2013 թվականի մաայիսի 21-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է իր կարծիքը Ժողովուրդ թերթի խմբագրություն ՍՊԸ-ն ու լրագրող Սոնա Գրիգորյանն ընդդեմ Խաչիկ Խաչատրյանի գործի վերաբերյալ:

1. Գործի հանգամանքները

 

2010 թվականի դեկտեմբերի 11-ին “ժողովուրդ” թերթի խմբագրությունը հրապարակել էր տեղեկություն, համաձայն որի` ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը տուգանել էր “Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա”-ի ղեկավար Խաչիկ Խաչատրյանին՝ ֆաբրիկայի կողմից հայկական շուկայում ժամկետանց հավկիթներ իրացնելու համար։ Այս հարցերի շուրջ “Ժողովուրդ” թերթի թղթակից հայցվոր Սոնա Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Խաչիկ Խաչատրյանի հետ, որի ընթացքում վերջինս վիրավորել է լրագրողին՝ նրա հասցեին հնչեցնելով անպարկեշտ արտահայտություն: 

 

Լրագրողը և թերթի խմբագրությունը հայցադիմումով դիմել են Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ  Խաչիկ Խաչատրյանի` պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտության համար ներողություն խնդրելու պահանջի հիմքով: Դատաքննության ընթացքում պատասխանողն ընդունել է լրագրողի հասցեին  վիրավորական արտահայտություն հնչեցրած լինելու փաստը, սակայն դատարանից խնդրել է կարճել քաղաքացիական գործը, քանի որ վիճահարույց արտահայտությունը չի ասվել հրապարակայնորեն, այլ մասնավոր հեռախոսազրույցի ընթացքում, մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը, որի հիմքով հայցվորները դիմել էին դատարան, տարածվում էր միայն հրապարակայնորեն հնչեցված խոսքի վրա: Հայցվորները, ի տարբերություն, գտնում էին, որ էական էր այն հանգամանքը, որ վիրավորական արտահայտությունը հնչեցնելու պահին պատասխանողը գիտակցում էր, որ հեռախոսով արտահայտած իր մտքերը հրապարակվելու էին, ինչպես նաև, որ ինքը ձգտում էր հրապարակայնություն հաղորդել իր մտքերին: Նշված հանգամանքները, ըստ հայցվորների, հիմք էին երկկողմանի հեռախոսազրույցի ընթացքում հնչեցված խոսքը հրապարակային համարելու համար: 

 

2013թ. ապրիլի 29-ին դատարանը մերժել է հայցն ամբողջությամբ՝ որոշելով, որ հնչած արտահայտությունը չի կատարվել հրապարակայնորեն, մինչդեռ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը կիրառելի է միայն հրապարակային արտահայտությունների նկատմամբ:  

 

2. Եզրահանգում

 

Վիրավորանքի և զրպարտության նորմերի ապաքրեականացումից և դրանք քաղաքացիաիրավական հարաբերությունների դաշտ բերելուց ի վեր հնչել են բազմաթիվ կարծիքներ հանրության տարբեր խմբերի կողմից, որ անձի պատիվն ու արժանապատվությունը անհրաժեշտ է պաշտպանել ոչ միայն հրապարակային, այլ նաև զրպարտող ու վիրավորական բնույթի ոչ հրապարակային հայտարարություններից, և որ այդ իմաստով Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը չի տրամադրում իրավական պաշտպանության լիարժեք հնարավորություն:  

 

Այդ մասին իր մտահոգությունն է հայտնել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը 2011թ. հոկտեմբերի 13-ին Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումի մեջ՝ նշելով, որ նման պայմաններում անձինք զրկվում են իրենց “պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը ոչ հրապարակային արատավորելու դեպքերում իրավական պաշտպանության հնարավորությունից” (Տե՛ս ՍԴՈ-997 որոշումը, § 2):  Ի պատասխան Մարդու իրավունքների պաշտպանի՝ վերը արտահայտած մտահոգությանը, Սահմանադրական դատարանը ՍԴՈ-997 որոշման մեջ արտահայտել է կարծիք, ըստ որի՝ նշված հանգամանքը “ոչ թե օրենսգրքի տվյալ հոդվածի, այլ ընդհանուր իրավակարգավորման բաց է, և այն հաղթահարելու համար ՀՀ Ազգային ժողովն իր իրավազորության շրջանակներում առանձին քննարկման առարկա պետք է դարձնի ոչ հրապարակային վիրավորանքից պաշտպանության իրավական կանոնակարգման խնդիր” (Տե՛ս ՍԴՈ-997 որոշումը, § 8):  Անցել է արդեն տևական ժամանակ, սակայն Ազգային ժողովը դեռ չի կատարել Սահմանադրական դատարանի որոշումը: 

 

Առկա է օրենքի բաց, որի պայմաններում քաղաքացիները, այդ թվում նաև լրագրողները, զրկված են իրավական պաշտպանության հնարավորությունից: Սույն դատական վեճն արդեն երկրորդն է, որի պայմաններում լրագրողը, ունենալով ապացույց իր նկատմամբ վիրավորական բնույթի արտահայտության մասին, զրկված է իրավական պաշտպանության որևէ հնարավորությունից իր արժանապատվությունը պաշտպանելու համար (Տե՛ս Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.06.2011թ.օրինական ուժի մեջ մտած վճիռը թիվ ԵԱՆԴ 0251/02/11 գործով):  Նման իրավիճակն անհանդուրժելի է ժողովրդավարական հասարակությունում: 

 

Մինչդեռ օրենսդրական բացը նույնպես կարող է բարձրացնել հակասահմանադրականության խնդիր: Այդ մասին առկա է Սահմանադրական դատարանի դիրքորոշում, որն իր թիվ ՍԴՈ-914 որոշման մեջ արտահայտել է հետևյալ կարծիքը. “օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ…կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը”։   Մեզ հայտնի չէ որևէ իրավական նորմ, որի հիմքով քաղաքացիները կարող են հայցել իրավական պաշտպանություն վիրավորական կամ զրպարտող բնույթի ոչ հրապարակային հայտարարություններից: 

 

Հաշվի առնելով վերը նշվածը, Խորհուրդը. 

 

Կոչ է անում Ազգային ժողովին կատարել Սահմանադրական դատարանի ՍԴՈ-997 որոշումը և իր իրավասության շրջանակներում  քննարկման առարկա դարձնել ոչ հրապարակային վիրավորանքից պաշտպանության իրավական կանոնակարգման խնդիրը:  Հաշվի առնելով Ազգային ժողովի անգործությունը, “Ժողովուրդ” օրաթերթի խմբագրություն ՍՊԸ-ի և լրագրողի կողմից առաջին ատյանի դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու պարագայում` կոչ է անում վերաքննիչ դատարանին կասեցնել գործի վարույթը և դիմել ՀՀ սահմանադրական դատարան ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի “§2.1. Պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները” պարագրաֆի սահմանադրականությունը վիճարկելու դիմումով, այնքանով որքանով չի նախատեսում անձին հասցված ոչ հրապարակային վիրավորանքից պաշտպանության միջոց:

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

 

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար)–Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ

Մանանա Ասլամազյան-“Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ”

ծրագրի տնօրեն

Բորիս Նավասարդյան-Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան-“Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր

Արա Ղազարյան-“Արնի Քնսալթ” փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

 

 

Skip to content