2011թ. հուլիսի 21-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է իր կարծիքը “ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ “Իրավունք” թերթի” գործի վերաբերյալ:

 

1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

22.02.2011թ. ՙԻրավունք՚ թերթի թիվ 13 համարում հրապարակվել է “Կլորիկ գումա՞ր է կրվել” վերնագրով հոդված ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի մասին:

Տիգրան Արզաքանցյանը դիմել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` դատարան)` դատարանից պահանջելով պարտավորեցնել “Իրավունք Մեդիա” ՍՊԸ-ին “Իրավունք” թերթում հրապարակել դատարանի վճիռը լրիվ կամ մասնակի, պարտավորեցնել թերթին հրապարակել հոդվածի առնչությամբ իր կողմից ներկայացված պատասխանը, “Իրավունք Մեդիա” ՍՊԸ-ից բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում վիրավորանքի և զրպարտության հետևանքով իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի դիմաց և 568.000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում իր կողմից կատարված դատական ծախսերի դիմաց: 24.06.2011թ. դատարանը կայացրել է վճիռ (դատավոր` Ռ. Ափինյան), որով ամբողջությամբ մերժել է հայցը անհիմն լինելու հիմքով: 

 

2. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

Նկատի ունենալով, որ Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթն է զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ վեճերով խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացությունների կազմումն ու հրապարակումը` Խորհուրդը որոշել է սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել վիճարկվող հոդվածները և հրապարակել իր մասնագիտական եզրակացությունը:

 

3. ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն. “Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք…: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցովª անկախ պետական սահմաններից: 

Լրատվամիջոցների և տեղեկատվության այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է…”:

 

ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի համաձայն. “Մարդու և քաղաքացու` Սահմանադրության 27 հոդվածով…ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում…այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար…: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները”:

 

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` ՄԻԵԿ կամ Կոնվենցիա) 10-րդ հոդվածի համաձայն. “1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից: Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում:

2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ընթացակարգերով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` … այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով”:

  

ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածից և ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածի 2-րդ մասից բխում է, որ անձի արտահայտվելու ազատությունը կարող է սահմանափակվել, եթե միջամտությունը` 

“նախատեսված է օրենքով”, “ծառայում է հոդվածում թվարկված “իրավաչափ նպատակներից” առնվազն մեկին, տվյալ դեպքում` անձի “պատվի և բարի համբավի” կամ “հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելուն” և “անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում”: 

 

Այս վերջին պայմանը պահանջում է, որպեսզի ՄԻԵԴ-ը որոշի, թե արդյոք գանգատի առարկա միջամտությունը բխո՞ւմ է “հրատապ հասարակական կարիքից”, արդյոք այն համաչա՞փ է իր առջև դրված “օրինական նպատակին”, և արդյոք իշխանությունների կողմից միջամտության արդարացման նպատակով առաջ քաշված պատճառները “վերաբերելի՞ են և բավարար”:

 

4. ՎԻՃԱՐԿՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

 

Վիճարկվող հոդվածի` հայցադիմումում մեջ բերված արտահայտությունների իրավաչափության գնահատումը հիմնված է ՀՀ Սահմանադրության, ՄԻԵԿ 10-րդ հոդվածի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի պահանջների վրա: 

 

Նշված որոշմանը հանգելիս դատարանն առաջնորդվել է խոսքի ազատության ժամանակակից սկզբունքներով, որոնք մշակվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից և արդեն մոտ երեք տասնամյակ կիրառվում են զարգացած ժողովրդավարական հասարակարգերում:

 

Դատարանի վճիռն ամբողջությամբ կառուցված է բախվող լեգիտիմ շահերի միջև անհրաժեշտ հավասարակշռություն սահմանելու սկզբունքի վրա` առանձնահատուկ կարևորություն տալով մամուլի հատուկ դերին ժողովրդավարական հասարակարգում: Դատարանը փորձել է հավասարակշռել անձի հեղինակության պաշտպանության իրավունքը լրատվամիջոցի ազատ արտահայտվելու և հանրության տեղեկատվություն ստանալու իրավունքների հետ և արդյունքում հանգել է այն եզրակացության, որ տվյալ գործի հանգամանքների ներքո գերակայում են վերջին երկուսը: 

 

Լրատվամիջոցի ազատ արտահայտվելու և հանրության տեղեկատվություն ստանալու իրավունքներին գերակայություն տալով` դատարանն առաջնորդվել է այն գաղափարով, որ հանրությունը ցանկանում է տեղեկացված լինել իր քաղաքական գործիչների մասին, որը կարող է ներառել նաև անձնական կյանքի մասին միջամտող բնույթի, մասնավորապես` վարքագծի դրսևորումների մասին հավասարակշռված տեղեկատվությունը լրատվամիջոցի կողմից: Թեև անվիճելի է, որ անձնական կյանքի պաշտպանության իրավունք ունեն բոլորը, այդուհանդերձ, դատարանը համարել է, որ էական է այն հանգամանքը, թե արդյոք լրատվական նյութը վերաբերել է մի անձի, ով շարունակում է պաշտոնավարել և իրականացնել պաշտոնեական գործառույթներ: Դատարանը հանգել է այն եզրահանգման, որ նման դեպքերում պաշտոնավարող քաղաքական գործիչները պետք է ակնկալեն անձնական կյանքի առավել նվազ պաշտպանություն, քանի որ նրանց յուրաքանչյուր գործ և խոսք գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում և հանրությունը, ցանկանալով տեղեկացված լինել իր քաղաքական առաջնորդների մասին, իրականացնում է տեղեկություններ ստանալու իր իրավունքը, որն իրավաչափ շահ է: Դատարանը հանրության տեղեկություն ստանալու իրավունքը գերադասել է անձի անձնական կյանքի, տվյալ դեպքում հեղինակության պաշտպանության իրավունքից, ինչը, կարծում ենք, միանգամայն օրինաչափ մոտեցում է: 

 

Ողջունելի է այն հանգամանքը, որ վիճահարույց յուրաքանչյուր արտահայտության իրավաչափությունը գնահատելիս դատարանը հաշվի է առել համատեքստը, որի ներքո տվյալ բառը կամ արտահայտությունն օգտագործվել է լրագրողի կողմից: Նման մոտեցումը դատարանին հնարավորություն է տվել պաշտպանել չափազանցված խոսքը: Նշվածը նոր մոտեցում է ՀՀ դատական պրակտիկայում` առնվազն տեղեկատվական վեճերի վերաբերյալ դատական պրակտիկայում: Օրինակ, գնահատելով ՙթրև գալ՚ արտահայտության իրավաչափությունը, դատարանը հաշվի է առել, որ նշված արտահայտությունն օգտագործվել է ոչ թե ինքնանպատակ, որի դեպքում կարող էր խնդիր առաջանալ լրագրողական վարքագծի տեսանկյունից, այլ աշխատողներին ժամանակին աշխատավարձ չվճարելու հանգամանքը և Ազգային ժողովի պատգամավորի` խաղատներ հաճախակի այցելելու երևույթը քննադատելու նպատակով` դրանով իսկ քննադատությունն ուղղելով քաղաքական գործչի գործողությունների, այլ ոչ թե բացառապես նրա անձի վրա: Նշված հանգամանքով էր պայմանավորված դատարանի որոշման այն մասը, որում դատարանն իր պաշտպանության տակ է առել այնպիսի լրատվական նյութ, որի ճշմարտացիությունը լրատվամիջոցը չի կարողացել հիմնավորել դատաքննության ընթացքում: Սա անելիս դատարանը հաշվի է առել, որ տվյալ դեպքում լրատվամիջոցը ակնհայտորեն նպատակ չի հետապնդել արատավորել հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, որը զրպարտության և վիրավորանքի անհրաժեշտ տարր է: 

 

Իրերը գնահատելով իրենց համատեքստում` դատարանը հաջողությամբ կիրառել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի բարձր չափանիշը, այն է, որ յուրաքանչյուր դեպքում լրատվամիջոցի ազատ արտահայտվելու իրավունքի միջամտության անհրաժեշտության հարցը պետք է գնահատվի ելնելով այն սկզբունքից, թե արդյոք միջամտության համար առկա է հասարակական սուր պահանջ և թե արդյոք նման միջամտությունն ՙանհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՚: Նման մոտեցումը ցույց է տալիս, որ դատարանը տվյալ վեճը դիտել է ոչ միայն մրցակցող անհատական շահերի, այլ նաև հանրային շահի տեսանկունից: Այսպիսով, որոշումը կայացնելիս դատարանը դուրս է եկել մրցող կողմերի նեղ անձնական շահերի շրջանակներից և կայացրել այնպիսի որոշում, որը բարենպաստ հետևանք է առաջացրել ողջ հանրության համար: 

 

Գնահատելի է նաև այն հանգամանքը, որ դատարանը նախընտրել է պատասխանող լրատվամիջոցի համար հստակեցնել հերքման և պատասխանի հրապարակման համար օրենսդրական պահանջները, քանի որ այս առումով դատարանը նկատել է, որ հերքման և պատասխանի հրապարակման վերաբերյալ պատասխանող լրատվամիջոցի դատարան ներկայացրած պնդումները առերևույթ հակասում էին օրենքի պահանջներին: 

 

5. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդը գտնում է, որ դատարանի վճիռն ամբողջությամբ համապատասխանում է ներպետական և միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքներին, իսկ վիճարկվող հոդվածի` հայցադիմումում մեջ բերված արտահայտությունների իրավաչափությունն ամբողջությամբ գնահատված է դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության, ՄԻԵԿ 10-րդ հոդվածի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի համաձայն:

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ 

Մանանա Ասլամազյան -“Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ” ծրագրի տնօրեն

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — “Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր

Արա Ղազարյան — “Արնի Քնսալթ” փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

 

Skip to content