2013 թվականի օգոստոսի 21-ին Տեղեկատվական վեճերի խերհուրդը հրապարակել է Արմեն Դարբինյանի կողմից  «Քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ-ի դեմ բերված դիմումի հիման վրա հարուցված դատական գործի կապակցությամբ ՏՎԽ կարծիքը:

 

1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

2012թ.-ի օգոստոսի 18-ին «Քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ-ին պատկանող www.n-idea.am կայքում հրապարակվել է ՀՀ նախկին վարչապետ, Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի վերաբերյալ հոդված հետևյալ վերնագրով.  «Արմենչիկ Դարբինյանը վճարել չի սիրում, ինչու՞ պիտի սիրի որ, եթե պաշտպանվում է հայկական պետության կողմից»։ Արմեն Դարբինյանը դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, նշելով, որ հոդվածի մի շարք արտահայտություններ վիրավորական ու զրպարտող են և պահանջել է պարտավորեցնել պատասխանողին հրապարակավ ներողություն խնդրել և վճարել փոխհատուցում 1 մլն դրամի չափով վիրավորանքի դեմ, 2 մլն դրամ զրպարտության դեմ, 1 մլն դրամ փաստաբանի վարձատրության և 84 հազար դրամ վճարված պետական տուրքի դեմ։ Հայցվորը վիրավորական է համարել հետևյալ արտահայտությունները. 

 

…Եվ ահա այսօր Արմենչիկ Դարբինյանը` նորահայ իրականության այդ նապոլեոնակերպ ֆենոմենը, վրդովվել է Սյուզան Սիմոնյանի հոդվածից։ Facebook-ի իր էջում այդ ցռանը գրել է …»:  «…Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է այդ ոչնչությունը, այս խղճուկ ցռանը, որը խլում է մեր երեխաների հացը /ի դեպ, սպառնալիքի տակ են Հայաստանի բոլոր /ոչ էլիտար/ երեխաները, ցռան Դարբինյանին առայսօր հաջողվել է խլել իմ երեխայի, Սերոբյանի ու էլի շատերի երեխաների հացը, բայց դա չի նշանակում, թե նա դրանով կկշտանա…»: «… Թեկուզև այն բանի համար, որ Վազգենը կանոնավորապես /գրեթե ամեն օր/ դաստիարակչական գործողություններ էր կազմակերպում արմենչիկակերպ ուռոդների հանդեպ…»։

 

Հայցվորը զրպարտող է համարել հետևյալ հայտարարությունները.

պետությունը նրան թույլ է տվել ապրել իրավական դաշտից դուրս, այլ բարիքներ էլ է նվիրել, որոնք նա կարողացել է «ցրել», պետությունն Արմենչիկ Դարբինյանին թույլ է տալիս անպատիժ մտնել Հայաստանի հասարակ քաղաքացիների գրպանը, նրանց նյութական վնաս հասցնել, այսպես, այս փառահեղ վարչապետն ամբողջ կյանքում սնվել է գողացած մսով և մսամթերքով /այսինքն անվճար/, քանի որ նրա պապան մսի կոմբինատն էր թալանում տնօրենի կարգավիճակում, իսկ մինչ այդ Արմենչիկ Դարբինյանը մինչ այդ սնվում էր թելմանցքով, ցռան Դարբինյանին առ այսօր հաջողվել է խլել իմ երեխայի, Սերոբյանի ու էլի շատերի երեխաների հացը, Վազգենն Արմենչիկ Դարբինյանին /վարչապետ եղած ժամանակ/ իր մոտ է կանչել այդ ժամանակվա ֆինանսների նախարար Սանդոյանի հետ, հայհոյել ամենահետին խոսքերով և ծեծելով համարյա թե մահվան դուռը հասցրել»։ 

 

Դատական քննության ընթացքում պատասխանողը վերը նշված արտահայտությունները ներկայացրել է որպես գնահատական-դատողություններ, որոնք ենթակա  չեն ապացուցման և այդ առումով եզրահանգել, որ իր մոտ բացակայել է վիրավորելու դիտավորությունը և որ իր վրա չպետք է դրվի այդ արտահայտությունները ապացուցելու պարտականություն։

 

Առաջին ատյանի դատարանը հայցը բավարարել է մասնակիորեն. դատարանը որոշել է, որ վերը նշված արտահայտությունները վիրավորական ու զրպարտող են, սակայն զգալիորեն նվազեցրել է փոխհատուցման չափը և սահմանել 200,000 դրամ վիրավորանքի, 200,000 դրամ զրպարտության, 150,000 դրամ փաստաբանի և 8,000 դրամ պետական տուրքի դիմաց։ Դատարանը պատասխանողին պարտավորեցրել է նաև հրապարակավ ներողություն խնդրել։ 

 

Վերաքննիչ դատարանը հատկապես անդրադարձել է վերը նշված արտահայտությունները գնահատական-դատողություն լինելու մասին պատասխանողի փաստարկներին և կատարել հետևյալ եզրահանգումները. 

 

«… վիճարկվող տեղեկատվության դատողություն հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, անհրաժեշտ է պարզել «դատողություն» բառի բուն իմաստը:

Տրամաբանությունում դատողությունը մտածողության այն ձևն է, որն իրենից ներկայացնում է հասկացությունների համակցություն, որոնցից մեկը (սուբյեկտ) որոշվում և բացվում է մյուսի միջոցով (պրեդիկատ): Բանասիրությունում դատողություն է հանդիսանում կարծիքներ, խորհուրդներ, համոզմունքներ ունկնդրելու հիման վրա կատարված եզրահանգումը, ենթադրությունը, մեկնաբանությունը, պարզաբանումը: Այս պարագայում տրամաբանության տեսանկյունից բացակայում է պրեդիկատը, առկա է միայն սուբյեկտը (…«պետությունն Արմենչիկ Դարբինյանին թույլ է տալիս անպատիժ մտնել Հայաստանի հասարակ քաղաքացիների գրպանը, նրանց նյութական վնաս հասցնել», «…այս փառահեղ վարչապետն ամբողջ կյանքում սնվել է գողացած մսով և մսամթերքով /այսինքն անվճար/, քանի որ նրա պապան մսի կոմբինատն էր թալանում տնօրենի կարգավիճակում, իսկ մինչ այդ Արմենչիկ Դարբինյանը մինչ այդ սնվում էր թելմանցքով» և այլն), բանասիրական տեսանկյունից բացակայում են թե խորհուրդները, համոզմունքները, և թե դրանց հիման վրա կատարված ենթադրությունները, մեկնաբանությունները, պարզաբանումները, եզրահանգումները: Առկա է միայն միանշանակ փաստացի տվյալների վերաբերյալ պնդում, հայտարարություն, ներկայացում: 

Նման պայմաններում վերաքննիչ բողոք բերող անձի վերը շարադրված փաստարկը հիմնավոր չէ»:

 

Այսպիսով, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները վիճահարույց բոլոր արտահայտությունները դիտել են որպես փաստի մասին հայտարարություններ։

 

2. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

 

Խորհուրդը ողջունում է դատարանի կողմից «դատողություն» եզրույթի մեկնաբանման կապակցությամբ, քանի որ գտնում է, որ դատական պրակտիկայում ձևավորվել է մի մոտեցում, որի շրջանակներում դատավարության կողմերը հաճախ փորձում են փաստի մասին սովորական հայտարարությունը ներկայացնել որպես գնահատական-դատողություն (Տե´ս ՏՎԽ թիվ 12 կարծիքը Գլենդեյլ Հիլզն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի դեմ)։  Ավելին, երբեմն նույնիսկ դատարաններն են փաստի մասին հայտարարությունը, այդ թվում նաև արտահայտված կարծիքը, ներկայացնում որպես գնահատական-դատողություն (Տե´ս, օրինակ, ՏԴ1-0177/02 գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27/04/2012թ. և 22/03/2013 վճիռները «Իջևանի ՃՇՇ« բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Իջևան հեռուստաընկերության և լրագրող Նաիրա Խաչիկյանի գործով, որոնցում դատարանը փաստի մասին սովորական հայտարարությունը կամ արտահայտված կարծիքները ներկայացնում է որպես գնահատական-դատողություն)։  

 

Այս առումով Խորհուրդը գտնում է, որ վաղուց ծագել էր «գնահատական-դատողություն» եզրույթի դատական մեկնաբանության անհրաժեշտություն իրավակիրառ պրակտիկայում։

 

Այդուհանդերձ, Խորհուրդը համամիտ չէ դատարանի հետ, որ խնդրո առարկա բոլոր արտահայտությունները փաստի մասին հայտարարություններ էին, հետևաբար և չէին կարող գնահատական-դատողություններ լինել։ 

 

Նմանապես, Խորհուրդը համաձայն չէ նաև պատասխանողի դիրքորոշման հետ, որ նշված բոլոր արտահայտությունները գնահատական-դատողություններ էին։ Խորհուրդը կարծում է, որ դատարանի և հայցվորի կողմից վիրավորական գնահատված արտահայտությունների շարքում բազմաթիվ արտահայտություններ գնահատական-դատողություններ էին, այլ ոչ թե «փաստացի տվյալների վերաբերյալ պնդում»։ Օրինակ, «նապոլեոնակերպ ֆենոմենը» արտահայտությունը չի կարող դիտվել որպես փաստի մասին հայտարարություն, քանի որ դա անձի սուբյեկտիվ տպավորության, այլ ոչ թե փաստի հիման վրա հնչեցված գնահատական է։ Նմանապես, վիճահարույց պարբերություններում բազմաթիվ արտահայտություններ իրենց բնույթով գնահատական-դատողություններ էին, այլ ոչ թե փաստի մասին հայտարարություններ, որոնք դատարանը չի գնահատել որպես այդպիսին։ 

 

Խորհուրդը կարծում է, որ խնդիրը մասամբ օրենսդրության թերությունն է։ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը չի տալիս «գնահատական-դատողություն» հասկացության ինքնուրույն սահմանումը։ «Վիրավորանք» հասկացությունը սահմանված է նշված հոդվածի 2-րդ մասով, որը նշում է միայն հրապարակային «արտահայտության» մասին, որը հավասարապես կարող է վերաբերվել թե´ փաստի մասին հայտարարությանը, թե´ գնահատական-դատողությանը` առանց առանձին տարանջատելու այս երկու իրարից տարբերվող հասկացությունները։ Թեև դատարաններն իրենց որոշումներում շարունակաբար և հետևողականորեն անդրադառնում են այս հասկացությանը, սակայն օրենսդրական կարգավորման բացակայության պատճառով երբեմն ստեղծվում են իրավիճակներ, երբ դատավարության կողմերը փաստի մասին հայտարարությունն ընկալում են որպես գնահատական-դատողություն, կամ, ինչպես տվյալ դեպքում, գնահատական-դատողությունն է ընկալվում որպես փաստի մասին հայտարարություն։ Արդյունքում, սույն գործով պատասխանողից պահանջվել է ապացուցել բոլոր վիճահարույց արտահայությունների, այդ թվում նաև գնահատական-դատողությունների ճշմարտացիությունը, որոնք ենթակա չեն ապացուցման (Տե´ս նմանատիպ իրավիճակի վերլուծությունը եվրոպական դատարան Նովայա Գազետա վ Վորոնեժե ընդդեմ Ռուսաստանի գործով վճռում ( թիվ 27570/03, 21/12/2010, § 52)։ )։  

 

Խորհուրդը գտնում է, որ եթե խնդրո առարկա հայտարարությունն անձի սուբյեկտիվ, այլ ոչ թե փաստի հիման վրա հնչեցված գնահատականն է մեկ այլ անձի մասին, տվյալ հայտարարությունը պետք է քննվի վիրավորանք հասկացության ներքո` որպես գնահատական-դատողություն, այլ ոչ թե զրպարտության հասկացության ներքո` որպես փաստի մասին հայտարարություն։  

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ 

Մանանա Ասլամազյան -«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրեն

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Արա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

 

Skip to content