2013 թվականի մարտի 25-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է իր կարծիքը ՀՀ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ընդդեմ բլոգգեր Էդգար Բասեղյանի դատական գործի վերաբերյալ:
1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
2012 թվականի հոկտեմբերի 26-ին «Amore» հայ-իտալական հոլդինգը Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ կազմակերպել է «Style Screen» ամենամյա մրցանակաբաշխությունը, որում «Տարվա ոճային քաղաքական գործիչ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Ի պատասխան, բլոգգեր Էդգար Բարսեղյանը www.demotivator.am կայքում տեղադրել է Տիգրան Ուրիխանյանի լուսանկարը՝ պատկերված մանեքենուհի կնոջ կիսամերկ մարմնով: Իր արարքը Էդգար Բարսեղյանը պատճառաբանել է հետևյալ կերպ.
«Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ մեր երկրում, որն ունի բազմաթիվ չլուծված խնդիրներ, պատգամավորը, որը առաջին շարքերում պետք է լինի այդ խնդիրների դեմ պայքարելու համար, ժամանակ է ծախսում ոճային երեւալու, դրա մասին մամուլի հաղորդագրություններ ուղարկելու վրա: Եվ քանի որ խոսքը ոճի, մոդայի ոլորտի մասին է, որն ինձ մոտ առաջին հերթին կնոջ հետ է ասոցացվում, ես կնոջ մարմնով պատկերեցի եւ չեմ կարծում, որ կնոջ հետ համեմատելը վիրավորական է» (http://media.am/MP-sues-blogger):
Ի պատախան, Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
«Եթե բլոգերի կարծիքով դա վիրավորանք չէ, ուրեմն այսուհետ իր եւ իր մերձավոր բարեկամների դիմապատկերները կիսամերկ մանեկենուհիների մարմիններին մոնտաժված կտեսնի տարբեր տեղերում, այդ ժամանակ կփորձեմ լսել նրա կարծիքը՝ վիրավորա՞նք է դա, թե՞ ոչ: Ես բազմաթիվ այլ զբաղմունքներ ունեմ եւ նկարներ պատրաստելով չեմ զբաղվում, բայց վստահ եմ՝ բոլոր այն մարդիկ, ովքեր շատ լավ հասկանում են` ինչ է տեղի ունենում, համապատասխան գործողություններ կիրականացնեն այդ համատեքստում»(http://media.am/MP-sues-blogger):
21/11/2012թ.-ին Տիգրան Ուրիխանյանը դիմել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Էդգար Բարսեղյանի: Դատարանից խնդրել է սահմանել, որ վիճահարույց լուսանկարով պատասխանողը արատավորել է իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը և խնդրել է պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել, բռնագանձել 1,500,000 դրամ վիրավորանքի և դատական ծախսերի դիմաց (Ըստ www.datalex.am դատական տեղեկատվական համակարգի՝ 3/22/2013թ. դրությամբ), ինչպես նաև www.demotivoator.am և www.blognews.am կայքերից ու սոցիալական ցանցերից հեռացնել վիճահարույց լուսանկարը:
27/12/2012թ.-ին հայցվորը միջնորդությամբ դիմել է դատարանին, խնդրելով կիրառել հայցվի ապահովման միջոց և արգելել պատասխանողին համացանցի միջոցով տարածել իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող որևէ նյութ, այդ թվում վերը նշված լուսանկարը, ինչպես նաև 1,500.000 դրամի չափով արգելանք դնել պատասխանողին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա: Դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակիորեն և որոշել է արգելել պատասխանողին համացանցի միջոցով տարածել հայցվորի պատիվը, արժանապատվությունը ու գործարար համբավը արատավորող որևէ նյութ, այդ թվում վիճահարույց լուսանկարը: Դատարանը մերժել է գույքի և դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելու պահանջը՝ պատճառաբանելով, որ պահանջը հիմնավոր չէ, քանի որ չի հիմնավորվել դրա անհրաժեշտությունը: Ներկայումս դատական վարույթը նախնական դատական քննության փուլում է:
2. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
Վիճահարույց լուսանկարը պատկանում է քաղաքական երգիծանքի ժանրին: Երգիծանքը գեղարվեստական խոսքի տեսակ է, ինչպես նաև սոցիալական արտահայտչամիջոց, որն իրեն բնորոշ բոլոր չափազանցություններով, իրականությունը աղավաղված ներկայացնելու, հրահրելու ու սուր քննադատության ենթարկելու հատկանիշներով գտնվում է ազատ խոսքի պաշտպանության տակ (Vereinigund Buildender Kunstler-ն ընդդեմ Ավստրիայի, թիվ 68354/01, 25/01/2007թ., § 33): Հետևաբար, խնդրո առարկա հարցը կայանում ոչ թե նրանում, թե արդյոք լուսանկարը ինքնին, միջավայրից դուրս վիրավորական էր, թե ոչ, այլ, թե արդյոք հեղինակին հաջողվել է իր խոսքը ողջամտորեն փոխհավասարակշռել այլոց իրավունքների՝ տվյալ դեպքում քննադատության թիրախ անձնավորության արժանապատվության հարգման իրավունքի հետ: Դա որոշելու համար Խորհուրդը հաշվի է առնելու բոլոր գործոնները, որոնք միասին կազմում են խնդրո առարկա տեղեկատվության համատեքստը:
Վիճահարույց լուսանկարով հեղինակը արտահայտել իր բողոքը քաղաքական գործչի կոնկրետ գործողության նկատմամբ: Դա քննադատություն էր, որն ուղղված էր հայցվորի՝ որպես քաղաքական գործչի գործունեությանը, այլ ոչ թե նրա անձնական կյանքին: Հետևաբար, լուսանկարի պատրաստելն ու տարածելը ինքնանպատակ չէր, դա քաղաքացիական ակտիվիստի կողմից քաղաքական գործչի կոնկրետ արարքին տրված յուրահատուկ գնահատական-դատողություն էր:
Գնահատական-դատողության արտահայտումը կարող է պաշտպանվել օրենքով, եթե հիմնված է որոշակի փաստական հիմքերի վրա: Տվյալ դեպքում այդպիսի փաստական հիմքեր էին «Տարվա ոճային քաղաքական գործիչ» մրցանակաբաշխությանը հայցվորի կողմից ներկայանալու, մրցանակը ստանալու և հարցազրույց տալու հանրահայտ հանգամանքները:
Ի հավելումն, պատասխանողի անձը նույնպես գործոն է, որը պետք է հաշվի առնել: Տվյալ դեպքում պատասխանողը քաղաքացիական ակտիվիստ է ու բլոգեր, ով իրականացնում է «հասարակական վերահսկող օղակի (watchdog) իր գործառույթը» (Սահմանադրական դատարանի ՍԴՈ-997 որոշում, էջ 22), որը բխում է ժողովրդավարական հասարակության շահից, որով սահմանափակվում է քաղաքացիական իրավունքները սահմանափակոլու իշխանությունների հայեցողության շրջանակը (Սահմանադրական դատարանի ՍԴՈ-997 որոշում, էջ 22):
Հայցվորի անձը նույնպես գործոն է, որը պետք է հաշվի առնել: Տվյալ դեպքում հայցվորը քաղաքական գործիչ է, ով աչքի է ընկնում իր լայն հրապարակային գործունեությամբ: Նման հանգամանքներում քաղաքական գործիչների նկատմամբ թույլատրելի քննադատության շրջանակներն առավել լայն է և նրանք պետք է դրսևորեն առավել մեծ հանդուրժողականություն: Դա բխում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ և 5-րդ հոդվածների սահմանադրաիրավական ընդհանուր բովանդակությունից, քանի որ ժողովրդաիշխանությունն իրականացվում է նաև հանրային ծառայության միջոցով, և այդ ծառայությունը կրող անձանց հանրային և մասնավոր վարքագիծն օբյեկտիվորեն կարող է հասարակական քննարկման առարկա դառնալ (ՍԴՈ-997 որոշում, էջ 20):
Եվ վերջապես, խնդիրը անհրաժեշտ է դիտարկել նաև բարոյականության տեսանկյունից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի ներքո, քանի որ խոսքի ազատությունը սահմանափակող հիմքերի շրջանակներում «բարոյականության պաշտպանության» և «այլոց իրավունքների պաշտպանության»¦ երկու իրավաչափ նպատակների միջև առկա է բնական կապ: Տվյալ դեպքում բլոգերը պատասխանողի լուսանկարը պատկերել է մանեքենուհու կիսամերկ մարմնի տեսքով, որը, ըստ մեր հասարակությունում ձևավորված բարոյական նորմերի ու արժեհամակարգի, անձին հրապարակավ ներկայացնելու անպարկեշտ եղանակ է:
Հաշվի առնելով վերը նշված բոլոր գործոնները, և հատկապես քաղաքական խոսքի կարևորությունը հասարակական հարաբերություններում, Խորհուրդը գտնում է, որ տվյալ դեպքում, այնուամենայնիվ, անհրաժեշտ է դրսևորել հանդուրժողականություն բլոգերի նախընտրած արտահայտչաձևի նկատմամբ, որը թեև հագեցած է ծայրահեղությամբ, սակայն ուղղված է եղել ոչ թե քաղաքական գործչի անձնական կյանքին, այլ նրա հասարակական գործունեությանը:
Ինչ վերաբերում է գումարային պահանջին, Խորհուրդը կրկին նշում է, որ քաղաքական գործիչները հանրային քննարկման նշանակության փաստերի շրջանակներում բերված բողոքների առնչությամբ ցանկալի է, որպեսզի ձեռնպահ մնան գումարային պահանջներ ներկայացնելուց: Եթե դատարանը բավարարի հայցապահանջը, Խորհուրդը կարծում է, որ իրավունքի խախտման փաստի ճանաչումը ինքնին կարող է դիտվել որպես արդարացի փոխատուցման բավարար եղանակ:
Գույքի ապահովման միջոց կիրառելու մասին դատարանի որոշման առնչությամբ Խորհուրդը գտնում է, որ այն կայացվել է օրենքով սահմանված կարգով, հետապնդում է իրավաչափ նպատակ և պահպանվել է միջոցների ընտրության համաչափության սկզբունքը, քանի որ ընտրվել է իրավունքները սահմանափակող նվազ միջամտող բնույթի եղանակը, որը չի խոչընդոտում պատասխանողի գործունեությունը:
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար)–Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ
Մանանա Ասլամազյան-«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ»
ծրագրի տնօրեն
Բորիս Նավասարդյան-Երեւանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան-«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր