2015 թվականի հունիսի 30-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է Ռուզաննա Խաչատրյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի գործի վերաբերյալ իր կարծիքը:
ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
«Հրապարակ» օրաթերթի 21.05.2015 թ. N 91 (1669) թողարկման մեջ հրապարակվել է «Հանրությունն ուզում է իմանալ» վերնագրով հոդված: Նույն օրը, նույն վերնագրով և նույնաբովանդակ հրապարակում եղել է նաև «Հրապարակ» օրաթերթի կայքում հետևյալ հղմամբ` http://hraparak.am/?p=79894&l=am/hanrutyunvo:
Հոդվածի բովանդակության մի հատվածը նշում է հետևյալ.
«որոշ լրատվամիջոցներ խորացան նախարարի եւ նրա տիկնոջ հարաբերություններում, պատմեցին նրանց «թեթև» ծանոթության եւ արտամուսնական երկարատեւ կապի մասին, հիշեցին եւ տարածեցին վաղուց մոռացված պատմություն այն մասին, թե ինչպես է մի կին, երբ նա դեռ հայտնի չէր, վարել իր մտերիմ ընկերոջ մեքենան եւ ջախջախել այն, վերջինիս մահվան պատճառը դառնալով: Նկատենք, որ այս պատմությունը վաղուց է շուրթից շուրթ փոխանցվել, իսկ տարիներ առաջ լրագրողները գրում էին քրեական այս դեպքի մասին, դրան հետևած քննության եւ դատաքննության, բայց ոչ ոք չէր հետաքրքրվում, թե ով է եղել այդ մեքենայի ղեկին։ Միայն հիմա, երբ պաշտպանության նախարարի նախագահ դառնալու հեռանկարն այսքան տեսանելի դարձավ, մութ պատմությունները ջրի երես դուրս եկան…ի վերջո, շոշափվել է անձնական կյանքը, որի իրավունքն անձեռնմխելի է, մյուս կողմից՝ սա կեղտոտ սպիտակեղեն է, որն ամոթ է լվանալ հանրության աչքի առաջ»:
Հոդվածը հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախարարի կնոջ Ռուզաննա Խաչատրյանի լուսանկարով։ Վերջինս գտնում է, որ հոդվածում տեղ են գտել իր մասին վիրավորական և զրպարտող արտահայտություններ։ Ըստ նրա փաստաբան Կարեն Մեժլումյանի, լրատվամիջոցը չի պատասխանել Ռուզաննա Խաչատրյանի՝ լրատվամիջոցին ուղղված հերքման պահանջին։ Կարեն Մեժլումյանը դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին՝ խնդրելով տրամադրել եզրակացություն առանց Ռուզաննա Խաչատրյանից փաստերը ճշտելու հրապարակում կատարելու, հերքման պահանջին չարձագանքելու, ինչպես նաև սույն ոլորտին առնչվող իրավական կարգավորումների և մասնագիտական էթիկայի պահանջների մասին։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հաշվի առնելով, որ սույն գործով դատական քննությունը դեռ չի սկսվել և այն հանգամանքը, որ գործն ունի հասարակական մեծ հնչեղություն, Խորհուրդը ձեռնպահ է մնում փաստերի գնահատումից և դրա փոխարեն նախընտրում է արտահայտել կարծիք հանրային դեմքերի, պաշտոնատար անձանց անձնական կյանքի վերաբերյալ լրատվության, քննադատության շրջանակների մասին։
Վեճն առնչվում է, առաջին, պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների մասին հանրային հետաքրքրություն ներկայացնող փաստերի շուրջ տեղեկատվություն տրամադրելու լրագրողական ազատությանը, երկրորդ, նշված անձանց անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին, երրորդ, հանրային նշանակության և հանրային հետաքրքրություն ներկայացնող դեպքերի մասին հանրության տեղեկատվություն ստանալու իրավունքին։ Վերջինի առումով նման տեղեկություններ տրամադրելու պարտականությունը դրված է լրատվամիջոցների ու լրագրողների վրա։
Անկասկած է, որ անձնական ու ընտանեկան կյանքի վերաբերյալ ցանկացած լրատվություն միջամտություն է անձնական կյանքի իրավունքին։ Այդուհանդերձ, միջամտությունը կարող է իրավաչափ լինել, եթե տվյալ հանգամանքների ներքո դա «անհրաժեշտ է»։ Որոշելու համար, թե արդյոք միջամտությունը հիմնվել է այնպիսի բավարար հիմքերի վրա, որոնք միջամտությունը դարձրել են «անհրաժեշտ», հարկ է հաշվի առնել գործի հանրային նշանակության հանգամանքը» (Bladet Trօmsօ and Stensaas v. Nօrway, թիվ 21980/93, 20/05/1999, § 62/: Այսպիսով, պաշտոնատար անձի հանրային դեմքի անձնական կյանքի շրջանակը, այդ թվում նրա ընտանիքի անդամների հետ կապված դեպքերը, իրադարձությունները, նույնպես կարող են լինել լրագրողական ազատության օբյեկտ՝ այնքանով, որքանով դա կապ ունի այդ անձի հանրայի´ն գործառույթների, հանրային նշանակության որոշումների ու գործողությունների հետ։ Այս իմաստով հատկապես կարևոր է, թե արդյոք անձնական կյանքի որևէ դրվագի վերաբերյալ տեղեկատվությունը ուղղված է եղել որևէ հարցի շուրջ ծավալված հանրային բաց բանավեճի ծավալմանը, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդրի, երևույթի շուրջ հանրային քննարկմանը լրացնելուն։
Այդուհանդերձ, նույնիսկ վերը նշված ազատությունը ենթակա է սահմանափակման։ Ըստ ՀՀ Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը չի երաշխավորում ամբողջովին անսահմանափակ արտահայտվելու ազատություն նույնիսկ մամուլի այն հրապարակումների առնչությամբ, որոնք վերաբերում են լուրջ հանրային հետաքրքրության խնդրի։ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասը ենթադրում է «պարտավորություններ և պատասխանատվություն», որոնք կիրառելի են նաև մամուլի նկատմամբ և որոնք ենթադրում են, որ ընդհանուր հետաքրքրության խնդիրների մասին տեղեկություններ հայտնելու կապակցությամբ լրագրողներին տրամադրվող պաշտպանությունը ենթակա է այն նախապայմանին, որ լրագրողները գործում են բարեխղճորեն` տրամադրելու համար ճշգրիտ և վստահելի տեղեկատվություն` լրագրողական էթիկայի նորմերին համապատասխան»։ Այս նախադեպային դրույթը լայն կիրառություն ունի պրակտիկայում՝ հատկապես լրագրողական կազմակերպությունների ինքնակարգաորման փաստաթղթերում։ Երևանի մամուլի ակումբի շրջանակներում գործող Դիտորդ մարմնի՝ «ԶԼՄ-ների ներկայացուցիչների վարքականոնի» 1-ին բաժինը ամբողջությամբ վերաբերում է տեղեկատվություն տարածելիս ճշգրտության և անկողմնակալության սկզբունքներին։Այսպիսով, լրագրողական բարեխղճությունը համընդհանուր նախապայման է և լրագրողական ազատության պաշտպանական որևէ համակարգի ձևական առկայությունը (փաստի մասին հայտարարություն, գնահատող դատողություն, անոնիմ մնալու իրավունքի իրացում, և այլն) չի կարող գերակայել այս ընդհանուր նախապայմանը։ Սրա մասին է վկայում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի վերջին վճիռը Դելֆին ընդդեմ Էստոնիայի գործով։
Հաշվի առնելով վերը նշվածը, Խորհուրդը գտնում է, որ վիճահարույց հոդվածում հանրային դեմքի անձնական, ընտանեկան կյանքի որևէ դրվագի վերաբերյալ տեղեկատվության տարածումը չի կարող ինքնին կասկածի տակ դնել նման տեղեկատվության իրավաչափության հարցը։ Շատ բան կախված կլինի նրանից, թե դատաքննության ընթացքում լրատվամիջոցը որքանով կկարողանա հիմնավորել, որ լրագրողը գործել է բարեխղճությամբ, որ տեղեկատվությունը ուղղված չի եղել ընթերցողների նեղ խմբի անձնական հետաքրքրասիրությունը բավարարելուն, այլ լրացնում էր հանրային հետաքրքրություն ներկայացնող որևէ հարցի հանրային քննարկմանը։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության
կենտրոնի նախագահ
Մանանա Ասլամազյան — անկախ մեդիափորձագետ
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Արա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն
Գեղամ Վարդանյան— Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր