2012թ.-ի հոկտեմբերի 27-ին և 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ Տեղեկատվական վեճերի խորհուրդն անցկացրեց աշխատանքային քննարկում փաստաբանների և լրագրողների մասնակցությամբ:

Աշխատանքային քննարկումը կազմակերպվել էր ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ՝ նպատակ ունենալով ուսումնասիրել վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ դատական գործերով Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ) փորձը: Նշենք, որ աշխատանքային քննարկման մասնակից փաստաբանների և լրագրողների մեծ մասը հայցվոր կամ պատասխանող կողմն է եղել վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ դատական գործերով:

 

Ներկաներին ողջունեց ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ժողովրդավարության զարգացման բաժնի ծրագրերի համակարգող Ծովինար Արևյանը, արդյունավետ և ակտիվ աշխատանք մաղթեց, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց ՏՎԽ-ի անդամներին: Ապա, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ, ՏՎԽ քարտուղար Շուշան Դոյդոյանը ներկայացրեց Տեեղկատվական վեճերի խորհրդի հիմնական գործառույթները և մինչ օրս կատարած աշխատանքների ամփոփ հաշվետվությունը:

 

Աշխատանքային քննարկման առաջին բանախոսը “Արնի Քնսալթ” փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Արայիկ Ղազարյանն էր, ով ներկայացրեց վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ դատական գործերով Տեղեկատվական վեճերի խորհրդի փորձագիտական եզրակացությունները, վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ 2012 թ.-ին տեղի ունեցած դատական գործերը: Ա. Ղազարյանի ներկայացրած վիճակագրությունը ցույց տվեց, որ վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ դատական գործերով դատարանները հիմնականում պաշտպանում են ԶԼՄ-ներին:

 

Այնուհետև, ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը ներկայացրեց Հանցագործությունների լուսաբանման առանձնահատկություննեը, խնդիրները կապված մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունք և անմեղության կանխավարկածի ոտնահարման հետ: Ս. Տռուզյանը նշեց, որ, հանրային անձի անձնական կյանքի գաղտնիությունը պետք է ավելի մատչելի լինի: Սակայն հավելեց նաև, որ շատ հաճախ մարդկանց անձնական կյանքի իրավունքը հաճախ է ոտնահարվում զլմ հրապարակումներում: Քննարկման ընթացքում Սոնա Տռուզյանը նաև արձանագրեց, որ առկա է նաեւ լրագրողների, մասնավորապես՝ առցանց հարթակում գործող քաղաքացիական լրագրողների պրոֆեսիոնալիզմի պակաս:

 

Աշխատանքային քննարկման երկրորդ օրը նվիրված էր էլեկտրոնային լրատվամիջոցներում վիրավորանքի և զրպարտության խնդիրներին:

 

Թեման ներկայացրեցին aravot.am-ի առցանց խմբագիր Աննա Իսրաելյանը և “Լրագրողներ հանուն ապագայի” ՀԿ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը: Աննա Իսրաելյանն անդրադարձավ սոցիալական ցանցերում լրատվամիջոցների կողմից տարածվող տեղեկատվության, սոցիալական ցանցերի միջոցով առցանց լրատվամիջոցներում հայտնվող վիրավորական կամ զրպարտող մեկնաբանությունների (comment) խնդրին: Մի կողմից ցույց տալով վիրավորական և զրպարտող մեկնաբանությունները հեռացնելու անհրաժեշտությունը, մեկնաբանությունները զտելու նպատակահարմարությունը ԶԼՄ-ի համար, Աննա Իսրաելյանը մյուս կողմից հավելեց, որ առցանց բովանդակության մոդերացիան ընթերցողների կողմից դիտվում է որպես գրաքննություն:

 

Ծավալված քննարկման արդյունքում մասնակիցները հանգեցին եզրակացության, որ ԶԼՄ-ն պետք է հնարավորինս իրականացնի մոդերացիա՝ իր մատուցած բովանդակությունում վիրավորանք և զրպարտություն թույլ չտալու համար:

 

Սուրեն Դեհերյանն առավելապես անդադարձավ առցանց լրագրողության էթիկական խնդիրներին, առցանց հարթակում չճշտված, չստուգված կամ միակողմանի ներկայացված լրատվության տարածվածության խնդրին:

 

Աշխատանքային քննարկման ավարտին մասնակիցները կարևորեցին նմանատիպ քննարկումների օգտակարությունն առկա խնդիրները վերհանելու հարցում և առաջարկեցին նման քննարկումներին հրավիրել նաև այն դատավորներին, ովքեր նմանատիպ գործերով վճիռներ են կայացրել: Կարևորելով հանցագործությունների լուսաբանումը, ինչպես նաեւ լրատվամիջոցներում անմեղության կանխավարկածի ոտնահարման բացառումը, մասնակիցներն առաջարկեցին նաև կազմակերպել աշխատանքային քննարկումներ լրագրողների և ոստիկանության ներկայացուցիչների հետ:

Skip to content