսկ եթե տեղեկությունը ստացվել ու հրապարակվել է օրենքով սահմանված կարգով, դա դեռ բավարար պայման չէ, որպեսզի տեղեկատվության եղանակը համարվի իրավաչափ։ Անհրաժեշտ պայման է նաև, թե արդյո՞ք բժշկական տվյալի հրապարակումը, հետևաբար նաև անձնական կյանքի միջամտությունը, պայմանավորված էր հասարակական շահով, որը կոնկրետ դեպքում կարող էր գերակայել բժշկական տվյալի գաղտնիության անձնական իրավունքի նկատմամբ։ Նման տեղեկության հրապարակումը, կարող է անասելի ցավ ու տառապանք պատճառել մահացածի հարազատներին՝ հատկապես, եթե տեղեկությունը հրապարակվում է անձի մահվանից անմիջապես  հետո կամ կարճ ժամանակ անց (Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը Գեններն ընդդեմ  Ավստրիայի գործում, թիվ 55495/08, 12/01/2016, § 45:)։  

 

Արտահայտվելու ազատության եւ անձնական կյանքի հարգանքի իրավունքը հավասարակշռելու պահանջն ամրագրված է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում, որի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արգելվում է այնպիսի տեղեկատվության տարածումը, որը խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը, իսկ 3-րդ մասի համաձայն՝ մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկատվության տարածումը թույլատրվում է, եթե դա անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար: 

 

Եզրահանգում

 

Հաշվի առնելով վերը նշվածը, Տեղեկատվական վեճերի խորհուրդը եւ Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը գտնում են, որ Քաջիկ Գրիգորյանի մահվան հանգամանքը, ինչպես նաև դրա պատճառը (ինքնահրկիզումը, այրվածքները), անկասկած, ներկայացնում էին որոշակի հանրային հետաքրքրություն, քանի որ մահվան պատճառ հանդիսացող դեպքը տեղի էր ունեցել հանրային նշանակության իրադարձության ժամանակ, որի մասին հասարակությունը լայնորեն իրազեկվել էր լրատվամիջոցների կողմից։ Միևնույն ժամանակ, Քաջիկ Գրիգորյանի թմրամոլ լինելու, թմրամոլությունից բուժվելու և, առավել ևս՝ ՄԻԱՎ վարակակիր հանդիսանալու հանգամանքները կարող էին հետաքրքրություն ներկայացնել  ընթերցողների նեղ շրջանակների, բայց ոչ լայն հանրության համար: Տեղեկատվության աղբյուրի, տվյալ դեպքում այրվածքաբանի, անմիջական ասածները վկայակոչելը, թեեւ, առաջին հայացքից, արդարացնում է այդ թեմայով հրապարակումների հեղինակներին, սակայն չի հանում բարոյական խնդիրը։ Մանավանդ, որ միջադեպի լուսաբանման ուղվածությունը չէր հետապնդում լայն հնչեղություն ունեցող որեւէ հիմնախնդրի հանրային քննարկման նպատակ: Հետեւաբար, լրագրողների ու բժիշկների միջեւ պայմանավորվածությամբ պետք է մշակվեր տեղեկատվության տարածման այնպիսի եղանակ, որը կիրազեկեր Քաջիկ Գրիգորյանի հետ ինքնահրկիզման փորձից հետո շփում ունեցած անձանց հնարավոր ռիսկերի մասին, բայց, միաժամանակ, պահպաներ անձնական կյանքի պաշտպանվածության սկզբունքը: 

ՀՀ Սահմանադրական դատարանը նման իրավիճակների վերաբերյալ հետեւյալ մեկնաբանություն է տվել. «Իրենց աշխատանքն իրականացնելիս լրագրողներն օգտվում են արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանության լայն շրջանակից, ինչը պայմանավորված է հասարակության մեջ նրանց ունեցած դերով: Եթե, այնուամենայնիվ, լրագրողները դուրս գան իրենց կողմից ներկայացվող բանավեճի կամ խնդրի շրջանակներից այնպիսի հայտարարությունների միջոցով, որոնք ներխուժում են տուժող կողմի անձնական իրավունքների մեջ այն ծավալով, որ էլ հնարավոր չէ փաստարկել, որ իրենք իրենց ներդրումն են կատարում հասարակության համար կարևոր հարցերի բաց հանրային քննարկմանը, նրանք չեն կարող պնդել, որ հասարակության մեջ իրենց ունեցած դերը նշանակում է, որ արտահայտվելու իրենց իրավունքը գերակայում է տուժող կողմի անձնական իրավունքներին միջամտելու նկատմամբ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ լրագրողների արտահայտվելու ազատությունը պաշտպանվում է, եթե նրանք գործում են իրենց «առաքելության» շրջանակներում»: 

 

Ըստ վերը նշվածի, եթե լրագրողը իրականացնում է հանրությանը տեղեկատվություն տրամադրելու կարևոր  առաքելություն, դեռ չի նշանակում, որ նա կարող է հրապարակել ցանկացած տեղեկություն, եթե պարզապես պահպանում է տեղեկատվության աղբյուրը նշելու օրենքի պարզ պահանջը։ Առավել կարևոր է հարգանքն անձնական կյանքի նկատմամբ, որին միջամտությունը լրատվամիջոցների կողմից կարող է անդառնալի հետևանքներ առաջացնել անձի համար։

Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի  4.6. կետի համաձայն. «…առողջական լուրջ խնդիրներ ունեցող, ինքնասպանություն գործած կամ այդպիսի փորձ կատարած անձանց…մասին տեղեկություններ հավաքելիս, հարցազրույց կամ լուսանկար հրապարակելիս, տեսա կամ ձայնանյութ հեռարձակելիս նրբանկատ լինել նրանց նկատմամբ»:

 

Իսկ Կանոնագրի 4.1 կետը սահմանում է, որ խմբագրությունը և լրագրողը պարտավոր են. «պաշտպանել մարդկանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը՝ ներառյալ հարգանքն անձնական…կյանքի նկատմամբ։ Բացառապես հասարակական շահի առկայութամբ կամ պաշտպանության անհրաժեշտությամբ կարող է արդարացվել… հասարակական ուշադրության ձգտող մարդկանց անձնական կյանքին վերաբերող տեղեկությունների հրապարակումը»։

 

Նշված էթիկական նորմերը հաստատում են, որ նույնիսկ եթե Քաջիկ Գրիգորյանն իր արարքով ձգտում էր հասարակական ուշադրության, այդ հանգամանքն ինքնին չէր կարող արդարացնել նրա առողջական վիճակի մասին տվյալների հրապարակումը, քանի որ հանրային շահն ակնհայտ չէր։

 

Ամփոփելով վերը նշվածը, Տեղեկատվական վեճերի խորհուրդը եւ Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը համարում են, որ Քաջիկ Գրիգորյանի մահվանից հետո նրա թմրամոլ լինելու, թմրամոլությունից բուժվելու, ինչպես նաև ՄԻԱՎ վարակակիր լինելու մասին տեղեկությունների հրապարակումը, նույնիսկ տեղեկատվության աղբյուրի պատշաճ վկայակոչման դեպքում, էթիկապես խոցելի է:

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

 

Արա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական

գրասենյակի փոխտնօրեն

Մանանա Ասլամազյան –անկախ մեդիափորձագետ

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Գեղամ Վարդանյան— Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր

 

Skip to content