Սեպտեմբերի 5-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և Արա Գաբուզյանն ընդդեմ «Բանաձև» ՍՊԸ-ի և Սիրեկան Եղիազարյանի դատական գործի վերաբերյալ իր կարծիքը:
1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
«Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ԵՊՀ) և Արա Գաբուզյանը 2011թ.-ի հունիսի 11-ին հայցադիմում են ներկայացրել ք. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Բանաձև» ՍՊԸ-ի և Սիրեկան Եղիազարյանի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման, հրապարակայնորեն ներողություն խնդրելուն և հերքման պարտավորեցնելու պահանջի մասին:
2012թ.-ի հոկտեմբերի 22-ին պատասխանող Սիրակ Եղիազարյանը մասնակցել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ընդունելության քննություններին, հանձնել Քրեական իրավունք առարկայի քննությունը, սակայն նրա գրավոր աշխատանքն անբավարար է գնահատվել։ «Բանաձև»-ի կողմից պատրաստվող և Հ1 հեռուստաալիքով հեռարձակվող «Ականատես» հաղորդաշարի 2011թ.-ի մայիսի 28-ի հաղորդման ժամանակ քննարկվել է վերոնշյալ դեպքը, որի ժամանակ Սիրակ Եղիազարյանի, ինչպես նաև հաղորդավարի և իրավաբան փորձագետի կողմից թույլ են տրվել մի շարք արտահայտություններ, որոնք, ըստ հայցվորների՝ արատավորում են ԵՊՀ-ի, Իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի և դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր Արա Գաբուզյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, վիրավորանք և զրպարտություն են:
Հայցվորներ ԵՊՀ և Արա Գաբուզյանը դատական կարգով վիճարկել են «Ականատես» հաղորդաշարի՝ 2011թ.-ի մայիսի 28-ի թողարկման վերնագիրը՝ «Իրավագետ իրավախախտը» և հաղորդման ընթացքում հեռարձակված մի շարք արտահայտություններ։
2011թ.-ի հունիսի 11-ին ԵՊՀ-ն և Արա Գաբուզյանը հայցադիմումով դիմել են դատարան՝ խնդրելով պատասխանողներ «Բանաձև» -ին և Սիրեկան Եղիազարյանին պարտավորեցնել.
«Ականատես» հաղորդաշարի՝ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուն հաջորդող հաղորդման ընթացքում հրապարակային, բանավոր ներողություն խնդրել ԵՊՀ-ից և քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանից՝ տեղադրելով այդ տեսանյութը նաև հաղորդաշարի ինտերնետային կայքում և www.youtube.com: Սակայն, այս հայցապահանջը փոխվել է, քանի որ «Ականատես»-ն այլևս չի հեռարձակվում Հ1-ով: Ուստի, հայցվորները խնդրել են դատարանին պարտավորեցնել պատասխանողներին հրապարակային ներողություն խնդրել ԵՊՀ-ից և քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանից Հ1-ով հեռարձակվող մեկ այլ հաղորդմամբ: «Բանաձև»-ի կայքի առաջին էջում, երևացող վայրում, ինչպես նաև http://akanates.banadzev.com ինտերնետային կայքի սկզբի և 28.05.2011թ.-ի հաղորդման էջերում, երևացող վայրում հրապարակել դատարանի վճիռը՝ նշումով. «Ք. Երևան, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով պարտավորեցվել է «Բանաձև» ՍՊԸ-ին և Սիրակ Եղիազարյանին ներողություն խնդրել Երևանի պետական համալսարանից և ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանից «Իրավախախտ իրավագետը» հաղորդման ընթացքում հասցված վիրավորանքի և զրպարտության համար: Ներկայացվում է դատարանի վճռի ամբողջական տեքստը»:
Նշենք, որ «Բանաձև»-ի հավաստմամբ՝ հայցվորները նամակով ներկայացրել են հերքման տեքստ և պահանջել են հրապարակել այն: «Բանաձև»-ի նախագահ Արտակ Ալեքսանյանի հաղորդմամբ՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում «Ականատես» հաղորդման շրջանակներում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան հեռարձակվել է հերքման տեքստը, ինչպես նաև էկրանին ցուցադրվել է տեքստի թղթային տարբերակը: Պատասխանողի ենթադրությամբ՝ հայցվոր կողմը հնարավոր է բաց է թողել հերքում պարունակող հաղորդումը, ինչի պատճառով էլ դիմել է դատարան:
Հայցվոր Արա Գաբուզյանի ներկայացմամբ՝ հերքման տեքստը հրապարակելու օրվա և ժամի վերաբերյալ ձեռք է բերվել համաձայնություն, սակայն «Բանաձև»-ը հերքումը հրապարակել է ոչ պայմանավորված ժամանակ, ինչի արդյունքում շատ քիչ մարդ է տեսել հերքում պարունակող հաղորդումը, չեն տեսել նաև հայցվորները: Հետևաբար, հայցվորները համաձայն չեն հերքման ձևի պատշաճության հետ: Արա Գաբուզյանի հավաստմամբ՝ պատշաճ հերքում հրապարակելու դեպքում իրենք հայցից կհրաժարվեին: Բացի այդ, պատասխանող կողմը չի ներկայացել դատարան, և գործը քննվել է առանց պատասխանող կողմի ներկայության:
2. ԵԶԱՐԱՀԱՆԳՈՒՄ
Փաստերը գնահատելիս Խորհուրդը հաշվի է առնում, որ ժողովրդավարական հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է հնարավորություն ունենա խաղաղ կերպով արտահայտելու իր գաղափարները պետության և հասարակության համար կարևոր ոլորտներում, այդ թվում՝ կրթության ոլորտում տեղ գտած իրադարձությունների և երևույթների վերաբերյալ՝ անկախ այդ գաղափարների բացասականության աստիճանից:
Խորհուրդը հաշվի է առնում, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է խոսքի ազատության իրավունքի իրավական պաշտպանության բարձր չափանիշ, այն է, որ յուրաքանչյուր դեպքում լրատվամիջոցի ազատ արտահայտվելու իրավունքի միջամտության անհրաժեշտության հարցը պետք է գնահատվի ելնելով այն սկզբունքից, թե արդյոք միջամտության համար առկա է հասարակական սուր պահանջ և թե արդյոք նման միջամտությունն «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»:
Խորհուրդը հաշվի է առնում զանգվածային լրատվության միջոցների դերը ժողովրդավարական հասարակությունում և ԶԼՄ-ների առաքելությունը քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում պահել հասարակական նշանակություն ունեցող ոլորտները և երևույթները, հաշվի է առնում, որ կրթության ոլորտը պետության ներքին քաղաքականության կարևորագույն ոլորտներից մեկն է և ունի հանրային նշանակություն: Այս առումով իր դիրքորոշումն է արտահայտել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ «Սանդի Թայմս»-ն ընդդեմ Միացյալ թագավորության գործում ՝ նշելով, որ լրատվամիջոցների պարտականությունները չեն սահմանափակվում միայն փաստերի պարզ ներկայացմամբ, այլ կայանում են նաև նրանում, որ լրատվամիջոցը նաև մեկնաբանի փաստերն ու իրադարձությունները, իրազեկի հանրությանը և նպաստի հանրային նշանակության հարցերի քննարկմանը:
Խորհուրդը նաև հաշվի է առնում, որ վերոնշյալի հետ մեկտեղ ՄԻԵԴ-ը նշում է, որ լրատվամիջոցներն ունեն պարտականություն տրամադրելու հանրային նշանակության տեղեկություններ և գաղափարներ, չնայած նրան, որ լրատվամիջոցը չպետք է անցնի այլ անձանց հեղինակության պաշտպանության համար նախանշված սահմանները:
Խորհուրդը գալիս է հետևյալ եզրահանգման.
Դիտարկելով հաղորդման ողջ բովանդակությունը լրագրողական վարքագծի տեսանկյունից՝ Խորհուրդը գտնում է, որ հաղորդման ընթացքում խախտված են բարեխիղճ և պատասխանատու լրագրության՝ բազմակարծության և հավասարակշռված լրատվության տրամադրման սկզբունքը։ Մասնավորապես, հաղորդման ընթացքում ԵՊՀ-ի և դասախոս Արա Գաբուզյանի հասցեին հնչած սուր քննադատությունը զուգակցվել է այնպիսի արտահայտություններով, տեսակետներով և կարծիքներով, որոնք կարող էին արատավորել անձի պատիվը և արժանապատվությունը: Նման պարագայում տեղեկատվության տարածումը պետք է կատարվեր հավասարակշռված, այսինքն պետք է ապահովվեր, որպեսզի եթերում հնչեին նաև ԵՊՀ-ի ներկայացուցչի և Արա Գաբուզյանի դիրքորոշումները, կարծիքները քննարկվող նյութի վերաբերյալ, մինչդեռ հաղորդման կազմակերպիչները ոչ միայն նման հնարավորություն չեն ընձեռել, այլ նաև միջոցներ չեն ձեռնարկել նշված հնարավորության ապահովման համար: Մինչ դատարան դիմելը երկու կողմերի միջև ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն հերքման տեքստի հրապարակման օրվա և ժամի վերաբերյալ, սակայն պատասխանող կողմը, խախտելով պայմանավորվածությունը, այն հեռարձակել է մեկ այլ օր։ Խորհուրդը գտնում է, որ հերքումը չի համապատասխանում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված պայմաններին, ուստի կողմը չի ապահովել համարժեք` հետևաբար նաև արդյունավետ իրավական պաշտպանության հնարավորություն։ Նման հանգամանքներում միանգամայն հասկանալի է, թե ինչու հայցվոր կողմին չի բավարարել հերքման հրապարակումը և նա դիմել է դատարան։ Հայցվորները որևէ ֆինանսական փոխհատուցում չեն պահանջել: Տեղեկատվական վեճերի Խորհուրդը ողջունում է վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ գործերով դատական հայց ներկայացնելու դեպքում այս մոտեցումը՝ անկախ դատարանի վերջնական վճռից:
Տեղեկատվական վեճերի խորհուրդՇուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար)–Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահՄանանա Ասլամազյան-«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրենԲորիս Նավասարդյան-Երեւանի մամուլի ակումբի նախագահԱրամ Աբրահամյան-«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրԱրա Ղազարյան-«Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն