2012թ.-ի հունիսի 29-ից հուլիսի 1-ը “Զրպարտություն և վիրավորանք. Տեղեկատվական վեճերի խորհրդի փորձը” թեմայով աշխատանքային քննարկում տեղի ունեցավ լրագրողների և փաստաբանների մասնակցությամբ: Միջոցառումը կազմակերպվել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ իրականացվող “Տեխնիկական աջակցություն տեղեկատվական վեճերի խորհրդին” ծրագրի շրջանակում: Հանդիպմանը ներկաներին նախ ողջունեց ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ժողովրդավարության զարգացման բաժնի ղեկավար Օլիվեր Մկքոյը, ով կարևորեց ՏՎԽ-ի դերը լրատվամիջոցների դեմ դատական գործերի արտադատական պրակտիկա ձևավորելու գործում. “Թեև քաղաքացիական հասարակության զեկույցները ցույց են տալիս այս տարվա դրությամբ զրպարտության և վիրավորանքի հայցերի թվի զգալի նվազում, կարևոր է, որ տեղական և միջազգային կազմակերպությունները շարունակեն հետևել իրավիճակին և խթանել իրավիճակի բարելավումը այս ոլորտում: Խորհրդի գործունեությանն աջակցելով` մենք սատարում ենք  վեճերի արտադատական կարգավորման մեխանիզմների կիրառմանը  և խրախուսում էթիկայի նորմերին համապատասխան լրագրություն, որն ի վերջո պետք է դրական ազդեցություն ունենա ԶԼՄ դաշտի ընդհանուր որակի վրա”:

ԻԱԿ նախագահ, ՏՎԽ քարտուղար Շուշան Դոյդոյանը քննարկման մասնակիցներին ողջունելով նախ ներկայացրեց ՏՎԽ գործառույթները. “Տեղեկատվական վեճերի խորհուրդն արձագանքում է, երբ մամուլի ազատության հետ կապված խնդրահարույց իրավական հարցեր են ծագում, ինչպես դա եղավ Վճռաբեկ դատարանի` լրատվական աղբյուրների սահմանման որոշման դեպքում: Խորհուրդը ծառայում է նաև որպես այլընտրանքային, անաչառ մարմին` մամուլի հետ կապված վեճերի լուծման համար: Խորհրդի որոշումները կարող են նաև ունենալ կանխարգելիչ ազդեցություն, երբ վեճի կողմերը փորձում են վեճը կարգավորել առանց դատարանի միջամտության”:

 

Քննարկման սկզբում “Արնի Քնսալթ” փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Արայիկ Ղազարյանը ներկայացրեց զրպարտության և վիրավորանքի հիմքերով դատական գործերի մոնիթորինգի արդյունքները: 

 

Քննարկման հաջորդ հատվածում Երևանի մամուլի ակումբի նախագահ, Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Բորիս Նավասարդյանը և ԻԱԿ նախագահ, Տեղեկատվական վեճերի խորհրդի քարտուղար Շուշան Դոյդոյանը ներկայացրեցին վիրավորանքի և զրպարտության գործերով Տեղեկատվական վեճերի խորհրդի փորձագիտական եզրակացությունները:

 

Քննարկման մի առանձին հատված նվիրված էր ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմանը, որով մեկնաբանվում է վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը: Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման դրույթները ներկայացնում էր ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ  Արսեն Բաբայանը: Առավել մեծ հետաքրքրություն և քննարկման առարկա դարձան Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունները “տեղեկատվության պատշաճ աղբյուրի”, “տեղեկատվության աղբյուրի գաղտնիության”, տեղեկատվության աղբյուրը բացահայտելու դեպքում պատասխանատվության վերաբերյալ: “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի լրագրող Գոհար Վեզիրյանն իր վրդովմունքը հայտնեց տեղեկատվության աղբյուրի բացահայտման առնչությամբ. “Առանց այն էլ ընդդիմադիր լրատվամիջոցները գտնվում են տեղեկատվական “շրջափակման” մեջ: Եվ այս պայմաններում լրատվության աղբյուրի բացահայտումը նշանակում է վստահության խախտում, ինչն էլ ենթադրում է լրատվության աղբյուրի կորուստ: Բացի այդ, շատ դեպքերում լրատվության պաշտոնական աղբյուրները տեղեկատվություն են տալիս` խնդրելով չնշել իրենց անունը”: Քննարկմանը ներկա լրագրողների մեծ մասն, այնուհանդերձ, Վճռաբեկ դատարանի այս որոշումը գնահատեցին լրագրողական աշխատանքների սահմանափակում:  

 

Աշխատանքային քննարկման հաջորդ օրվա թեման “Զրպարտությունը և վիրավորանքը էլեկտրոնային լրատվամիջոցներում” էր: Այն ներկայացրեցին Արայիկ Ղազարյանը և ՙԱռավոտ՚ օրաթերթի գլխավոր խմբագիր, Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Արամ Աբրահամյանը: Վիճահարույց է նյութի ներքևում տեղադրված մեկնաբանությունների /քոմենթների/ վերահսկումը, քանի որ բացի տվյալ օրվա նյութերից, ընթերցողները քոմենթներ են գրում անգամ 1 տարվա վաղեմություն ունեցող նյութերի մասին: Ա. Աբրահամյանն էլ նշեց, որ, օրինակ, իրենց էլեկտրոնային էջում նոր քոմենթների մասին մոդերատորը հաղորդագրություն է ստանում, ինչի շնորհիվ մեկնաբանություննեըը վերահսկելի են:

 

Այնուհանդերձ, խնդիրը առկա է ոչ միայն հայկական, այլև ամբողջ աշխարհի օն լայն լրատվամիջոցների համար, և այն դեռևս հստակ լուծումներ չի ստացել:   

Հանդիպմանը ՏՎԽ-ի անդմաներին լրագրողներն առաջարկեցին նաև մինչ փորձագիտական եզրակացության հրապարակումը եզրակացության նախնական տարբերակը ներկայացնել դատական վեճում գտնվող կողմերին, լսել նրանց դիտարկումները: Փաստաբաններն էլ առաջարկեցին ՏՎԽ փորձագիտական եզրակացությունը հրապարակել դատական վեճի ավարտեցին հետո միայն, որպեսզի եզրակացությունը չդիտվի որպես դատական քննությանը միջամտություն: ՏՎԽ անդամները խոստացան քննարկել բոլոր առաջարկները և  ամփոփ արդյունքները հրապարակել: 

 

Նշենք, որ Տեղեկատվական վեճերի խորհուրդը հիմնադրվել է 2011թ.-ի մայիսի 1-ի ՄԻՊ Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ, որի հիմնական նպատակն է պաշտպանել խոսքի ազատությունն ու տեղեկատվության մատչելիությունը:

 

Տեղեկատվական վեճերի խորհրդի հիմնադիր անդամներ են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, “Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, “Արնի Քնսալթ” փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը, “Արմմեդիա” ծրագրի տնօրեն, լրագրող Մանանա Ասլամազյանը:

 

Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթն է զրպարտությանը, վիրավորանքին, մասնավոր կյանքի պաշտպանությանը և տեղեկատվության ազատությանը վերաբերող դատական գործերի կապակցությամբ խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացություններով հանդես գալը, ինչպես նաև օրենսդիր և գործադիր իշխանություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին համապատասխան հարցերի շուրջ անհրաժեշտ խորհրդատվությամբ ապահովելը:

 

 

Skip to content