2015 թվականի հուլիսի 30-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է Ոստիկանությունն ու դրա աշխատակիցներն ընդդեմ Վիլեն Գայֆեջյանի գործի վերաբերյալ իր կարծիքը: 

 

ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ոստիկանության, ինչպես նաև համահայցվորներ՝ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը, ոստիկանության աշխատակիցներ Արթուր Մադաթյանը և Սերգեյ Զաքարյանը։ Հայցը ներկայացվել է ընդդեմ քաղաքացի Վիլեն Գայֆեջյանի՝ հետևյալ փաստական հանգամանքների շրջանակներում։ 

 

Սույն թվի մայիսի 24-ին www.blog.1in.am կայքում հրապարակվել է «11 SOS-Գ/7» վերնագրով տեսանյութ, որի սկզբնաղբյուրը՝ http://blog.1in.am/140998.html հասցեի նշումով տեղադրված է եղել www.youtube.com կայքում https://www.youtube.com/watch?v=uhx5erHm5YE հասցեի ներքո։ Տեսանյութում հաղորդավար Վիլեն Գայֆեջյանը մեկնաբանում է ՀՀ Նախագահի նստելավայրի առջև  ծառայություն կատարող ոստիկանների գործողությունները, երբ նրանք ֆիզիկական ուժ կիրառելով բողոքի ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիների հեռացնում էին Նախագահի նստելավայրի մուտքի մոտից։ Հայցվորները գտնում են, որ տեսանյութում հաղորդավարը օգտագործել է հայցվորների պատիվը և արժանապատվությունը արատավորող արտահայտություններ։ Մասնավորապես, հաղորդավարը ողջույնի խոսքերը սկսում է հետևյալ արտահայտությամբ. «Սիրելի հայրենակիցներ, եթերում Գ ու հենց-ընենց յոթ հաղորդաշարի առաջին թողարկումն է», իսկ տեսանյութի 28-րդ վայրկանում հաղորդավարը, աջ ձեռքի շարժումով ցույց տալով ուսադիրը, ասում է. «մենք՝ Գ ու հենց ընենց յոթերս, ՀՀ քաղաքացու պաշտպաններն ենք, ծառաներն ու բարեկամները» արտահայտություն։ Տեսանյութի 44-րդ վայրկանում հաղորդավարը հնչեցնում է հետևյալ արտահայտությունը. «վերջերս մեր զաբոռասպստման բաժին ահազանգ եղավ» արտահայտությունը, որից անմիջապես հետո տեսանյութում ցուցադրվում է  ՀՀ նախագահի նստավայրի առջև տեղադրված երկայթա ճաղավանդակները և այդտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների պատկերները։ Տեսանյութի 3։00 րոպեում կատարվում է 02 լրատվական հաղորդաշարի մի դրվագի մեջբերում, որտեղ հաղորդավարի հրաժեշտի խոսքից և երկու հայցվորների գործողությունների ցուցադրումից անմիջապես հետո 3:10-րդ րոպեին պատասխանողը օգտագործում է «շան տղերք» արտահայտությունը։ 

 

Հայցվորները, ի թիվս այլ փաստարկների, գտնում են, որ պետությունը նույնպես կարող է հանդես գալ որպես քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտ և հայցել իրավական պաշտպանություն իր բարի համբավը (ըստ ՀՀ Սահմանադրության) կամ գործարար համբավը (ըստ Քաղաքացիական օրենսգրքի) արատավորելու համար։ Ի հավելումն, հայցվորները գտնում են, որ տեսանյութի վիրավորական արտահայտությունները հավաքական իմաստով ուղղված էին ՀՀ ոստիկանությանը և որ պատասխանողը իր գործողություններով նպատակ է ունեցել նսեմացնել ՀՀ ոստիկանության բարի համբավը։ Նման հանգամանքներում հայցվորները գտնում են, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ոստիկանության, իրավունք է ստանում հանդես գալ որպես հայցվոր Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով  և հայցել իրավական պաշտպանություն ոստիկանության  բարի համբավը արատավորող հրապարակային հայտարարություններից։ 

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

Սույն գործում որպես հայցվորներ հանդես են գալիս Հայաստանի Հանրապետությունը և մի շարք պաշտոնատար անձինք։ Այս իմաստով այս դատական գործը տարբերվում է մնացած գործերից, որոնց վերաբերյալ Խորհուրդը նախկինում արտահայտել է կարծիք։ Խորհուրդը գտնում է, որ պետական մարմինները և հանրային պաշտոնյաները պետք է ձեռնպահ մնան վիրավորանքի ու զրպարտության գործերով որպես հայցվորներ հանդես գալուց։ Այս հարցին սպառիչ պատասխան է տվել ՀՀ Սահմանադրական դատարանը, որն իր ՍԴՈ-997 որոշման մեջ, որում վերջինս բացահայտեց Քաղաքացիական դատավարության 1087.1 հոդվածի բոլոր դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը, նշել է, որ 1087.1 հոդվածի իմաստով «անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն այլ անձանց արատավորող գործողություններից պաշտպանվում է բացառապես քաղաքացիաիրավական կարգավորման միջոցով, և «անձ» արտահայտությունը վերաբերելի չէ իշխանության մարմիններին որպես իրավաբանական անձ»։  Այս դիրքորոշմամբ ՍԴ-ն բացառել է պետական մարմինների միջամտությունը վիրավորանքի ու զրպարտության դատական գործերում։ Ընդ որում, պետական մարմինների չմիջամտելու սկզբունքը ՍԴ-ն համարում է որպես յուրաքանչյուրի ազատորեն արտահայտվելու, այդ թվում սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատության իրականացման կարևոր երաշխիք։  

 

Պետական մարմինների չմիջամտության սկզբունքը ամրագրված է մի շարք պետությունների իրավակիրառ պրակտիկայում և տարածվում է ինչպես պետական, այնպես էլ ընտրովի մարմինների, պետական ձեռնարկությունների և նույնիսկ քաղաքական կուսակցությունների վրա։ Այս սկզբունքի պահպանումը քաղաքական կամքի դրսևորում է առ այն, որ իշխանությունները գնահատում են պետական ու հանրային մարմինների բաց քննադատության կարևորությունը ժողովրդավարական հասարակարգում, այդ մարմինների հեղինակության իրավունքի սահմանափակ շրջանակը ու դրա հանրային բնույթը։ Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ հանրային մարմիններն ունեն պաշտպանվելու լայն ռեսուրսներ՝ մի բան, որը հաճախ հասու չէ սովորական քաղաքացիներին։  Այս առումով մտահոգության առարկա է այն հանգամանքը, որ պետական մարմինները վիրավորանքից կամ զրպարտությունից պաշտպանվելիս օգտագործում են հանրային ռեսուրսներ՝ սահմանափակելու համար մի իրավունք (տեղեկատվության ազատ հոսքը), որն ի վերջո նույնպես հանրային նշանակություն ունի։  

 

Ի մի բերելով վերը նշվածը, Խորհուրդը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ ոստիկանության, չի կարող սույն գործով հանդես գալ որպես հայցվորներ։ Ինչ վերաբերում է մյուս հայցվորներին, նրանք կարող են հանդես գալ որպես ֆիզիկական անձինք և դատական պաշտպանության իրենց իրավունքները իրականացնելիս չպետք է օգտագործեն հանրային ռեսուրսները։

 

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

 

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության

կենտրոնի նախագահ 

Մանանա Ասլամազյան — անկախ մեդիափորձագետ

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Արա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

Գեղամ Վարդանյան— Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր

 

Skip to content