2015 թվականի մայիսի 30-ին ՏՎԽ-ն հրապարակել է Երևանի քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0032/08/14 գործով 26.06.2014թ որոշման մասին, որով վերջինս պարտավորեցրել է «Հրապարակ» օրաթերթին բացահայտել տեղեկատվության աղբյուրը գործի վերաբերյալ իր կարծիքը:

 

ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ 

 

«Հրապարակ» օրաթերթի 09.05.2014թ համարում հրապարակվել է լրագրող Սյուզան Սիմոնյանի հեղինակած «Ծուխ առանց կրակի, կամ ոստիկանապետի գլխին ամպեր են կուտակվում» վերնագրով հոդված։  Մեկ այլ՝ «Այ լուր էյ էմ» (www.ilur.am) լրատվական կայքում հրապարակվել է «Շիրակի ոստիկանապետը հարձակվել է հայտնի ըմբիշի վրա: Մարզիկը մտածում է Հայաստանի դրոշի տակ հանդես չգալու մասին» վերնագրով հոդված։ Երկու հոդվածներում էլ հոդվածագրերը, հիմնվելով չբացահայտված աղբյուրների վրա, տեղեկացրել են, որ տեղի է ունեցել միջադեպ Շիրակի ոստիկանապետի և հայտնի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի միջև, որի ընթացքում ոստիկանապետը բռնություն է կիրառել ըմբիշի նկատմամբ։ Նույն միջադեպի վերաբերյալ այլ լրատվամիջոցներ ևս հրապարակել են հոդվածներ, ակնարկներ, լուրեր:

 

30.05.2014թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (հետայսու` ՀՔԾ) հարուցել է քրեական գործ ՀՀ «Քրեական» օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): Քրեական գործի շրջանակներում քննիչը դիմել է դատական ատյանին, որպեսզի վերջինս կայացնի «Հրապարակ» օրաթերթին վերը նշված հոդվածի  լրատվական աղբյուրը բացահայտելուն պարտավորեցնելու մասին որոշում։ 26.06.2014թ.-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը և կայացրել լրատվական աղբյուրը բացահայտելուն պարտավորեցնելու մասին որոշում։ Հրապարակ օրաթերթի ներկայացուցիչները ներկայացրել են վերաքննիչ բողոք դատարանի որոշման դեմ։ 22.09.2014թ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է բողոքը։ Օրաթերթի ներկայացուցիչները որոշումը բողոքարկել են Վճռաբեկ դատարան։ 28.11.2014թ.-ին Վճռաբեկ դատարանը վերադարձրել է բողոքը՝ փաստացի բողոքը ճանաչելով անընդունելի։ Մի որոշ ժամանակ անց ՀՔԾ քննիչը գրավոր դիմել է «Հրապարակ» օրաթերթին՝ պահանջելով բացահայտել աղբյուրի տվյալները։ «Հրապարակ» օրաթերթի խմբագրությունը հայտնել է, որ աղբյուրի մասին տվյալներին չի տիրապետում՝ փաստացի չտրամադրելով պահանջված տեղեկատվությունը։ Քննչական մարմինը որևէ այլ գործողություն չի ձեռնարկել վճռի կատարման ուղղությամբ։ Առ այսօր նշված դատական որոշումը մնում է չկատարված։  

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

Անձանց` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատության իրավունքի բովանդակության մաս է կազմում տեղեկության տարածումը առանց նշելու տեղեկատվության աղբյուրը, ինչն իր հերթին պարտականություն է առաջ բերում լրագրողի և/կամ լրատվամիջոցի համար` գաղտի պահել տեղեկատվության աղբյուրը: Այս իրավահարաբերության բովանդակությունը Եվրոպական դատարանը բացահայտել է, ի թիվս այլոց` Գուդվինն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով , սահմանելով, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը ներառում է նաև լրագրողների իրավունքը` տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու վերաբերյալ.

 

«Տեղեկատվության լրագրողական աղբյուրների պաշտպանությունը մամուլի ազատության հիմնարար պայմաններից է … »: 

 

Տեղեկատվության աղբյուրի չբացահայտելու անհրաժեշտությունը պայմանավորված է մի քանի կարևոր հանգամանքներով։ Առաջին, լրագրողի գործունեության ընթացքում լինում են դեպքեր, երբ տեղեկություն տրամադրող անձը համաձայնում է խոսել միայն չբացահայտվելու պայմանով։ Լրագրողն այս դեպքում իհարկե, պետք է պարզի աղբյուրի գաղտնի մնալու շարժառիթը, և միայն դրանից հետո խոստանա չբացահայտել։ Երկրորդ, լրագրողներն իրենց գործունեության ընթացքում շատ հաճախ օգտվում են տեղեկատվության այնպիսի աղբյուրներից, որոնք ցանկանում են գաղտնի մնալ՝ ահազանգելով իրենց հաստատություններում տեղի ունեցող ապօրինությունների մասին։ Արտահոսած տեղեկությունն օգտագործելը, այսպիսով, կարևոր նշանակություն կարող է ունենալ լրագրողի աշխատանքի արդյունավետության համար, եթե լրագրողը երաշխավորի աղբյուրի գաղտնիությունը։ Ավելին, հաշվի առնելով, որ լրագրողները և լրատվամիջոցները, ելնելով նրանց գործունեության հանրային բնույթից, հեշտությամբ կարող են ներգրավվել ոստիկանության կամ դատական համակարգի գործունեության մեջ, աղբյուրի գաղտնիության պաշտպանությունը և նման պաշտպանության երաշխիքը նույնպես ձեռք են բերում մեծ կարևորություն։ Ըստ Գուդվինի գործում արտահայտված դիրքորոշման.

 

«Նման պաշտպանության բացակայության պարագայում տեղեկատվության աղբյուրները կդադարեն մամուլին աջակցելուց, ինչն էլ բացասաբար կանդրադառնա հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ ստույգ և վստահելի տեղեկատվություն տրամադրելու մամուլի հնարավորության վրա: Արդյունքում, կխաթարվի մամուլի՝ որպես հասարակական շահերի պաշտպանի կենսականորեն կարևոր դերը: Նկատի ունենալով ժողովրդավարական հասարակությունում տեղեկատվության աղբյուրների պաշտպանության կարևորությունը մամուլի ազատության համար և այն վտանգավոր ներգործությունը, որով աղբյուրի բացահայտման մասին դատական կարգադրությունը կարող է ունենալ մամուլի ազատության վրա, նման միջոցը չի կարող համարվել համատեղելի Կոնվենցիայի 10-րդ հոդվածի հետ, եթե դա արդարացված չէ ավելի կարևոր հասարակական շահի առկայության անհրաժեշտությամբ»:

«Հասարակական շահ» հասկացությունը մեկնաբանվել է ԵԽ Նախարարների կոմիտեի 08.03. 2004թ թիվ 2000(7)՝ Լրագողական աղբյուրների գաղտնիության պաշտպանության մասին հանձնարարականում, համաձայն որի տեղեկատվության աղբյուրի բացահայտումը կարող է համարվել անհրաժեշտ, երբ համոզիչ կերպով հաստատված է, որ.

• տեղեկատվության աղբյուրի բացահայտում պահանջող անձանց կամ պետական մարմինների մոտ սպառվել են այլընտրանքային միջոցները, և

• աղբյուրի բացահայտման իրավաչափ նպատակը գերակայում  է հանրային շահին, նկատի առնելով նաև, որ

— աղբյուրի բացահայտման անհրաժեշտության գերակայող լինելը պարզորոշ ապացուցված է,

— հանգամանքները խիստ կարևոր և կենսական  անհրաժեշտության բնույթի են, 

— բացահայտման անհրաժեշտությունը պայմանավորված է  սոցիալական սուր պահանջով,

— պետություններն ունեն հայեցողության որոշակի ոլորտ անհրաժեշտության սահմանը գնահատելիս, բայց այն վերահսկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանով,

 

Նույն Հանձարարականի Բացատրական զեկույցում Նախարարների կոմիտեն մեկնաբանել է 3(բ) սկզբունքի «գերակայող իրավաչափ նպատակ» հասկացությունը՝ նշելով, որ դրա տակ պետք է հասկանալ. 

 

• «անձի կյանքի պաշտպանության» անհրաժեշտություն,

• «ծանր հանցագործության կանխման» անհրաժեշտություն, 

• «ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի դատական պաշտպանության» անհրաժեշտություն 

 

Այսպիսով, լրագրողական աղբյուրի բացահայտման պահանջը կարող է արդարացված լինել չորս տեսակի ծանր հանցագործությունների առնչությամբ. սպանություն, ծանր մարմնական վնասվածքների պատճառում, ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ և կազմակերպված հանցավորություն։ 

«Գերակայող իրավաչափ նպատակ» հասկացությունը առավել կոնցեպտուալ եղանակով բացատրվել է նույն փաստաթղթի 36-րդ կետում, ըստ որի հաշվի առնելով ցանկացած ժողովրդավարական հասարակության և անհատի համար արտահայտվելու ազատության և մամուլի ազատության կարևորությունը, ինչպես նաև աղբյուրի բացահայտման պոտենցիալ սառեցնող ազցեցությունը աղբյուրների կողմից ապագայում տեղեկատվության տրամադրման վրա, աղբյուրի բացահայտումը կարող է արդարացված լինել «միայն բացառիկ դեպքերում», երբ «խաղատախտակի վրա է դրված անձնական կամ հասարակական կենսական շահը»։ Վերը նշվածից բխում է, որ տեղեկատվության բացահայտումը պետք է լինի ոչ թե օրինաչափություն կամ պրակտիկա՝ կիրառելի ցանկացած հանցագործության նկատմամբ,  այլ խիստ նեղ արտահայտված բացառություն՝ պայմանավորված այնպիսի հանցագործությամբ, որի կանխումը կամ բացահայտումը  բխում է հասարակության քրեաիրավական բնույթի կենսական շահից։ Վերը շարադրված չորս տեսակի հանցագործությունների կանխումը կամ դրանց առնչությամբ քրեական հետապնդում իրականացնելը իրավամբ ներկայացնում է հասարակական կենսական շահ։ 

 

Ի հակադրություն վերը նշվածի, Խորհուրդը գտնում է, որ խնդրո առարկա գործի նյութերում ոչինչ չի վկայում, որ «Հրապարակ» օրաթերթին առաջադրված պահանջը ներկայացվել էր այնպիսի հանցագործության առնչությամբ, որի բացահայտումը ներկայացնում էր հանրային կենսական անհրաժեշտություն։ Նման պայմաններում գերակայում է աղբյուրի գաղտնիության լրատվամիջոցի իրավունքը։ Հետևաբար, դատական ակտը, որով լրատվամիջոցից պահանջվել է բացահայտել լրատվական աղբյուրը, տեղեկություններ և գաղափարներ տարածելու լրատվամիջոցի իրավունքի անիրավաչափ միջամտություն է։ 

 

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

 

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության

կենտրոնի նախագահ 

Մանանա Ասլամազյան — անկախ մեդիափորձագետ

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Արա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

Գեղամ Վարդանյան— Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր

 

Skip to content