2013 թվականի փոտրվարի 5-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի և ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանի կողմից ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի և լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ հարուցված դատական գործի վերաբերյալ իր կարծիքը:

1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ն և ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանը դիմել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի և լրագրող Սոնա Գրիգորյանի՝ կապված «Ժողովուրդ» օրաթերթում 11.12.12թ.-ին տպագրած «Հայտնի օլիգարխին տուգանել են ժամկետանց ձվեր վաճառելու համար» հոդվածի հետ: Հայցվորները գտնում են, որ վիճահարույց հոդվածով խախտվել է Խաչիկ Խաչատրյանի պատիվը և արժանապատվությունը և  ընկերության գործարար համբավը: Հայցապահանջով խնդրել են դատարանին պարտավորեցնել տպագրել հերքում, ինչպես նաև բռնագանձել 3 մլն դրամ վիրավորանքի և զրպարտության դիմաց: Դատավարության նախապատրաստական փուլում ներկայացվել է միջնորդություն հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին, ըստ որի պահանջվել է 3 մլն դրամի չափով արգելանք դնել պատասխանողների գույքի կամ դրամական միջոցների վրա, ինչպես նաև արգելել  պատասխանող լրատվամիջոցին օրաթերթում կամ այլ լրատվական միջոցներով լուսաբանել դատական վեճի առարկա խնդիրը և դատական վեճի հետագա ընթացքը: Դատարանը 10.01.2013թ.-ին կայացրել է որոշում միջնորդության կապակցությամբ, որով բավարարել է գույքի վրա արգելանք դնելու մասով միջնորդությունը, սակայն մերժել է ֆինանսական միջոցների վրա արգելանք դնելու, ինչպես նաև դատական վեճի առարկա խնդիրը և դատական վեճի ընթացքը լուսաբանելը արգելելու մասին պահանջները: Իր որոշումը դատարանը պատճառաբանել է հետևյալ կերպ. 

 

«…կայացվելիք դատական ակտի կատարումը, դատարանի համոզմամբ, հայցվորների պահանջված հայցի ապահովման միջոցներից, կարող է ապահովել պատասխանողներին պատկանող գույքի վրա արգելանք դնելու միջոցով: Այսինքն, միայն պատասխանողներին պատկանող գույքի վրա արգելանք դնելը սույն դեպքում բավարար է, որպեսզի դատական ակտի կատարումը չառանա անհնարին կամ չդժվարանա:

 

Իսկ պատասխանողներին մինչև վեճի ավարտը §Ժողովուրդ¦ օրաթերթում կամ այլ լրատվական միջոցներով սույն գործով քնարկվող խնդիրը, այդ թվում` նաև դատական վեճի ընթացքը լուսաբանելը որևէ կերպ չի կարող անհնարին դարձնել կամ դժվարացնել սույն քաղաքացիական գործով կայացվելիք դատական ակտի կատարումը, ուստի դատարանը գտնում է, որ հայցվորների միջնորդությունը… ենթակա է մերժման, քանի որ նշված մասերով միջնորդությունը չի բխում… հայցի ապահովման կիրառման անհրաժեշտության էությունից և դրա կիրառման նպատակահարմարությունից»: 

 

2. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

 

Հաշվի առնելով, որ դատաքննությունը դեռ նախապատրաստական փուլում է, իսկ ներկայումս հանրության քննարկման առարկա է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին հայցվորների միջնորդությունը, Խորհուրդն առայժմ ձեռնպահ է մնում գործի էության մասին կարծիք հայտնելուց և ցանկանում է անդրադառնալ միայն հայցի ապահովման միջոց կիրառելու մասին կողմի միջնորդությանը:

 

Դատարանի կողմից հայցի ապահովման այնպիսի միջոցի կիրառումը, որը ներգործում է լրատվամիջոցի կամ լրագրողի տեղեկություններ փնտրելու ու տարածելու հնարավորության վրա, համարվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի հիմքով տեղեկություններ և գաղափարներ ստանալու ու տարածելու ազատության իրավունքի միջամտություն և այդ իմաստով տվյալ լրատվամիջոցը կամ լրագրողը կարող է իրեն համարել այդ իրավունքի միջամտության զոհ (Օբուխովան ընդդեմ Ռուսաստանի, թիվ 34736/03, ՄԻԵԴ, 08/01/2009, § 20: Տե՛ս նաև KRONE VERLAG GMBH & CO. KG-ն ընդդեմ Ավստրիայի, թիվ 34315/96, ՄԻԵԴ, 26/02/2002, 21): Տվյալ դեպքում ներկայացվել է հայցի ապահովման մի քանի միջոցներ կիրառելու մասին պահանջ՝ արգելանք պատասխանողների գույքի վրա, արգելանք պատասխանողների  ֆինանսական միջոցների վրա, արգելանք թերթի ու լրագրողի կողմից խնդրո առարկա թեմայի վերաբերյալ տվյալ լրատվամիջոցով կամ ցանկացած այլ լրատվամիջոցով հետագա հրապարակումների վրա և արգելանք սույն գործով դատական քննության լուսաբանման նկատմամբ: Դատարանը առաջադրված չորս պահանջներից բավարարել է  այն պահանջը, որը չի ներգործի լրատվամիջոցի տեղեկատվություն տարածելու հնարավորության վրա: Իրավամբ, եթե ֆինանսական շրջանառության վրա դրված արգելքը լրջորեն վտանգում է լրատվամիջոցի աշխատանքը, իսկ վեճի առարկա խնդրի ու դատական քննության ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման արգելքը՝ ուղղակիորեն սահմանափակում խոսքի ազատությունը, լրատվական ընկերության գույքային միջոցների վրա դրված արգելքը միշտ չէ, որ կարող է խաթարել լրատվամիջոցի բնականոն աշխատանքը: Անկասկած է, որ ընկերության գույքն արգելանքի տակ դնելու մասին որոշումը գույքային իրավունքի միջամտություն է (Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի երկրորդ մաս, ըստ որի գույքից անարգել օգտվելու քաղաքացու իրավունքը չի խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար),  քանի որ դրա արդյունքում պատասխանողը զրկվում է գույքն օտարելու (վաճառելու, փոխանակելու, նվիրատվություն տալու)  հնարավորությունից: Սակայն նման պարագայում գույքի սեփականատերը շարունակում է պահպանել գույքն անարգել օգտագործելու ու տիրապետելու իր հնարավորություններն ու սահմանադրական իրավունքները, որը բացառում է որևէ պետական մարմնի կողմից գույքի բռնագրավման կամ առգրավման որևէ հիմք: Գույքային իրավունքի միջամտության նման աստիճանը և նման եղանակը չի սահմանափակում լրատվամիջոցի ազատությունները այն աստիճան, որ վտանգվի տեղեկատվություն տարածելու լրատվամիջոցի իրավունքը՝ հետևաբար նաև տեղեկատվություն ստանալու հանրային շահը: 

 

Քանի դեռ դատարանի որոշումը չի շոշափում մի կողմից լրատվամիջոցի և մյուս կողմից հանրության այդ կարևոր  իրավունքները, դատարանի որոշումը չի կարող մեկնաբանվել որպես ազատ արտահայտվելու իրավունքի միջամտություն, առավել ևս՝ խախտում: Այս համատեքստում Խորհուրդը գտնում է, որ որոշ առանձնահատուկ հանգամանքների ներքո լրատվամիջոցի, և առավել ևս լրագրողի գույքի վրա արգելանք դնելը կարող է համընդհանուր զսպող ազդեցություն (chilling effect) ունենալ տեղեկատվության ազատության հոսքի վրա:

 

Ինչ վերաբերում է հայցվորի կողմից ներկայացված դրամական փոխհատուցման պահանջին, ապա 3 մլն դրամի չափով փոխհատուցման պահանջը, անկասկած, խիստ անհամաչափ է: Ընդհանրապես, Խորհուրդը գտնում է, որ քաղաքական գործիչները լրատվամիջոցների և լրագրողների դեմ հայցապահանջ ներկայացնելիս ցանկալի է ձեռնպահ մնան գումարային պահանջներ ներկայացնելուց: Այս առումով Խորհուրդը  նշում է, որ 2010-2012թթ.-ի ընթացքում լրատվամիջոցների և լրագրողների դեմ բերված ամենաբարձր դրամական փոխհատուցման պահանջները որպես կանոն բերվել են քաղաքական գործիչների կողմից, որն արատավոր պրակտիկա է: Մինչդեռ պետք է լիներ հակառակը. հանրային շահին ծառայող քաղաքական գործիչները պետք է ձեռնպահ մնային նույն շահին ծառայող լրատվամիջոցների ու լրագրողների դեմ գումարային պահանջներից և բավարարվեին օրենքով սահմանված իրավական պաշտպանության այլ միջոցներով: Վերը նշված վիճակագրությունը հուշում է, որ շատ հաճախ գումարային պահանջ ներկայացնելու իրական պատճառը պատժելու, այլ ոչ թե խախտված իրավունքը վերականգնելու նպատակ է հետապնդում:   

 

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

 

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ 

Մանանա Ասլամազյան -«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրեն

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Արա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

 

Skip to content