2012թ. նոյեմբերի 12-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է “Հետք” շաբաթաթերթի լրագրող Ադրինե Թորոսյանի դեմ Լեռնապատ գյուղի գյուղապետ Վանո Եղիազարյանի հայցի հիման վրա դատական գործի վերաբերյալ իր կարծիքը:

1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

Լոռու մարզի Լեռնապատ գյուղի գյուղապետ Վանո Եղիազարյանը դիմել է դատարան ընդդեմ “Հետք” շաբաթաթերթի լրագրող Ադրինե Թորոսյանի՝ 2011 թվականի օգոստոսի 23-ին վերջինիս կողմից թերթում հրապարակված “Գյուղապետի հասցեին արված “արածել” բառն արժե 1 միլիոն” վերնագրով հոդված համար: Սույն հոդվածով լրագրողը մեկնաբանել էր Վանո Եղիազարյանի կողմից իր համագյուղացու դեմ ներկայացված հայցի հիման վրա հարուցված մեկ այլ դատական գործ: Վիճահարույց հոդվածից մեջբերում ենք հետևյալ հատվածը.

“Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչ Գևորգ Մելքոնյանը “Ժամանակ” օրաթերթի “Էս թուրքին մեր միջից հանեք” վերնագրով հոդվածում հետևյալ տեղեկություններն է հրապարակել գյուղապետ Վանո Եղիազարյանի գործունեության վերաբերյալ… Մեջբերված ամբողջ տեքստից գյուղապետը զրպարտություն է համարել այն, որ ինքը բազալտի ապօրինի հանք է դրել, և որ Սամվել Հարությունյանից մեծ գումարներ է վերցրել: Արտահայտություններից մեկն էլ` “Մենք ուզում ենք իմանալ` ընդեղ արածողը Սամվե՞լն ա լինելու, գյուղապե՞տը, թե՞ ավագանին”, գյուղապետ Վ. Եղիազարյանը որակել է վիրավորական` չնայած ինքը` գյուղապետը, նշված արտահայտությունը հայցադիմումում որպես հիմք բերելով, ընդգծել է, որ այն որպես հռետորական հարց է տրված… Իր հասցեին արված վիրավորանքի համար գյուղապետ Վ.Եղիազարյանը 1 միլիոն դրամ էր պահանջում իր գյուղի բնակչից, իսկ զրպարտության համար` 2 միլիոն դրամ, ինչպես նաև դատական ծախսերը: Դատավոր Վ. Հովնանյանը գյուղապետի ֆինանսական պահանջը բավարարեց մի փոքր մասով…Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատավոր Վարդուհի Հովնանյանն այս վերջին արտահայտությունը վիրավորանք է համարել` պատճառաբանելով, որ մարդու նկատմամբ “արածել” բառն օգտագործելի չէ”:

Պատասխանողն իր պատասխանում հայտնել է, որ հոդվածը մեկ այլ դատական գործընթացի մեկնաբանություն էր և դրա վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, որ հոդվածում նշված բոլոր վիճահարույց փաստական տվյալները և արտահայտությունները վերարտադրվել են այդ դատական վարույթի փաստերից և դատավարության ընթացքում հնչած հայտարարություններից՝ այդ թվում նաև՝ “արածել” բառը, որն այդ դատական գործով պատասխանող Գևորգ Մելքոնյանի խոսքից կատարված մեջբերում էր:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 29/05/2012թ.-ին կայացրած վճռով հայցը մերժել է ամբողջությամբ: Դատարանը որոշումը հիմնավորել է հետևյալ եզրահանգմամբ.

“Գյուղապետի հասցեին արված “արածել¦” բառն արժե 1 միլիոն” վերնագիրը զրպարտություն չի համարվում, քանի որ նշված արտահայտության մեջ ներկայացված չեն հայցվորի անձի վերաբերյալ փաստացի տվյալներ, ներկայացվածն իր մեջ չի պարունակում կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն վերացական է, վերնագիրն իրականում չի արատավորում և չի էլ կարող արատավորել հայցվորի պատիվը, քանի որ վկայակոչված դատական գործի քննության շրջանակներում հայցվորը երկու անգամ ներկայացրել է գումարային փոխհատուցման պահանջ իր հասցեին կատարված արտահայտությունների, այդ թվում նաև վերնագրում տեղ գտած արտահայտության համար, լրագրողը, թեև որոշակի թերություններով, ընդամենը լուսաբանել է դատարանում քննված մեկ այլ գործ` այդ հարցի վերաբերյալ հանրությանը տրամադրելով տեղեկատվություն, որի հանգամանքը գտնվում է ազատ խոսքի պատշպանության տակ:

Առաջին ատյանի դատարանի որոշումը չի բողոքարկվել և մտել է ուժի մեջ:

2. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

Հոդվածն իր բնույթով հանդիսանում է լրատվամիջոցի կողմից դատական գործի լուսաբանում: Լրագրողները պետք է հնարավորություն ունենան ազատորեն և առանց պատասխանատվության ենթարկվելու վտանգի ներքո լուսաբանել և մեկնաբանել ընթացքի մեջ գտնվող դատական գործընթացներ՝ լինի դա քրեական, թե քաղաքացիական դատավարություն: Սա կարևոր հանգամանք է դատական համակարգի գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողության ապահովման տեսանկյունից, որը ժողովրդավարական ինքնակարգավորման կարևոր նախապայմաններից է: Հետևաբար, այս ոլորտում լրագրողական ազատության նկատմամբ սահմանափակումները պրակտիկայում պետք է զգուշորեն կիրառվեն, իսկ օրենսդրության մեջ՝ նեղ մեկնաբանվեն:

Տվյալ դեպքում լրագրողը լուսաբանել է ընթացքի մեջ գտնվող քաղաքացիական գործ՝ վերարտադրելով դատավարության կողմերի և դատավորի եզրահանգումները և հնչեցրած կարծիքները տվյալ գործի շրջանակներում: Լուսաբանելիս լրագրողը, շարունակ կատարելով մեջբերումներ և վկայակոչելով տեղեկատվության աղբյուրները, միջոցներ է ձեռնարկել, որպեսզի իրեն բավարար չափով տարանջատի տեղեկատվության հեղինակների արտահայտած կարծիքներից և փաստերի մասին հայտարարություններից: Նույնիսկ հոդվածի վերնագիրը, որը վեճի հիմնական առարկան է, հնարավոր չէ վերագրել լրագրողին, քանի որ դրանում օգտագործված վիրավորական բառը (“արածել” բառը) և դրա վերաբերյալ հայցվորի դիրքորոշումը (որ դրա դիմաց պետք է տրամադրել դրամական փոխհատուցում) հնչել են այլ դատական գործով դատավարության կողմի հրապարակային ելույթների ժամանակ և գրավոր պնդումներում: Իսկ այն հանգամանքը, որ տվյալ դատաքննությունը դռնփակ չի եղել, արդեն իսկ խոսում է այն մասին, որ այդ դատաքննության ընթացքում հնչեցրած բոլոր հայտարարություններն եղել են հրապարակային: Այսպիսով, լրագրողն օգտվել է ֆիզիկական անձ հանդիսացող տեղեկատվական աղբյուրի հրապարակային ելույթներից: Ըստ Վճռաբեկ դատարանի 27/04/2012թ. նախադեպային որոշման, նման հանգամանքներում լրագրողը գտնվում է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասի պաշտպանության տակ (պատշաճ աղբյուրից ստացված տեղեկատվության բարեխիղճ վերարտադրում) և ազատվում է պատասխանատվությունից:

Միևնույն ժամանակ Խորհուրդը նկատում է, որ հոդվածի վերնագրում շարադրվածը միակ փաստական հանգամանքը չէր, որը վիճարկվում էր հայցվորի կողմից դատաքննության շրջանակներում և որը լուսաբանել էր լրագրողը: Հետևաբար, լրագրողն ունեցել է ընտրության հնարավորություն և իր հայեցողությամբ վերնագրի համար ընտրել է այն փաստական տվյալը, որն անհրաժեշտ է համարել: Լայնորեն հայտնի է, որ տեղեկատվության մատուցման եղանակը որոշում է միմիայն լրագրողը: Այդուհանդերձ, նույնիսկ այդ դեպքում վերնագրի ընտրության նկատմամբ կան որոշակի պրոֆեսիոնալ պահանջներ. վերնագիրը պետք է գրավի ընթերցողի ուշադրությունը և միևնույն ժամանակ հնարավորինս համարժեք արտահայտի լրատվական նյութի ողջ բովանդակությունը: Սա մի պահանջ է, որը կարգավորվում է ոչ թե իրավական մեխանիզմներով, այլ լրագրողական մասնագիտական նորմերով: Տվյալ դեպքում յուրաքանչյուր ողջամիտ օբյեկտիվ ընթերցողի մոտ հոդվածի վերնագիրն ընթերցելիս կարող էր ստեղծվել թյուր պատկերացում, թե լուսաբանված դատաքննության շրջանակներում վեճի հիմնական առարկան հենց այն արտահայտությունն է, որը շարադրված էր վերնագրում, ինչպես նաեւ տպավորություն ստեղծվել լրագրողի կողմնակալ լինելու մասին:

Տեղեկատվական վեճերի խորհուրդՇուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ Մանանա Ասլամազյան -«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրենԲորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահԱրամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրԱրա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

Skip to content