ՓԱՍՏԵՐԸ

2025 թվականի հունիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ» վերնագրով հաղորդում։ Նույն օրը Հանրային հեռուստատեսության հաղորդավար Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարել է հետևյալ բովանդակությամբ հրապարակում. «Ահաբեկչական այս գործընթացում մի կոմպոնենտ մնաց աննկատ։ Ահաբեկիչները ստացել և ստանում են լրատվական մեծ աջակցություն ի դեմս սաթիկանմանների։ Սուտ, ապատեղեկատվություն, կիսաճշմարտություն, հուզականություն, քաոսի զգացողություն, ճգնաժամի անխուսափելիություն։ Սաթիկանմանները էս ամենը տարածում են ամեն օր։ Նրանք իրենց ամենօրյա աշխատանքով ծնեցին և սնեցին սեփական ժողովրդին աննասուն ասող ու մարդ գյուլող Ոսամա բեն Սրբազանին։ Նրանք իրար նման են։
Դաշնակների Yerkir.am-ը էս քանի օրա գրում ա, որ Ստամբուլում Էրդողանը զարմացել ա թե ինչքանա զիջում Փաշինյանը։ Չգիտեմ գուցե Էրդողանը անձամբ ա իր զարմանքի մասին ասել դաշնակների կայքին։ Բայց նման ստերը լրիվ տեղավորվում են սրբազան ահաբեկիչների ծրագրի մեջ»։
(Ուղղագրությունն ըստ բնագրի է — ՏՎԽ

2025թ․ հուլիսի 25-ին Վազգեն Գալստանյանը հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Պետրոս Ղազարյանի՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի հիմքերով (դատական գործ թիվ ԵԴ2/7778/02/25): Հայցվորը հայտնել է, որ սույն հրապարակման մեջ հնչել են վիրավորական և զրպարտող արտահայտություններ։ Վիրավորանք են «Ուսամա բեն Սրբազանին»  և «Նրանք իրար նման են» արտահայտությունները, որոնցով հայցվորը համեմատվել է Ուսամա Բեն Լադենի հետ, իսկ զրպարտություն են  «Ահաբեկիչները ստացել և ստանում են լրատվական մեծ աջակցություն ի դեմս սաթիկանմանների», «Նրանք իրենց ամենօրյա աշխատանքով ծնեցին և սնեցին սեփական ժողովրդին աննասուն ասող ու մարդ գյուլող Ոսամա բեն Սրբազանին», «Նման ստերը լրիվ տեղավորվում են սրբազան ահաբեկիչների ծրագրի մեջ» արտահայտությունները: Հայցվորը պատասխանողից պահանջել է հերքում հրապարակել, ինչպես նաև փոխհատուցում վճարել՝ 1 միլիոն դրամ վիրավորանքի և 2 միլիոն դրամ զրպարտության համար։

Դատարանը հայցն ամբողջությամբ մերժել է: Ինչպես նշվել է վճռում, «Ուսամա բեն Սրբազանին» արտահայտությունը գնահատողական դատողություն էր, որն ունեցել է բավարար փաստական հիմքեր, որոնք շարադրված են եղել Քննչական կոմիտեի հայտարարությունում, հետևաբար՝ այդ արտահայտությունն իրավաչափ է։ Դատարանը պատճառաբանել է, որ լրագրողը,  իրականացնելով մասնագիտական գործողություններ՝ փնտրել և հավաքել է դեպքի հետ կապված հրապարակումները և, օգտվելով իր իրավունքից, խմբագրել և ներկայացրել է իր տեսակետն իրավիճակի վերաբերյալ՝ տալով գնահատական: Ինչ վերաբերում է «Նրանք իրար նման են» արտահայտությանը, ապա, ըստ դատարանի, այն ասվել է ընդհանրական եղանակով, որից պարզ չէ, թե նմանություն ինչին կամ ում է վերաբերել, և իր էությամբ համեմատական դատողություն է:

Անդրադառնալով որպես զրպարտություն դիտարկվող արտահայտություններին՝ դատարանը գտել է, որ դրանք զրպարտող չեն կարող բնութագրվել, քանի որ պատասխանողի կողմից արվել են ընդհանրական ձևակերպմամբ, իրենց մեջ չեն պարունակել հայցվորի մասին կոնկրետ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, ինչպես նաև՝ որ լրատվական մեծ աջակցություն ստանալը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես անձի
պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող փաստական տվյալ:

Վճիռը բողոքարկվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան, որտեղ նիստի օր դեռ չի նշանակվել։

ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

Ինչպես վկայում են վերոգրյալ փաստերը, հայցվորը խնդրո առարկա արտահայտությունների մի մասը համարել է վիրավորանք պարունակող գնահատողական դատողություններ, իսկ մյուսը՝ զրպարտություն։ Իր  դատողություններում պատասխանողը, որը լրագրող է և վարում է հանրային հետաքրքրություն ներկայացնող հեռուստահաղորդումներ, ֆեյսբուքյան անձնական էջում հայցվորին անվանել է ահաբեկիչ ու նրան համեմատել է Ուսամա բեն Լադենի հետ, որի կազմակերպած ու իրականացրած միջազգային խոշոր ահաբեկչական ակտերի արդյունքում հազարավոր մարդիկ են զոհվել։ Հրապարակայնորեն այդպիսի համեմատություն անելու համար անհրաժեշտ է ունենալ հիմնավոր ու որոշակիորեն համարժեք փաստեր։ Խորհուրդը համամիտ է դատարանի հետ, որ նշված արտահայտություններից առաջին երկուսը գնահատողական դատողություններ են, և որ պատասխանողը համեմատությունը կատարել է այլաբանորեն։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես իր պրակտիկայում անդրադարձել է նման կոշտ համեմատությունների, որոնք գործածվել են քաղաքական խոսույթում։ Սակայն ՄԻԵԴ-ն ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, թե արդյո՞ք համեմատությունն արվել է քաղաքական երգիծանքի շրջանակում, քանի որ ոճը, ինչպես բովանդակությունը, հավասարաչափ պաշտպանված է ազատ խոսքի իրավունքով (Uj-ն ընդդեմ Հունգարիայի, թիվ 23954/10, 19/07/2011, կետ 20)։ Ըստ այդմ՝ ոճով պայմանավորված չափազանցությունները, նույնիսկ եթե զուգորդվում են սարկազմով կամ վուլգար արտահայտություններով, կարող են գտնվել ազատ խոսքի պաշտպանության տակ (REDAKTSIYA GAZETY ZEMLYAKI-ն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 6224/05, 21/11/2017, կետ 48։ Տե՛ս, նաև, Խորհրդի թիվ 50 որոշումը)։

Այդուհանդերձ, տվյալ դեպքում ոչինչ չի հուշում, որ վիճահարույց գրառումն արվել է լրագրողական որևէ ժանրով (օրինակ՝ ֆելիետոն, պամֆլետ և այլն), որը ենթադրում և թույլ է տալիս ներառել որոշակի չափազանցություններ, փոխաբերական համեմատություններ, այլաբանություններ։ Խնդրո առարկա արտահայտությունները պատասխանողը կիրառել է իր ֆեյսբուքյան էջում, և դրանք չեն հանդիսանում որևէ լրագրողական նյութի բաղկացուցիչ մաս։ Այսինքն՝ գրառման հեղինակը տվյալ դեպքում չի կարող օգտվել իրավական պաշտպանության այն երաշխիքներից, որոնք նախատեսված են լրագրողական գործունեության համար։ Այս պարագայում վերոհիշյալ տեքստում անձին ահաբեկիչ անվանելը և նրան միջազգային ահաբեկչի հետ համեմատելը չափազանցություն է, որն ավելին է, քան հանրային շահից բխող անհրաժեշտությունը։ Ընդ որում՝ Խորհուրդը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Քննչական կոմիտեի հաղորդագրությունում, որը սկզբից պատասխանողը, ապա նաև դատարանը բավարար փաստական հիմք են համարել գնահատող դատողություն անելու համար, հայցվորի մեղքի մասին որևէ հայտարարություն չկա։ Ներկայացվել են փաստեր ու գնահատականներ առաջադրված մեղադրանքի առնչությամբ, սակայն չի խախտվել անմեղության կանխավարկածը, առավել ևս՝ անձն ահաբեկիչ չի անվանվել։

Վերը նշվածի լույսի ներքո ՏՎԽ-ն եզրակացնում է, որ «Ուսամա բեն Սրբազանին»  և «Նրանք իրար նման են» արտահայտությունները գործածելով՝ պատասխանողը գնահատողական դատողություններ անելու իր իրավունքից օգտվել է անբարեխիղճ կերպով, խախտել է հայցվորի անմեղության կանխավարկածը, նսեմացրել է անձի արժանապատվությունը, վիրավորել նրան։ Ինչ վերաբերում է մնացած արտահայտությունները որպես զրպարտություն չորակելու դատարանի դիրքորոշմանը, ապա Խորհուրդը նույնպես գտնում է, որ դրանք, թեև պարունակում են որոշակի սարկազմ, այդուհանդերձ, այն աստիճանի ցնցող ու անհանգստություն պատճառող չեն, որ անցնեն դատական պրակտիկայով սահմանված՝ արատավորող խոսք լինելու իրավական բնորոշման նվազագույն շեմը։

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ՝

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Արա Ղազարյան — «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն

Օլգա Սաֆարյան – Փաստաբան

Skip to content