2013 թվականի հուլիսի 9-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է ՏՎԽ կարծիքը Հարություն Սարգսյանի կողմից «Ցայգ» հեռուստաընկերության դեմ բերված հայցի վերաբերյալ:

1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ Հարություն Սարգսյանը մեղադրվում է Գյումրու նախկին քաղաքապետի դստեր նշանածի սպանության մեջ։ Ներկայումս գտնվում է խափանման միջոց կալանքի տակ։ Նրա դեմ հարուցված քրեական գործով դատական վարույթը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է 07/12/2012թ.-ին, իսկ 27/12/2012թ.-ին կայացել է առաջին դատական նիստը։ Ներկայումս դատական քննությունն առաջին ատյանի դատարանում ընթացքի մեջ է։ 2012 թվականի դեկտեմբերի 27-ին Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական հաղորդաշարի ընթացքում նշված գործով դատական քննությունը լուսաբանելիս հնչել են հետևյալ արտահայտությունները.

«…Հարություն Սարգսյանը «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում առանձնակի դաժանությամբ սպանել էր Գյումրու նախկին քաղաքապետի դստեր նշանած Կարեն Եսայանին…»:

2012թ. դեկտեմբերի 31-ին tsayg.am կայքում «Ցայգ» հեռուստաընկերությունը հայտարարել է, որ ««առանձնակի դաժանությամբ սպանել» ձեւակերպումը չի համընկնում «Ցայգ» հեռուստաընկերության տեսակետների եւ կարծիքների հետ, այլ վերցված է Կարեն Եսայանի ծնողների կողմից 2012թ-ի սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահին հասցեագրված նամակից» (Տես` http://tsayg.am/qaxaqakanutyun/2253-ee.html)։  

2013թ. հունվարի 23-ին Հարություն Սարգսյանը դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով պարտավորեցնել հեռուստաընկերությանը հրապարակային ներողություն խնդրել և փոխհատուցել 300,000 դրամ պատվին և արժանապատվությանը հասցված ոչ նյութական վնասի դիմաց։ Դատաքննությունը ներկայումս ընթացքի մեջ է նույն դատարանում։

2. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ Անմեղության կանխավարկածը ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածով սահմանված հիմնարար իրավունք է և ո´չ Սահմանադրությամբ, և ո´չ էլ որևէ օրենքով այս իրավունքից որևէ նահանջ սահմանված չէ։ Հետևաբար, լրատվամիջոցները, ինչպես նաև ՀՀ իրավազորության ներքո բոլոր անձինք ու կազմակերպությունները, պարտավոր են պարզապես հարգել այս իրավունքը՝ անկախ որևէ հանգամանքից։ Տվյալ դեպքում հեռուստատեսության այն փաստարկը, որ հրապարակային հայտարարության հիմքը եղել է երրորդ անձի հայտարարությունը, չի կարող անմեղության կանխավարկածի խախտումը վերացնող հիմք լինել։ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասով սահմանված իրավակարգավորումը, համաձայն որի անձը կարող է ազատվել պատասխանատվությունից, եթե իր արտահայտած փաստացի տվյալները այլ անձի կողմից կատարված հայտարարության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, վերաբերում է միայն վիրավորանքի ու զրպարտության եղանակով անձի պատվի ու արժանապատվության արատավորման դեպքերին, մինչդեռ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է անմեղության կանխավարկածին, որն առանձին, ինքնուրույն կատեգորիա է և որպես այդպիսին Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի իրավակարգավորումից դուրս է։ Ընդհանրապես, և´ օրենսդրության, և´ ավանդույթների ուժով Հայաստանի Հանրապետությունում անմեղության կանխավարկածը դիտվում է միայն որպես քրեադատավարական կատեգորիա, ու թեև Սահմանադրական այս երաշխիքը շատ հաճախ խախտվում է քաղաքացիաիրավական հարաբերություններում, Քաղաքացիական օրենսգրքում բացակայում է որևէ մեխանիզմ այս իրավունքի պաշպանության համար։ Ավելին, Քաղաքացիական օրենսգրքով անմեղության կանխավարկածն ընդհանրապես չի համարվում քաղաքացիական իրավունքի պաշտպանության օբյեկտ։ Արդյունքում, անմեղության կանխավարկածի խախտման դեպքում քաղաքացիները դատարան են դիմում վիրավորանքից ու զրպարտությունից պաշտպանվելու համար նախատեսված հոդվածի՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդված հիմքով, որի առարկան ու նպատակը բոլորովին այլ է և այդ պատճառով այս հոդվածը արդյունավետ իրավական պաշտպանության մեխանիզմ չէ։ Այս իմաստով որպես օրինական կարող է լինել մեղադրյալ Գևորգ Հայրապետյանի կողմից հարուցված քաղաքացիական գործի ճակատագիրը (Տես` ՏՎԽ թիվ 11 Կարծիքը

Ելնելով վերոնշյալից, Խորհուրդը գտնում է, որ «Ցայգ» հեռուստաընկերությունը խախտել է Հարություն Սարգսյանի անմեղության կանխավարկածը` կատարելով մեղքի մասին հրապարակային հայտարարություն այնպիսի պայմաններում, երբ հայտարարության կատարման պահին Հարություն Սարգսյանի մեղքը հաստատված չէր օրինական ուժի մեջ մտած դատավճռով։  Խորհուրդը նաև գտնում է, որ անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետությունում անմեղության կանխավարկածի խախտումից պաշտպանվելու համար բացակայում է իրավական պաշտպանության հնարավորություն, լրատվամիջոցները պարտավոր են հարգել այս իրավունքը և դրսևորել պատշաճ զսպվածություն կոնկրետ գործով նախաքննությունը կամ դատաքննությունը լուսաբանելիս։

Տեղեկատվական վեճերի խորհուրդՇուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) -Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ  Մանանա Ասլամազյան -«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրենԲորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահԱրամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրԱրա Ղազարյան — «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն  

Skip to content