2013 թվականի հունիսի 17-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է “Իջևան ստուդիա” ՍՊԸ –ի և լրագրող Նաիրա Խաչիկյանի դեմ “Իջևանի ՃՇՇ” ՓԲԸ -ի հայցի հիման վրա դատական գործի վերաբերյալ իր կարծիքը (Տե՛ս սույն գործով ՏՎԽ-ի թիվ 18 եզրակացությունը):

 

1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

19/07/2011թ.-ին “Իջևանի ՃՇՇ” ՓԲ ընկերությունը դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ “Իջևան ստուդիա” ՍՊԸ-ի և Նաիրա Խաչիկյանի՝ Հայկական երկրորդ հեռուստաալիքի “Լրաբեր” լրատվական ծրագրով 21.06.2011 թվականին հեռարձակված “Որտե՞ղ են քանդված սալաքարերը” վերնագրով տեսանյութի կապակցությամբ, որը պատրաստվել էր Իջևանի հեռուստաընկերության կողմից և որում քննադատության է ենթարկվել ընկերությունը առանց համապատասխան թույլտվություն և համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի Իջևան քաղաքի Իջևանյան փողոցի սալահատիկները քանդելու համար, որի արդյունքում փողոցը անանցանելի էր դարձել մարդկանց և տրանսպորտի համար: 

 

Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել հեռուստաընկերությանը և լրագրողին գործարար վիրավորանքի և զրպարտության դիմաց ներողություն խնդրել, ինչպես նաև պարտավորեցնել վճարել 3 մլն դրամ որպես գույքային և ոչ գույքային վնասների դիմաց փոխհատուցում: 27/04/2012թ. դատարանը մասնակի բավարարել է հայցապահանջը և պարտավորեցրել է պատասխանողներին վճարել 50000 դրամ որպես փոխհատուցում: Որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան, որն իր 04/07/2012թ. ամբողջությամբ բեկանել է առաջին ատյանի դատարանը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան ամբողջ ծավալով նոր քննության: Վերաքնննրչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանը որոշումը կայացնելիս հաշվի չի առել մի շարք կարևոր հանգամանքներ, որոնց թվում նաև պատասխանողների գույքային դրությունը: Առաջին ատյանի դատարանը 22/03/2013թ.-ին կայացրել է նոր վճիռ, որով ամբողջությամբ մերժել է ընկերության հայցապահանջը ընդդեմ հեռուստաընկերության և լրագրողի:

 

Այդուհանդերձ, դատարանը որոշել է համապարտության կարգով հեռուստաընկերությունից և լրագրողից բռնագանձել 100000 դրամ՝ որպես հայցվոր ընկերության փաստաբանի վարձատրության գումար և 40000 դրամ՝ որպես պետական տուրքի գումար: Իր որոշումը դատարանը հիմնավորել է այն պատճառաբանությամբ, որ գործի քննության ընթացքում թեև չի հիմնավորվել ընկերության գործարար համբավին վիրավորանք հասցրած լինելու հանգամանքը, սակայն հիմնավորվել է պատասխանողների կողմից ընկերությանը զրպարտելու հանգամանքը, սակայն հաշվի առնելով հեռուստաընկերության և լրագրողի գույքային սուղ դրությունը, դատարանը, “միայն հիմք ընդունելով պատասխանողների գույքային դրությունը”, մերժել է զրպարտության մասով հայցապահանջը:  

 

2. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

 

“Արտիկլ 19” միջազգային իրավապաշտպան կազմակերպության “Զրպարտության սահմանումը” հայտնի հետազոտության 13-րդ կետը սահմանում է հետևյալը. 

 

Սկզբունք 13. Իրավական պաշպանության միջոցների նպատակը

ա) իրավական պաշտպանության ոչ մի պարտադիր կամ դատական որոշման հիման վրա կատարման ենթակա միջոց չի կարող կիրառվել որևէ հայտարարության նկատմամբ, որը, վերը նշված սկզբունքների կիրառումով, չի ճանաչվել զրպարտող բնույթի:

բ) Զրպարտող հայտարարությունների դիմաց իրավական պաշտպանության միջոց տրամադրելու առաջնային նպատակը պետք է պատասխանողին հասցված վնասի վերականգնումը լինի, այլ ոչ թե տվյալ հայտարարության տարածողներին պատժելը: 

Ըստ վերը նշված սկզբունքի մեկնաբանության, ոչ մեկին չի կարող պարտադրվել կատարել որևէ գործողություն կամ տրամադրել իրավական պաշտպանության որևէ միջոց, քանի դեռ այդ անձը չի ճանաչվել զրպարտող հայտարարությունների հրապարակման պատասխանատու: Ըստ նույն մեկնաբանության, ազատ արտահայտվելու իրավունքը պահանջում է, որպեսզի զրպարտող հայտարարությունների դեմ իրավական պաշտպանության միջոցի տրամադրումը սահմանափակվի միայն զրպարտված անձի հեղինակությանը հասցված անմիջական վնասի փոխհատուցմամբ: Իրավական պաշտպանության միջոցների օգտագործումը որևէ այլ նպատակով սառեցնող ազդեցություն կունենա ազատ արտահայտվելու իրավունքի  վրա, որն անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում:  

 

Տվյալ դեպքում թեև լրատվամիջոցը և լրագրողը շահել են դատական գործը (իրենց դեմ ներկայացված հայցապահանջը ամբողջությամբ մերժվել է), սակայն դատարանը նրանց պարտադրել է փոխհատուցել հայցվորի դատական ծախսերը (փաստաբանի վարձավճարը և պետական տուրքը): Թվում է, թե նման մոտեցումը բխում էր  վճռի եզրափակիչ մասում դատարանի կողմից թռուցիկ կերպով արտահայտած այն դիրքորոշումից, ըստ որ թեև առկա էր պատասխանողի կողմից հայցվորին զրպարտելու փաստը, սակայն պատասխանողների գույքային դրությունը թույլ չէր տալիս արձանագրել խախտում, քանի որ այդ դեպքում կխախտվեր լրատվամիջոցի բնականոն գործունեությունը: Եթե դա այդպես է, ապա դատարանը հայցվորի գույքային վիճակով կաշկանդված չէր հայցապահանջը բավարարել մասնակիորեն, արձանագրել խախտում ու որպես իրավական հետևանք սահմանել ոչ գույքային փոխհատուցման եղանակ, օրինակ՝ հերքում տպագրելու պարտավորություն:

 

Դատարանի նշված մոտեցումը խնդրահարույց է այն առումով, որ կարող է սառեցնող ազդեցությունի ունենալ լրատվամիջոցների ու լրագրողների ազատության վրա՝ ըստ Արտիկլ 19 կազմակերպության վերը նշված սկզբունքի: Եթե այս որոշումը դառնա տարածված պրակտիկա, նույնիսկ դատական գործը շահելու դեպքում պատասխանողի կարգավիճակում հայտնված լրատվամիջոցները կարող են պարտադրված լինել վճարել դրամական խոշոր փոխհատուցումներ, որի պայմաններում առ ոչինչ է դառնում դատական պաշտպանության իրավունքի իմաստը և լրջորեն վտանգվում ազատ խոսքը: 

 

Հաշվի առնելով լրատվամիջոցների ազատության կարևորությունը ժողովրդավարական հասարակությունում, Խորհուրդը ակնկալում է, որ Քաղաքացիական վերաքննիչ դատարանը կվերացնի վերը նշված որոշումը:

 

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ 

Մանանա Ասլամազյան -“Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ” ծրագրի տնօրեն

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — “Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր

Արա Ղազարյան — “Արնի Քնսալթ” փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

 

Skip to content