Դեկտեմբերի 5-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է “Հրազդան” հեռուստաընկերության տնօրեն, լրագրող Մնացական Հարությունյանի դեմ Գագիկ Աթասյանի հայցի հիման վրա հարուցված դատական գործի վերաբերյալ իր կարծիքը:
1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
18/01/2012թ.-ին “Առավոտ” օրաթերթում հրապարակվել է Մնացական Հարությունյանի հեղինակած “Բացահայտում. “Տարվա քաղաքացու” իրական դեմքը” վերնագրով հոդված, որով հոդվածագիրը հերքել է Հրազդանի բնակիչ Գագիկ Աթասյանի մի շարք հրապարակային հայտարարություններն, մասնավորապես, որ կինոյի և թատրոնի ճանաչված գործիչ է, իր ուժերով կարողացել է հայթայթել 7 մլն ԱՄՆ դոլար Ղարաբաղի հակամարտության մասին ֆիլմ նկարահանելու համար, որ ֆիլմի սցենարը պատրաստ է և դերասանների ընտրությունը կատարված, և որ այդ մասին տեղյակ են կառավարության մի շարք մարմիններ և խոստացել են աջակցել այդ ծրագրի իրագործմանը: 2011 թվականի ընթացքում շատ լրատվամիջոցներ՝ տպագիր մամուլը և առցանց բազմաթիվ լրատվամիջոցներ, դրական լույսի ներքո լայնորեն անդրադարձել էին Գագիկ Աթասյանի հրապարակային հայտարարություններին և դրանք, ընդհանուր առմամբ, ողջունել: Մնացական Հարությունյանն իր հոդվածով, փաստորեն, հերքել է բոլոր այդ հայտարարությունները և հրապարակայնորեն մեղադրել Գագիկ Աթասյանին ստախոսության և հանրությանը մոլորության մեջ գցելու մեջ:
“Առավոտ” օրաթերթի հրապարակումից հետո 2012 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում “Հրապարակ”, “168 Ժամ”, “Հետք” և “Միտք” օրաթերթերի ինտերնետ կայքերը հանդես են եկել նշված անձի հայտարարությունների հերքումով՝ իրենց էջերում հրապարակելով պատասխանողի հոդվածը՝ որոշակի մեկնաբանություններով:
29/05/2012թ.-ին Գագիկ Աթասյանը դիմել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան ընդդեմ Մնացական Հարությունյանի՝ հայտնելով, որ նշված հոդվածով պատասխանողը տարածել է իր անձը արատավորող վիրավորական և զրպարտող բնույթի հայտարարություններ և խնդրել է պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և վճարել 3 մլն դրամ փոխհատուցում՝ վիրավորանքի և զրպարտության դիմաց:
Հայցվորը հայցապահանջում նշել է, որ վիրավորական է համարում իր հասցեին ասված “շանտաժիստ, գործ տվող, գործ սարքող անձնավորություն”, “քրեական հանցագործ”, “պադոնոկ”, “անպատկառ”, “լիրբ”, “ավանտյուրիստ” և “ստախոս” արտահայտությունները, իսկ որպես զրպարտություն է համարել պատասխանողի պնդումները, թե իբր հայցվորը ստել է ՀՀ մշակույթի նախարարությանը, ՀՀ նախագահի անձնակազմին և ողջ հանրությանն այն մասին, որ պատրաստվում է նկարահանել 7 մլն դոլար բյուջեով ֆիլմ Ղարաբաղի հակամարտության մասին, որ ինքը ունի լուրջ ձեռքբերումներ թատրոյի, կինոյի և մշակույթի բնագավառներում, որ ինքը մասնակցել է Ղարաբաղի պատերազմին, և այլն:
Ներկայումս դատաքննությունը շարունակվում է առաջին ատյանի դատարանում: Դատաքննության ընթացքում պատասխանողը ներկայացրել է հակընդեմ հայց՝ հայցվորի կողմից “Առավոտ” օրաթերթի կայքում կատարած “Մնացական Հարությունյանն իմ հետ ունի անձնական խնդիր, և իրավախախտումները քողարկելու համար անցել է այլ տարբերակի” և “Գ. Աթասյանը նաև ակնարկեց, որ տեսնում է միտումներ դատաքննությունն այլ ընթացքով տանելու” մեկնաբանությունների համար՝ համարելով դրանք զրպարտող բնույթի հայտարարություններ և պահանջելով ի հօգուտ Մ. Հարությունյանի բռնագանձել 2 մլն ՀՀ դրամ և փոխհատուցել պետական տուրքի վճարած գումարը:
2. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
Դատելով 2011-2012թթ..-ի ընթացքում տարբեր տեսակի լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության ծավալից, սփռվածության աստիճանից, բովանդակությունից, այդ թվում նաև՝ սոցիալական ցանցերում ընթացող քննարկումներից, որոնք ընդգրկել էին մեծ թվով քաղաքացիներ, Գագիկ Աթասյանի՝ 2011-2012թթ..-ի ընթացքում լրատվամիջոցներին տված հարցազրույցները առաջացրել էին հասարակական մեծ հետաքրքրություն: Իր հարզազրույցներում հայցվորը շոշափել է հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաներ՝ Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ իր կողմից պատրաստվող գեղարվեստական ֆիլմ, պետական մարմինների կողմից աջակցության մերժում, ադրբեջանական աղբյուրներից ստացվող սպառնալիքներ իր անձի նկատմամբ, ֆիլմում աշխարհահռչակ դերասանների ներգրավվածություն, և այլն: Շատ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հնչում էին քննադատություններ պետական մարմինների, մասնավորապես, Մշակույթի նախարարության հասցեին ֆիլմի ֆինանսավորմանը չաջակցելու համար: Ընդհանուր առմամբ, իր գործողություններով Գագիկ Աթասյանը ձգտել է հանրայնացնել իր ծրագրերը և գաղափարները՝ այդպիսով հանրային ուշադրություն գրավելով իր սեփական անձի և գործողությունների վրա: Այսպիսով, հայցվորն ինքն է նպաստել, որպեսզի իր անձը հայտնվի հանրության համակ ուշադրության կենտրոնում և, հետևաբար, պետք է ակնկալի նաև իր անձի և գործողությունների նկատմամբ քննադատության լայն շրջանակներ՝ ավելի լայն, քան սովորական քաղաքացու դեպքում, ով չի ձգտում հանրային ուշադրութան առարկա դարձնել իր սեփական մտքերն ու ծրագրերը: Այս հանգամանքով է պայմանավորված նաև անձնական կյանքի պաշտպանվածության շրջանակները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում:
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, հայցվորի նկատմամբ թույլատրելի քննադատության շրջանակները տվյալ դեպքում լայն են և այս լույսի ներքո է Խորհուրդը ստորև գնահատում վեճի առարկա հրապարակային հայտարարությունները:
Հոդվածագիրը հոդվածի մի զգալի հատվածում (պայմանականորեն անվանենք դա որպես հոդվածի առաջին մաս) հավաքական կերպով ներկայացրել է լրատվամիջոցների կողմից հայցվորի մասին տարածած տեղեկատվության ողջ ծավալը: Իր հերթին, լրատվամիջոցներն այդ տեղեկատվությունը ստացել են հայցվորից՝ վերջինիս հարցազրույցների և ասուլիսների ընթացքում: Թեև լրագրողը հոդվածում չի վկայակոչել աղբյուրները, սակայն դրանք լայնորեն հայտնի և հանրորեն մատչելի աղբյուրներ են և, հետևաբար, անհրաժեշտություն չկար դրանք շարունակ վկայակոչել հոդվածում: Այսպիսով, հոդվածի առաջին մասը լրատվական աղբյուրներից հավաքագրած և մշակած տեղեկությունների ամփոփ վերարտադրում էր և, այս իմաստով, լրագրողն օգտվում է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասի պաշտպանությունից: Այն հանգամանքը, որ հոդվածի այս մասում առկա են երգիծանքի որոշ տարրեր, միանգամայն տեղավորվում է լրագրողական ազատության շրջանակներում:
Հոդվածի երկրորդ մասում հոդվածագիրը կատարել է հարցադրումներ և այնուհետև արտահայտել կասկածներ հայցվորի կողմից հանրությանը տրամադրված տեղեկությունների իրականությանը համապատասխանելու վերաբերյալ: Հոդվածագրի համար և՛ հարցադրումների, և՛ կասկածների համար հիմք են եղել լրատվամիջոցներով տարածված տեղեկությունները, որոնք նա համադրել է մի կողմից իր սեփական հետաքննության արդյունքում ստացված փաստերի հետ, մյուս կողմից՝ այն փաստերի հետ, որոնք հանրորեն հայտնի են այն համայնքում, որտեղ բնակվում են հայցվորը և պատասխանողը (Հրազդան քաղաքը): Առաջինի դեպքում հոդվածագիրը պատշաճ կերպով նշել է իր աղբյուրները (օրինակ՝ Հրազդանի զինկոմի գրավոր և բանավոր պատասխանները, որով հերքվել է Ղարաբաղի հակամարտությանը մասնակցած լինելու հայցվորի հրապարակային հայտարարությունները), իսկ երկրորդը՝ համայնքում հանրահայտ հանգամանքներ են, որոնք ապացուցման ենթակա չեն (օրինակ, որ հայցվորը Հրազդան քաղաքում ձայներիզների կրպակավար է, որ զբաղվում է նաև տպիչների լիցքավորումով, այլ ոչ թե կինոարտադրությամբ, և այլն) և որոնք հայցվորը չի վիճարկում իր հայցով: Հետևաբար, հոդվածի այս մասը ներկայացված է լրագրողական բարեխղճության կանոնների պահպանմամբ:
Հոդվածի երրորդ մասում (հետգրության հատվածում) հոդվածագիրը, ամփոփելով նյութը, սուր արտահայտություններով, գնահատողական դատողությունների միջոցով քննադատության է ենթարկել հայցվորին՝ նրան հրապարակայնորեն մեղադրելով ստախոսության ու հանրությանը տևական ժամանակ մոլորության մեջ գցելու մեջ: Ի դեպ, հայցապահանջի առարկան հիմնականում հիմնված է հենց այս հատվածում կատարված հրապարակային արտահայտությունների հիման վրա: Խորհուրդը հարկ է համարում հոդվածի այս հատվածը գնահատել ավելի լայն շրջանակների ներքո՝ հոդվածի և դրա շուրջ ծավալված ողջ իրադարձությունների համատեքստում, որը տվյալ դեպքում հոդվածին նախորդող ժամանակահատվածում (մոտ կես տարի) հայցվորի բազմաթիվ հրապարակային ելույթներն էին ու դրանց արդյունքում հասարակական տարբեր միջավայրերում՝ սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում ու քաղաքացիական հասարակության տարբեր հարթակներում ծավալված հասարակական լայն քննարկումների ալիքը, որտեղից հանրության տարբեր շերտեր ողջունում էին հայցվորի նախաձեռնությունները և հայտնում իրենց աջակցությունը: Նման զարգացումների ֆոնի վրա հայցվորը որևէ փաստ կամ հիմնավորում չի ներկայացրել հանրությանն իր կողմից ներկայացված ծրագրերի, տեղեկությունների իրականությանը համապատասխանելու վերաբերյալ՝ թեև այդ առումով կար հասարակական պահանջ: Իրադարձությունների նման համատեքստում հոդվածից հնչեցված սուր քննադատությունը բխում էր հայցվորի դրսևորած վարքից, իսկ դա մի հանգամանք է, որը գտնվում է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի պաշտպանության տակ, ըստ որի՝ փաստի մասին հայտարարությունը չի համարվում զրպարտություն, եթե այն բխում է անձի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից: Ինչպես վերևում նշվեց, օգտագործելով հանրային հարթակն իր գաղափարները և մտքերը հաղորդելու նպատակով, հայցվորը պետք է գիտակցեր, որ դրանով իր անձը, իր սեփական մտքերը, գաղափարները և գործողությունները դնում է հասարակության համակ ուշադրության ՝ այդ թվում նաև հնարավոր քննադատության ներքո: Հոդվածի վերջում հնչեցված հրապարակային մեղադրանքները, այդ թվում նաև՝ հոդվածն իր ամբողջության մեջ, հաշվի առնելով հայցվորի հրապարակային հայտարարությունների և գործողությունների միջև անհապատասխանությունը, Խորհուրդը գտնում է, որ հոդվածում հնչեցված փաստի մասին հայտարարությունները և գնահատողական դատողությունները կատարվել են բավարար փաստական հիմքերի հիման վրա, դրանք պայմանավորված էին հայցվորի վարքագծով: Հետևաբար, հոդվածագիրը գործել է բարեխղճորեն ու մասնագիտական պահանջների շրջանակներում:
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ
Մանանա Ասլամազյան — “Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ” ծրագրի տնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան — “Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր
Արա Ղազարյան — “Արնի Քնսալթ” փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն